Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում

Փետրվար 28,2020 20:20

2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ:

Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ

մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով` բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում: Նա ոչ միայն քննադատել է Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման  քաղաքականությունը, այլև այդ հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008թ.` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը:

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։ Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն:

Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական, համազգային սեր, հարգանք։ Նրա վերաբերմունքը հայրենիքի, հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս համար:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14):

Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829