«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ-ի եւ Արցախի միջեւ Ղարաբաղի հարցը կոնկրետ լինի փաստաթղթային: Ղարաբաղի եւ ՀՀ-ի առաջին դեմքերի այս բանավոր պայմանավորվածությունները, ինչ-որ խոսում են, հեքիաթներ են՝ փաստաթուղթ պետք է ունենալ, թե ինչի մասին ենք բանակցում»,-Արցախի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:
«Եթե մեր ժողովուրդը պատրաստ կլինի դրան, շարունակենք բանակցել: Եթե ոչ, ու՞մ համար ենք բանակցում: Եթե այս տարածքում ապրող ժողովուրդը համաձայն կլինի Մինսկի խմբի մադրիդյան ձեւաչափին կամ փաստաթուղթը քննարկելուն, խնդրեմ: Եթե կլինեն այլ առաջարկներ, հանրությանը պետք է տեղյակ պահել, ինչից հետո սկսենք մասնակցել բանակցություններին: Այլապես մենք իրավունք չունենք Ղարաբաղի շուրջ գաղտնի հարց քննարկենք ամենաբարձր ատյաններում: Հետո ինչպե՞ս ենք դա կյանքի կոչելու, եթե քաղաքական իշխանությունը թաքուն ինչ-որ բանակցություններ է վարում կամ փաստաթուղթ պետք է ստորագրի: Ժողովուրդը, վերջապես, պետք է տա իր համաձայնությունը»,-համոզմունք հայտնեց Վիտալի Բալասանյանը:
Նա հավելեց. «Մեր երեխաների մեջքին գրած է՝ մենք հող հանձնող չենք, մեր հաղթանակը չի վաճառվում: Մենք այս 12 000 կմ տարածքը նվազագույնը պահելու ենք: Համոզված եղեք, որ դիվանագիտորեն հասնելու ենք Շահումյանին եւ մեր հյուսիսային ենթաշրջաններին: Այդ հարցը բարձրաձայնելու ենք, որովհետեւ պատմական եւ իրավական առումներով դա Արցախի հանրապետության, չեմ ասում՝ ներկայիս, բայց մեր մելիքությունների մասն է եղել: Համոզված եղեք, որ բարձրաձայնելու ենք: Արցախը պետք է դարձնենք համահայկական պետություն՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամուլի ծառայության