Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է հասկանա, որ մարդկային խիղճը երբեք ինքն իրեն ուշքի չի գալու»

Փետրվար 29,2020 14:30

Գինեգործության եւ կոնյակագործության ոլորտում ընթացող զարգացումների մասին զրուցել ենք գինեգործ, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ:

-Ի՞նչ զարգացումներ կան խաղողագործության, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտում: Սեպտեմբեր-հոկտեմբերի մթերումներից անցել է շուրջ 6 ամիս, բայց այդպես էլ չի հրապարակվում, թե հանրապետությունում ինչքան խաղող է արտադրվել, ինչքան՝ մթերվել:

-Այս առումով կան երկու խումբ խնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն է մնացել, մի մասն էլ՝ այս իշխանությունների գործունեության ծնունդն է: Գործող իշխանությունը զրոյից խնդիրներ չի ստեղծել, ուղղակի եղած խնդիրների մեջ խորամուխ չլինելը առաջացրել է նախկիններից սերված նոր խնդիրներ: Ինչ վերաբերում է մթերումներին: Վարչապետ  Կարապետյանը փորձեց «թույլատրելի սահմաններում», համակարգի համար անցավ մաքրել կեղծիքները: Արդյունքում 50-60 հազար տոննայով նվազեց մթերված բերքը` հավասարվելով 200-210 հազարի: Հայտարարվում էր, որ գործընթացը շարունակվելու է: Հեղափոխությունից հետո այսօրվա ղեկավարությանը ներկայացվեց իրավիճակը: Բայց իրենք կտրուկ գործողությունների չգնացին, հուսալով, որ հեղափոխական էյֆորիայի շնորհիվ դաշտը կինքնամաքրվի: Էյֆորիան չաշխատեց եւ 2018թ.-ին կեղծիքը կրկնվեց: Իշխանությունները 2019թ.-ին սկսեցին նախկին 15-20 տարիներին գործող մեխանիզմով (որով կեղծվում էր ամբողջ իրականությունը), հավաքել մթերումներին վերաբերող թվերը:  Արդյունքում ունեցան 200-220 հազար տոննա մթերման մասին հավաստումներ (ինչքան որ նախկինում էր), որը չբարձրաձայնեցին, քանի որ մենք բացատրեցինք, որ այդ թիվը իրականությունից հեռու է: Թիվ չհրապարակվեց, մինչեւ կհասկանային ինչպես վարվել, կգտնեն թնջուկային հանգույցը: Սկսվեցին ստուգումներ ռիսկային կետերում: Թիվը նվազեց մինչեւ 160-170 հազար տոննայի: Մի կողմից կառավարությունը սկսեց հեղափոխական գյուղապետերի միջոցով ճշտել այգիների ռեալ տարածքները, մյուս կողմից՝ հստակեցնել  մթերումների ռեալ քանակները: Արդյունքում 15-20 հազար տոննայով եւս նվազում արձանագրվեց: Ստացվեց 140 հազար տոննա մթերում: Բայց քանի որ իրենք 160 հազարից ներքեւ չեն ֆիլտրել, չեն կարող 140 հազար թիվը հրապարակել: Իմ համոզմամբ, իրական թիվն ընկած է 110-ից 140 հազար տոննայի արանքում: Պարզվեց նաեւ, որ այգետարածքները ոչ թե 14 հազար հա են, ինչպես կա պաշտոնական վիճակագրությունում, այլ 12: Այդ դեպքում ավելի ռեալ է 110 հազարը: Շուկայի լուրջ, կեղծիքների չգնացող մթերողները կարծում են, որ այդ թիվն իրականում 100 000 տոննա է:

-Եղած այգիների շուրջ  15%-ը սեղանի սորտեր են: Ստացվեց, որ վերամշակման ենթակա սորտերի տարածքը 10000 հա էլ չի կազմում, որ 10 տոննա միջին բերքի դեպքում ունենում ենք 100 հազարից պակաս խաղող, որից մի քանի հազարը տան պայմաններում են մշակում: Ավելի ռեալ է 90 հազար տոննան:

-Սեղանի խաղողի մի մասը գնում է վերամշակման: Բացի այդ, բավականին շատ տնտեսություններ ստանում են հա-ից 20 տոննա եւ ավել:

Ես կարծում եմ, որ 100 հազարը մի քիչ վիճելի, բայց ընդունելի թիվ է: Կառավարությունն արդեն իրավիճակը հասկանում է, բայց քանի որ փորձ ու ցանկություն չունի  ամենուր միաժամանակ ճշմարտությունը գտնելու, խուսափում է մտնել կոնֆլիկտների մեջ: Ես կարծում եմ, որ անցած տարվա մթերումների  թիվը «կձգեն» մինչեւ 2020-ի թվի հրապարակումը:  Հիմա փորձում են «հասկանալ» վաճառքի ծավալների թվաբանությունը: Պաշտոնապես արտադրում ենք 10-11 մլն լիտրի չափով գինի: Արտահանվում է 2-3 մլնը: Բոլոր արտադրողները միասին, իրենց իսկ ներկայացմամբ  վաճառում են 5-6 մլն շիշ: Արդյունքում «2+2-ը» մեկ ստացվում է 6, մեկ՝ 8:  Առաջ կեղծիքի մեխանիզմը շատ հստակ էր: 6-7 տարի առաջ էժան օղու վրա  գինու ակցիզ էին «սղղացնում»: Հետո խստացվեց: Հիմա արտադրված կոնյակի 93-95%-ը 3-4-րդ տարիներին է վաճառվում, բերքի հազիվ 3-4%-ն է մնում հնացման տակ: Բայց հնացման տակ եղած կոնյակի ռեզերվ միշտ եղել է: Այդ դեպքում հստակ կարելի է ասել, որ բերքի 95%-ը հատկացվել է կոնյակի ստացմանը եւ այսօր էլ կոնյակի ծավալները կայուն աճում են:

-2016-2017թթ.-երին Կարեն Կարապետյանի շնորհիվ հրապարակվել է խաղողի բերքի ամենացածր ցուցանիշը: Երեք-չորս տարի անց, երբ երեք տարվա հնեցման դրվածը  կոնյակ է դառել, ավելի մեծ ծավալներ է արձանագրվում, քան նախկին տարիներին: Ավելի քիչ խաղողի մթերման դեպքում ավելի շատ կոնյակ է արտադրվել:

-2016-17-ին կեղծիքը չմաքրվեց մինչեւ վերջ եւ դա չմաքրված կեղծիքի մնացորդներն է:

-Բայց կեղծիքի տակ խաղողը չկար, դատարկ թվեր էին: Չեղած խաղողի, հրապարակված թվերի տակ հիմա շարունակում են կոնյակ էլ ցույց տալ: Խաղողը չկար, բայց չեղած խաղողից եղած կոնյակ կա, ո՞նց հասկանալ:

-Գուցե  հին ռեզերվներից են սկսել հանել: Անկեղծ ասած ոչ ոք չգիտի, թե իրականում կոնյակի շուկայում  ինչ է կատարվում: Մինչեւ հեղափոխությունը իրականում չմթերված, բացակա խաղողի տակ դրվում էին ներմուծված կեղծ սպիրտ, ներմուծված մաքուր սպիրտ, այստեղ արտադրված կեղծ և մաքուր սպիրտ. 4 ատրիբուտ էր շրջանառվում շուկայում: Վերջին փուլում արդեն չկարգավորվող, բրոունյան շարժում էր այդ ոլորտում, որ վեր էր ածվել գորդյան հանգույցի, որի բացման գաղտնիքը գիտեին ընդամենը 3-4 հոգի, «ճարտարապետները»: Բայց թվաբանություն իմացող ցանկացած մեկը այս ոլորտին վերաբերող 2+2-ի դեպքում երբեք 4 չի ստանում: իսկ գործող  կառավարությունն իրավիճակից իրականում այնքան էլ գլուխ չի հանում ու այդքանով հանդերձ  խուսափում է աշխատել  պրոֆեսիոնալների հետ: Կառավարությունը փորձում է ցույց տալ, որ դաշտը մաքրում է կեղծ կոնյակներից, հասկանում է, որ այսուհետ պատասխանատուն ինքն է, դրա համար էլ փորձում է շուկան մաքրել:  Դա կբերի նրան, որ աստիճանաբար մեր մասնաբաժինը ռուսական շուկայում կնվազի, իսկ կեղծ արտադրանքը դուրս կմղվի այդ շուկայից:

-Վերջերս, մարդը, որ զբաղվում էր կեղծ խմիչքի արտադրությամբ ու վաճառքով, պատմում էր, որ ոլորտում գրեթե ոչինչ չի փոխվել: Գործարանները, նաեւ ինքը, շարունակում են գնել կեղծ սպիրտն ու մյուս ատրիբուտները: Պարզապես կեղծ ապրանքների գների բարձրացում է արձանագրվել: Մյուս կողմից էլ, նախկինի համեմատությամբ, խաղողի մթերումների ծավալները շատ չեն մեծացել: Գործարանը, ինչպես նախկինում, համարյա մթերում չի իրականացրել, բայց կոնյակ արտադրել է, արտադրում է եւ արտադրելու է:

-Հատկապես մեծ արտադրողների մոտ շատ բան փոխվել է: Փոքր կեղծարարները շարունակում են մնալ այդպիսին: Մեծերի մոտ կեղծիքների ծավալը նվազել է: Որոշները, որ նախկինում ամբողջությամբ կեղծիքի վրա էին, արդեն երկրորդ տարին է, որ մթերում են խաղող:

-Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, ինչ այս օրերին տեղի են ունենում Վրաստանում, երբ իրենց տարածքում իրավունքը չունենալով հանդերձ, փաստացի կալանել են դեպի ՌԴ լիտրով կոնյակ տեղափոխող  հայկական մեքենաները ու կոնյակն ուղարկում են Գերմանիա ստուգման, պնդելով, որ կեղծ է, հաստատում են իմ միտքը:  Վրացիք, եթե վստահ չլինեին, որ կոնյակը կեղծ է, երբեք չէին համարձակվի նման անօրինականության գնալ, որը կարող է  միջպետական լուրջ խնդիրներ առաջացնել:

-Վրաստանում ստուգումներ եղել են նաեւ անցյալում, բայց դա կրել է էպիզոդիկ բնույթ: Խառնվել են պաշտոնատար անձինք եւ հարցը լուծվել է, որովհետեւ ներմուծված կեղծ սպիրտների իրացման մենաշնորհը պատկանում էր շատ վերեւներում գտնվող որոշ մարդկանց: Հիմա պատկերը փոխվել է: Կտրուկ ավելացել են վրացական ստուգումների թիվը: Պաշտոնապես կարծես թե պատճառը չի հայտարարվել: Սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ խոսքը գնում է «մաքսանենգ» արտադրանքի ծավալների կտրուկ աճի մասին: Ֆորմալ առումով նրանք ճիշտ են, քանի որ կեղծիքի առկայության դեպքում այդ ապրանքը չի հանդիսանում, այն ինչ հայտարարագրվում է որպես տարանցիկ բեռ:

Իրականում վրացիները միշտ էլ գիտեին ինչ է կատարվում լիտրերով վաճառվող ապրանքների հետ: Չէին միջամտում, նախ այն պատճառով, որ իրենց դա խնդրում էին, եւ որ առավել կարեւոր է, այդ սխեմաներում կար նաեւ վրացական ծագմամբ սպիրտ: Հիմա ինչ-ինչ պատճառներով, որոշել են պատժել գործարքի կողմերին: Պատճառները պետք է փնտրել նախ վրացական կեղծ ու ոչ կեղծ սպիրտների ծավալների փոքրացման եւ իհարկե հիմնականում՝ վրաց-ռուսական տնտեսաքաղաքական հարաբերություններում:

Հայ-վրացական միջպետական հարաբերություններին սա չի վերաբերում: Ընդհակառակը, ինչքան քիչ արտահանվի Հայաստանից լիտրով սպիրտ եւ կոնյակ, այնքան շատ արժեք կգեներացվի Հայաստանում, լրացուցիչ հարկեր կառաջանան, կբացվեն նոր աշխատատեղեր: Սրանով է բացատրվում նաեւ այն փաստը, որ այստեղից որեւէ միջամտություն չի նշմարվում:

-Ձեր նշած մեծերից որոշները խաղողը մթերում են ու որոշ ժամանակ անց հյութը ծախում նույն վրացիներին: Դա բոլորի աչքի առաջ է լինում: Մյուս կողմից, վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է մրգային գինիների արտադրությունը: Կառավարությունն էլ բազմիցս որպես հաջողություն է ներկայացրել մրգային գինիների արտադրության աճը: Իրականում մրգային գինիներ արտադրող գործարաններում մրգի մթերում գրեթե չի լինում: Որտեղի՞ց, ինչի՞ց  են ստանում այդ գինիները:

-Այստեղ վտանգավոր գործընթացներ են զարգանում: Նախ. արդյո՞ք մեզ պետք են այդքան  մրգային գինիներ: Ակնհայտ է, որ դրա հումքը չունենք, ինչից հետեւում է, որ դրսից միրգ է ներկրվում:

-Մրգի հումքային բազա միանշանակ ունենք: Ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր տոննաներով մրգի ավելցուկ ունենք: Ինչ վերաբերում է դրսից եկող մրգին, ես մտածում եմ, որ ինչպես կոնյակի դեպքում, գուցե այստե՞ղ էլ ամեն ինչ կեղծվում է:

-Այդպես չի, ունենք: Այլ հարց է, թե դրսից բերվող միրգը որքանով է լավ մեզ համար: Ինչքանով կազդի մեր գյուղատնտեսության վրա: Եթե խաղողի մասով համաշխարհային մասնագիտական հանրությունը կարողանում է ինչ որ չափով կեղծիքները հսկել, մրգային գինիների մասով կեղծիքները անվերահսկելի են: Մրգային օղիների մասով՝ առավել եւս: Թողնված է արտադրողի խղճի վրա:

-Ի՞նչ է լինելու այդ դեպքում:

-Այդ դեպքում պետք է կառավարությունը հասկանա, որ մարդկային խիղճը երբեք ինքն իրեն ուշքի չի գալու եւ այդ խնդիրներով պրոֆեսիոնալների մակարդակով զբաղվի:

Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829