Լրահոս
Օրվա լրահոսը

Պապ թագավո՞ր, թե՞ Նիկոլայ Ռիժկով

Փետրվար 29,2020 15:30

Սկիզբը՝ այստեղ:

Մանիպուլյացիա 5. հիմնարար արժեքների աղավաղում

Հերոս բառը փոխառություն է հունարենից: Հույները հերոս էին անվանում այն մարդկանց, ովքեր աստվածների նման կարող էին հրաշք գործել, եւ աստվածներից տարբերվում էին միայն մեկ բանով՝ մահկանացու էին: Բոլոր առողջ ժողովուրդները հենց այս մոտեցումն ունեին հազարամյակներ շարունակ. նրանք խիզախին, քաջին, հանդուգնին չէին շփոթում հերոսի հետ: Թեեւ քաջերն անում են այն, ինչ միջին վիճակագրական մարդիկ չեն հանդգնի, բայց, այնուամենայնիվ, հերոս չեն. հերոսն աստվածներին հատուկ հրաշք գործող խիզախն է, որը հաղթում է հրեշին, բացարձակ չարին, սատանային: Եվ քանի որ թե՛ նախկինում, թե՛ 21-րդ դարում կատարվող իրադարձություններին ժամանակակից մարդն իր կողքին ապրողին չէր ընկալում եւ չի ընկալում որպես բացարձակ հրեշ, ուստի՝ մեկ ուրիշին էլ՝  այդ հրեշին հաղթող, հետեւաբար հրաշքի ընկալումը կատարվում էր ժամանակի ընթացքում, երբ առասպելացվում էր մահկանացուի գործը:

Առանց հերոսների չկան ժողովուրդներ: Հերոսները պետք են, որպեսզի հրաշք կատարվի, որպեսզի նրանց արժեքները կրելու երազը չմարի, որպեսզի բարոյական ուղղորդիչներ լինեն, բայցեւ՝ չկռապաշտեցվեն: Քաղաքակիրթ ազգերը դրա համար լուրջ փիլիսոփայություն ու գեղարվեստ են զարգացրել: Նրանք ունեն պատերազմի հերոսներ, որոնց տրվող շքանշանների ու պատվանունների մեջ «ազգային հերոս» ձեւակերպում չկա: Ունեն ժամանակի՝ ընդօրինակման արժանի երեւելիներ, որոնց երբեմն հերոս են կոչում, բայց ոչ երկրի ղեկավարի հրամանագրով ազգային հերոսի կոչում տալիս: Քանի որ մենք բառի, տերմինի սահմանները չճանաչելու ենք վարժեցվում՝ մինչեւ անսահմանություն ընդլայնելով նրա սահմանները, կորցնում ենք համակարգ պատկերացնելու պարտադիր ունակությունը: Արժեքների աղավաղման, սահմանների լղոզման մանիպուլյացիան հենց այդ ունակության բթացման նպատակն է հետապնդում: Իսկ երբ կորցնում ենք հոգեւոր առանցքի ոսկրածուծը, ուղղորդիչները, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ ու սկսում հերոս ասելով հասկանալ մի կողմից՝ խիզախին, մյուս կողմից՝ սրբին, այն դեպքում, երբ ամենեւին պարտադիր չէ, որ հերոսը սուրբ լինի: Մի՞թե սուրբ չլինելով՝ դադարում են հերոս լինել հնարամիտ ու խաբեբա հունական Ոդիսեւսը, հրեական Հակոբը, ծուռ ու միամիտ հայկական Մհերներն ու Դավիթը: Արժեքների աղավաղման մանիպուլյացիան գցում է հոգեբանության կողմից վտանգավոր համարվող մաքսիմալիզմի մեջ: Իսկ մաքսիմալիստները ոչ միայն եղածը չեն կարողանում պահպանել, այլեւ «կորցնում են այն, ինչ կարծել են, թե ունեն»:

Խորհրդային հակաքաղաքակրթությունը, որը հազարամյակների էվոլյուցիային հակադրում էր իր հեղափոխական մտագարությունը, 1934թ.-ին առաջին անգամ «հերոսը» որպես կոչում շնորհեց ժամանակակից մի մահկանացուի՝ օդաչու Լյապիդեւսկիին: Հետո շիզոֆրենիան մոլեգնեց՝ եղան Խորհրդային Միության տասնյակ հազարավոր հերոսներ, որոշները՝ կրկնակի ու եռակի: Դրանով էլ չբավարարվելով՝ Խորհրդային Միությունը հետագայում հիմնեց նաեւ «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումը: Այժմ այդպիսի բան մնացել է միայն հետխորհրդային այն երկրներում, որոնք մինչ այժմ գտնվում են մեռած կայսրության հոգեւոր-մտային դաշտում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ միջինասիական հանրապետություններում: Դա ամենեւին չի նշանակում, թե մյուս երկրները չունեն իրենց ազգային հերոսները: Օրինակ՝ Ֆրանսիայի ազգային հերոսն է Ժաննա դ,Արկը, որի մասին բոլորս գիտենք: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զավեշտալի կլիներ, որ Ժաննա դ,Արկի զոհվելուց հետո այն ժամանակվա Կառլոս VII թագավորը, որի անունը միայն մասնագետները գիտեն, նրան Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում շնորհեր: Առավել զավեշտալի կլիներ, որ նույն Ժաննա դ,Արկին այդպիսի կոչում շնորհեր հետագայի, ասենք, Լյուդովիկոս XIV-ը կամ Էմիլ Լուբեն նախագահը, որոնց անունները եւս միայն գրքերում են մնացել: Կամ ասենք, մի՞թե զավեշտալի չէր լինի, որ Ֆրանսիայի խոնարհված պայծառությունը վերականգնած նախագահ Շառլ դը Գոլին Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում շնորհեր Ֆրանսուա Օլանդը, որի անունը պաշտոնավարումից նույնիսկ երեք տարի անց ժամանակակից ֆրանսիացիները հիշելու համար ջանք պիտի գործադրեն: Իսկ Ժաննա դ,Արկին եւ Շառլ դը Գոլին որեւէ ֆրանսիացի չի կարող չիմանալ. ֆրանսիական ժողովրդի հավաքական գիտակցությունը նորին մեծություն ժամանակի մեջ նրանց արդեն իսկ ճանաչել է ազգային հերոս: Մեր խայտառակությունն այն աստիճանի է հասել, որ ֆրանսիական դիմադրական շարժման մեր պանծալի հայրենակցի՝ Միսաք Մանուշյանի մասին գրում ենք, թե նա Ֆրանսիայի ազգային հերոս է, մինչդեռ Ֆրանսիայում նման կոչում չկա, չի կարող լինել, Ֆրանսիան Բելառուս կամ Ուզբեկստան չէ: Հիմա մե՞զ ենք խաբում, թե՞ ծիծաղի առարկա դառնում այլոց առջեւ: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում… ամենուր միայն պատվո շքանշաններ ու տարանուն տիտղոսներ են սահմանված, ոչ ավելին՝ ոչ ազգային հերոս:

Տարիներ առաջ ՀՀ Հիմնադիր-նախագահ Տեր-Պետրոսյանի շնորհիվ մենք իմացանք կամ վերհիշեցինք Եղիազար Այնթափցի կաթողիկոսի անունը, որը թեեւ ամեն տարի հրատարակվող եկեղեցական օրացույցների մեջ եղել է, բայց մտապահվելու չէր արժանացել: Պատկերցնելի՞ է, որ այդ կաթողիկոսը ազգային հերոս ճանաչեր նույն ժամանակներում գործած, ասենք, Իսրայել Օրուն: Կամ՝ մի՞թե նրա ճանաչելով այսօր Օրուն կհամարեինք կամ չէինք համարի ազգային հերոս: Այսինքն՝ խորհրդային հակաքաղաքակրթության մնացուկ է, երբ որեւէ անհատ, որքան էլ տաղանդավոր կամ հանճարեղ, հերոսի կոչում տա մեկ ուրիշի: Դա սովետների երկրին հատուկ մանիպուլյատիվ հանցագործություն է մարդկային բանականության, էվոլյուցիայի օրենքների եւ քաղաքակրթության դեմ: Որեւէ մեկին ազգային հերոս ընդունելը եւ անվանելն ազգի հավաքական գիտակցության իրավունքն է, այն էլ՝ ժամանակի որոշ կտրվածքի մեջ: Ոչ ոք իրավունք չունի այդ իրավունքն ուզուրպացնելու: Արտաշեսին, Տիգրան Մեծին, Պապին, Մեսրոպ Մաշտոցին, Վռամշապուհին, վիպական Սասունցի Դավթին, Դավիթ-Բեկին, Անդրանիկին, Նիկոլ Դումանին, Դրոյին, Նժդեհին առանց որեւէ մեկի, մանավանդ որ այդ որեւէ մեկը թվարկվածների մեծության լինել գրեթե չի կարող, տրված չէ ազգային հերոսի կոչում շնորհել: Շնորհելը, կրկնենք, ազգի բացառիկ իրավունքն է, իսկ օրվա ղեկավարը կարող է այլ անվամբ պարգեւ, շքանշան հանձնել՝ որպես պետության գլուխ: Դրանցից որոշները, բացառված չէ, ժամանակի ընթացքում ազգի հավաքական գիտակցության մեջ կթանձրանան որպես ազգային հերոս: Երբեմն հենց նույն պահին է կատարվում այդ թանձրացումը, ինչպես Անդրանիկի պարագայում եղավ՝ նրա կենդանության օրոք:

Եթե Հայաստանի անկախացման առաջին տարիներին միանգամայն բացատրելի էր խորհրդային հակաքաղաքակրթական իներցիայի շարունակումը, ապա անհանդուրժելի է այսօր մեր գիտակցության ընթանալը ոչ թե այդ արատից անմիջապես հրաժարված մերձբալթյան առաջավոր ժողովուրդների գիտակցական հոսքով, այլ բռնապետական վարչակարգերով ԱՊՀ երկրների խորհրդային հունով: Մի՞թե մենք կկամենանք լինել ոչ թե Լիտվայի, այլ Ուզբեկստանի մտածական տիրույթում. հետո էլ անհիմն հպարտանում ենք, թե առողջ ու հինավուրց մշակույթի կրող ենք՝ «Մեզ մի՛ խառնեք ձեր վայրի, արջի ցեղերին»: Մենք ինքներս ենք մեզ խառնել, ինքներս ենք հրաժարվում զատվել, ազգային զատկի թռիչք ունենալ:

Պատահական չէ, որ այդ մահացած հակաքաղաքակրթության ավանդույթը պիտի ճահճի նման գարշահոտի, մեզ հատակը քաշի, թունավորելով՝ մանիպուլացնի մեր գիտակցությունը: Ժամանակն է, որ նոր՝ 30-ամյա Հայաստանը ճշտի իր ուղենիշները, այլապես, օրինակ, Արցախի ազգային երկու «հերոս» այսօր բանտում գտնվելով՝ է՛լ ավելի շփոթահար կդարձնեն մեր միտքը, կհամակերպվենք, որ հերոսները կարող են նաեւ դավաճան լինել: Դրա հետեւանքն է, որ նույն դատարանի մի կողմում նույն անձի համար վանկարկում են՝ ՀԵ-ՐՈՍ, մյուսում տրամագծորեն հակառակը՝ ԴԱ-ՎԱ-ՃԱՆ: Հերոսների հարցում չեն վիճում, եթե ճանաչում են անվիճարկելի, ազգին ազգ դարձնող սահմանագծերը: Իսկ երբ չկան այդ սահմանագծերը, երբ մենք թեթեւորեն ու թեթեւամտորեն խաղում ենք հոգեւոր առանցքային արժեքների հետ, արդեն միանգամայն կեղծ են դառնում լավ Սահմանադրության, լավ Սահմանադրական դատարան ունենալու մեր իբրեւ թե ցանկությունները: Լավին միայն լավերն են արժանի: Մանիպուլացված դիրքում վիճակը ողբերգորեն զավեշտալի է դառնում. եթե դավաճան ու հանցագործ է «հերոսը», ապա ինչպե՞ս վարվել նրանց հետ, ում ի՛նքն է հերոսի կոչում շնորհել: Մի՞թե քաղաքացին իր շփոթահար մտքի մեջ կարող է որպես ազգային հերոս ընկալել, մեղմ ասած, ոչ միանշանակորեն ընդունված նախագահների «ազգային հերոսներին»:

Դեռեւս երեք հազար տարի առաջ էին հին հրեաներն արձանագրել՝ «Պարապ տեղն Աստծո անունը բերանդ մի՛ առ»:

ՄԻՔԱՅԷԼ  ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829