Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտագաղթը շարունակվում է․ ցանկացած պահի եկեք Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակ»․ Վահան Թումասյանը՝ Հպարտ անձնագրի մասին

Փետրվար 28,2020 22:44

Aravot.am-ի հետ զրույցում սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ» էջում տեղ գտած երկու կետերին՝ «արտագաղթի նվազում 88,6 տոկոսով» և «աղքատության նվազում պատմական ամենացածր մակարդակի», ասաց․ «Ես նույնպես ունեմ այդ երազանքը, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ աղքատությունը վերանա։ Հայաստանում պիտի լինեն հարուստներ, սակայն աղքատներ չպիտի լինեն։ Մենք Սփյուռք ունենք, աշխատասեր ժողովուրդ ենք, մենք կարող ենք հասնել մի վիճակի, որտեղ ապրեն հարուստներ, բայց աղքատներ չլինեն, խոսքը ծայրահեղ աղքատների մասին է։

Առհասարակ ցանկացած մարդու համար երազանքը լավ է, այդ թվում նաև իշխանության, բայց իշխանությունն՝ ի տարբերություն սովորական մարդու, իր երազանքը ծրագրի պիտի վերածի, գործողություն պիտի կատարի։ Եթե աղքատությունը նվազեցնում է՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելով, ամսական գործողություն պիտի կատարի աղքատության հաղթահարման ուղղությամբ, որպեսզի ստանանք այդ երազանքը։

Լոզունգն այլ բան է, իրականությունն այլ, եթե գործողություն չես անում կամ անիրատեսական ծրագրով ես առաջնորդվում, քո ուզածին չես հասնի։

Ես, ճիշտն ասած, նախորդ տարիներին ավելի քիչ ձմռան փայտ եմ բաժանել, քան այս տարի, որովհետև այս տարի պահանջարկը սարսափելի շատ է եղել։ Սա նշանակում է, որ աղքատ խավը, եթե նույնիսկ իր կացարաններում չի կարողանում ջեռուցում ապահովել, ուրեմն բան չի փոխվել։ Ի՞նչ գործողություն է արել պետությունը, որ փոխվեր, սոցիալական արտոնություննե՞ր է տվել, սոցիալական ծրագրեր է իրականացրե՞լ, չգիտեմ աշխատատեղեր է ստեղծե՞լ։

Օրինակ՝ Շիրակի մարզում, եթե վերցնենք, իմ հայացքով աղքատությունն ավելի խորացել է, թվերը ինձ քիչ հետաքրքիր են, ինձ հետաքրքիր է իրական պատկերը, որը կա․ եթե կան ընտանիքներ, որտեղ երեխաները սոված-ծարավ են, անլույս, անջեռուցում կացարաններում նստած են, ինչպե՞ս կարող է աղքատությունը հասցնել պատմական ամենացածր մակարդակի։ Տա Աստված հասնենք դրան, բայց հասնելու համար, նորից եմ կրկնում, գործողություն է պետք անել, որը չեմ տեսնում։ Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ»։

Վահան Թումասյանի ասելով, Նիկոլ Փաշինյանի Հպարտ անձնագրում պիտի այդ կետը վերախմբագրել ու գրել, որ Հայաստանում չպիտի լինեն ծայրահեղ աղքատներ, չպիտի լինի գեթ մեկ երեխա, որն ունենա ջերմության, սննդի ու հագուստի կարիք։

«Եթե իշխանությունները նորմալ աշխատեն, համահայկական ջանքերի ներդրմամբ հնարավոր է և դուրս գանք այդ վիճակից»,-ասում է Վահան Թումասյանը։

Մեր զրուցակիցն արտագաղթը 88,6 տոկոսով նվազեցնելու մասին կետը ևս երազանք է որակում։

«Անկեղծ ասած, վերջին շրջանում քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների լեզուն չեմ հասկանում, իմ և իրենց լեզուն տարբեր են։ Եթե խնդիր է դրված արտագաղթը նվազեցնել այդ աստիճանի, պետք է խնդիր դնել արտագաղթն ընդհանրապես կանխել, ներգաղթ կազմակերպել, եթե դա ծրագիր է կամ երազանք է։ Եթե տոկոս է դրվում արտագաղթի կանխման, դա արդեն սխալ է։

Եթե այդ կետը որպես իրականություն է ներկայացվում, հնարավոր է արտագաղթի տեմպերի անկում լինի, բայց դա բնավ կապված չէ ներքին տնտեսության աճի հետ, աշխարհում առաջացած խնդիրների պատճառով է։ Հազարավոր պրոբլեմներ կան, Եվրոպան փակել է դռները, ԱՄՆ գնալը դժվար է, Ռուսաստանում մեծ պրոբլեմներ կան, ճարպիկ խավը նախորդ տարիներից հեռացավ, կարողացավ դրսում իր կյանքը լավ, թե վատ կառուցել, հիմա մնացել է ծայրահեղ աղքատ խավը, որը երբեք էլ չի արտագաղթի ։

Իսկ, ընդհանուր առմամբ արտագաղթը շարունակվում է, դու կարող ես ցանկացած օր Գյումրու Շառլ Ազնավուրի կամ կենտրոնական հրապարակի մոտից դիտարկել ավտոբուսները, կհամոզվես, որ արտագաղթը շարունակվում է։ Սեզոնային արտագաղթը, երբ ամառը գյուղերը դատարկ են, կա ու կա։

Ես ի՞նչ եմ ստեղծել որպես պետություն, որ մարդիկ չարտագաղթեն, շուկան ի՞նչ ձևով է ակտիվացել, որ մարդիկ չարտագաղթեն, հո միայն լոզունգներով չէ, նաև գործողություններ պիտի անես»,-ասում է Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829