Մեսրոպ Մովսեսյանը՝ Տիգրան Հակոբյանի՝ «Ա1+»-ի հարցով հայտնած դիրքորոշման մասին
Մարտի 13-ին տեղի կունենա «Ա1+» հեռուստաընկերությունն ընդդեմ ՀՀ կառավարության գործով առաջին դատական նիստը: ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության։
«Առավոտը» «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ կարող է այդ գործը նախադեպային լինել Հայաստանում մամուլի ազատության ոլորտում վարվող քաղաքականության հետ կապված: Մեսրոպ Մովսեսյանն այս առիթով նշեց. «Իսկապես, այստեղ խնդիրը ոչ թե միայն «Ա1+»-ի վերաբերյալ է, այլ խոսքի ազատության, որը տուժել է 2002-ից մինչ օրս»:
Մեսրոպ Մովսեսյանն անդրադարձավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում արված դիտարկումներին: Տիգրան Հակոբյանը վերահաստատել էր, որ ՀՌՀ-ն, ինչպես գրավոր է պատասխանել, կարծում է, որ «Ա1+»-ի հետ կապված որոշումներում խախտում չկա եւ հայտարարել. «Հանձնաժողովն ուղարկել է իրավական պատասխան: Պետք է տարանջատել բարոյական եւ իրավական ասպեկտը: Բոլորի, հատկապես ինձ մոտ կասկած չկա, որ այն ժամանակ ընդունվել է քաղաքական եւ անարդար որոշում, շատ մերժելի որոշում՝ «Ա1+»-ը զրկել եթերից՝ 2002-ին, եւ հետո էլ որեւէ անգամ մրցույթի հաղթող նա չճանաչվեց»:
Կարդացեք նաև
Նա պնդեց, որ Եվրոպական դատարանի եզրակացությունում էլ չկա որեւէ կետ, որ հանձնաժողովն օրենքի որեւէ տարր է խախտել:
Ըստ Մեսրոպ Մովսեսյանի՝ Տիգրան Հակոբյանը ճիշտ է իր դիրքում, որ կան ակտեր եւ գնահատականների հաստատում, բայց միեւնույն ժամանակ նշեց. «Իհարկե, այդտեղ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ մեր հայցը ներկայացված է, որ առոչինչ ճանաչվեն հենց այդ կազմված ակտերը, որոնք իսկապես եղել են խախտումներով»:
Հետաքրքրվեցինք՝ սպասո՞ւմ էր, որ Տիգրան Հակոբյանը նման դիրքորոշում կհայտնի, «Ա1+»-ի տնօրենը պատասխանեց. «Տիգրան Հակոբյանի պնդումներն այնքանով էին համոզիչ, որ նա խոսեց օրենքի սահմանների մեջ, օրենքով պաշտպանված, չնայած, եթե նայենք ուրիշ կողմից, եթե վերլուծենք այն ամենը, ինչ կայացել է, նույն Տիգրան Հակոբյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ եղել են խախտումներ, ճնշում է եղել, դա քաղաքական որոշում է եղել: Ես ընդունում եմ միայն մի բան, որ քողարկվելով օրենքով՝ Տիգրան Հակոբյանը պաշտպանեց իր այսօրվա աթոռը»:
Մեր հարցին՝ իսկ ՀՌՀ այդ դիրքորոշումը կարո՞ղ է վնասել գործին, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ընդհանրապես չի կարող վնասել, եւ դա արդեն ակնհայտ ոչ որոշող խնդիր է գործի մեջ: Դա պահանջ է դատարանի կողմից, որը պատշաճ կատարել է Տիգրան Հակոբյանը՝ որպես չինովնիկ: Հայցը հենց այդ կազմված ակտերի դիմաց է. դրա դեմ ենք մենք բարձրացրել մեր հայցը, որ կատարվել են խախտումներ եւ պետք է վերականգնենք իսկությունը, ինչպես այսօր դատավարություն է գնում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որտեղ որեւէ ֆիքսած խախտում չկա 20 տարվա ընթացքում»:
Անդրադառնալով ժամանակին ՀՌԱՀ-ի՝ «Ա1+»-ի հետ կապված քվեարկություններին՝ Մեսրոպ Մովսեսյանը հավաստիացրեց, որ այդտեղ կա հակասություն ու պարզաբանեց. «Ո՞նց կարելի է ակտ կազմել մի բանի շուրջ, երբ հանձնաժողովի վեց անդամներից մեկը նշանակում է չորս, մյուսը՝ երեք եւ մնացածը նշանակում են զրո եւ մեկ: Այդտեղ մեծ հակասություն կա: Այդ հակասությունն էլ այն հիմքն է, որի շուրջ մենք արդեն հարց ենք բարձրացնում: Եղել է քաղաքական որոշում եւ ազդեցություն է ունեցել կազմված ակտերի վրա, որը մենք հիմա ուզում ենք վիճարկել»:
Մեր դիտարկմանը՝ մի՞թե նոր Հայաստանում գործում է հին ՀՌՀ, Մեսրոպ Մովսեսյանն այսպես արձագանքեց. «Հակադարձ հարցը կարող եմ բարձրացնել: Վերջին քսան տարում Հայաստանում որեւէ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ, ակտ կազմվե՞լ է խախտումների, գողության, թալանի վերաբերյալ, իհարկե՝ ոչ: Ուրեմն առոչինչ են ճանաչվում բոլոր ոտնձգություններն այն առումով, որ ժողովուրդն ասում է՝ խախտում կա, բոլորն ասում են խախտում կա եւ դատավարություններ էլ են սկսվել, ու այդ խախտումները որեւէ տեղ ֆիքսված չեն ակտերով: Որեւէ մեկը թող ինձ ցույց տա, որ Ռոբերտ Քոչարյանի վրա կազմվել է ակտ, որ ինքը այս որոշումը կայացրել է խախտումով, կամ ՍԴ-ն որոշում է կայացրել խախտումով: Կա՞ն նման ձեւակերպումներ, չկան: Դա նշանակում է, որ եղել է շրջան, որտեղ գերադասել են օրենքից բարձր մարդու անձը, եւ նա իր ուզածն է արել, մենք էլ դրա դեմ ենք պայքարում, որ վերականգնվի այն ամենը, ինչ արվել է ՀՌԱՀ-ի կողմից ժամանակին»:
Հարցին՝ հիմա նախադրյալներ տեսնո՞ւմ է, որ այս պահանջները կբավարարվեն, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Իհարկե, քանի որ ես մեծ հավատ ունեմ, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվել է. դա ինձ համար շատ կարեւոր է: 2002-ից մեր բոլոր դատերն ունեցել են մեկ վախճան՝ մեր պարտությունը: Այսօր ես հույս ունեմ, որ վերջապես իսկությունը ջրի երես դուրս կգա: Իմ ամբողջ անցյալը ցույց է տվել, որ եթե ես մի բան սկսում եմ, մինչեւ վերջ տանում եմ: Կեսից հետ դառնալու, ծախվելու, շուռ գալու բնավորություն չունեմ: Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Իսկ այն հարցին՝ մեր երկրում մամուլի ազատության հետ կապված ի՞նչ միտում է տեսնում, «Ա1+»-ի տնօրենն ի պատասխան վստահեցրեց՝ խոսքի ազատությունը մեր ձեռքերում է ու եզրափակեց. «Ոչ մեկից մի սպասեք, որ ինչ-որ մեկը դա կտա մեզ, ով էլ լինի ղեկավար: Մենք ինքներս մեզ պետք է ազատենք ճնշումներից: Եթե դու քեզ վրա ընդունում ես ճնշում, դա նշանակում է՝ չկա այդ ազատությունը, եթե չես ընդունում, դա նշանակում է, որ ազատ ես: Մամուլը պետք է գա այդ եզրակացության, որ պետք է չընդունի ճնշում: Եթե բոլորը միասին ճնշում չընդունեն, ճնշում չի կայանա: Շատ բան է փոխվել մեր երկրում, ճնշումներ չեն լինելու, բացառվում են դրանք, եթե հանկարծ, Աստված չանի, դրանք դրսեւորվեն, մենք ինքներս պետք է ճնշենք այդ ճնշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2020