Թիվ 52 դպրոցի ուսուցչուհին, որը օրեր առաջ աշակերտների աչքի առաջ ապտակ էր ստացել աշակերտներից մեկի ծնողի կողմից, ներկայացել է դատաբժշկական փորձաքննության:
Հիշեցնենք, որ այդ դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել եւ քաշքշել էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն ու ներկայացրել ուսուցչի՝ դպրոցից հեռացման պահանջ:
«Ասել են՝ մի ապտակը ոչինչ չի նշանակում, մենք դրա համար նրան ոչ մի պատասխանատվության չենք կարող ենթարկել: Այսինքն՝ ինչ ուզեն, կարող են անել ուսուցչուհուն, ուսուցիչը պաշտպանված չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թիվ 52 դպրոցի ուսուցչուհիներից Արեւ Ստեփանյանը:
Նրա խոսքով, աշակերտին, որի մայրը ապտակել էր ուսուցչուհուն, մեկ այլ դասարան են տեղափոխել, բայց այդ երեխան շարունակում է սադրիչ քայլեր անել. «Այսօր դասի ժամին նստել է, իրեն հով է արել, ուսուցչուհին հարցրել է՝ Ալեքսանդր վա՞տ ես զգում, ասել է՝ հա, չեմ կարողանում, ամբողջ անձնակազմին լարվածության մեջ է պահում»:
Մեր զրուցակցի խոսքով, Ալեքսանդրը իրենց դպրոց է տեղափոխվել 4-րդ դասարանում թիվ 135 դպրոցից ու այնքան է դասերից բացակայել, որ մնացել է նույն դասարանում:
Դպրոցի տնօրեն Նարինե Շառյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ այսօր ոստիկանության հետաքննիչը դպրոց է եկել, հարցաքննել միջադեպին ականատես աշակերտներին. «Այսօր էլ է Ալեքսանդրի մայրը շուտ եկել, որ երեխային դասից տանի, պահակը ներս չի թողել, ասել է՝ սպասեք, զանգը կհնչի, դասը կավարտվի, ներս կմտնեք, մայրն էլ ասել է՝ գժանոց ու գազանանոց է այս դպրոցը, այսինքն՝ եթե կարգ ու կանոն ենք պահում, ուրեմն նորմալ չենք էլի: Ես պաշտոնական գրություն եմ ուղարկել թիվ 135 դպրոց, որտեղից Ալեքսանդրը տեղափոխվել է մեր դպրոց, խնդրել եմ բնութագրել նրան՝ հատկապես դասերին հաճախելիության մասով, թիվ 135 դպրոցից ինձ ուղարկեցին պաշտոնական գրություն, որ նա վատ է սովորել, հաճախ բացակայել է դասերից, իսկ մայրը պնդում էր, որ լավ է սովորել, լավ է հաճախել. փաստորեն գրությունը ճիշտ հակառակն է ասում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ