Այս պահին (փետրվարի 27-ի դրությամբ) խոսվում է ամբողջ աշխարհում մոտ 84.000 վարակվածի, 2867 մահվան ելքի և ավելի քան 8000 ծանր վիճակում գտնվող մարդկանց մասին: Սա իրապես մտահոգիչ ցուցանիշ է, որն արդեն դուրս գալիս էպիդեմիայի սահմանման տիրույթներից: Մենք գործ ունենք աշխարհի 58 երկրում տարածում գտած պանդեմիայի երևույթի հատ:
Ու քանի որ աշխարհը իրավամբ անհանգստացած է այս վիրուսի ահագնացող տարածմամբ և համաճարակով, իսկ մեր իրավասու վարչական ու մասնագիտական շրջանակները մինչ օրս մի հոդաբաշխ խոսք չեն ասում հանրությանը՝ ըստ էության հասկանալու տեղի ունեցողն ու ըստ պատշաճի պատրաստվելու, հարկ եմ համարում որպես հիմնական կրթությամբ կենսաֆիզիկոս որոշ տեղեկություններ տրամադրել խնդրո առարկայի հետ կապված: Նաև՝ վերլուծել և հանրամատչելի լեզվով ցույց տալ մասնագիտական այն երևույթները, որոնք հանրության մեջ բերում են թե՛ հիմնավորված, թե՛ երբեմն՝ չհիմնավորված անհանգստությունների, հաճախ էլ՝ խուճապի: Եվ այսպես՝
Ինչ է կորոնավիրուսը եվ արդյոք այն նոր տեսակի հարուցիչ է
Կորոնավիրուսները վիրուսների խմբին պատկանող հարուցիչներ են, որոնք կարող են իրենց մեջ ունենալ մինչև 40 տեսակի տարբեր ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու՝ գենետիկական նյութ): Դրանք ախտահարում են մարդու շնչառական համակարգը՝ հարուցելով սուր շնչառական տարբեր հիվանդություններ՝ զանազան ախտանիշներով (հազ, փռշտոց, քթային արտադրություն, բարձր ջերմաստիճան, դողերոցք, հոդացավեր և այլն):
Կարդացեք նաև
Արդյո՞ք կորոնավիրուսը նոր տեսակի հարուցիչ է: Եվ՝ այո, և՝ ոչ: Կորոնավիրուսը որպես վիրուսի տեսակ առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս 1965 թվականին: Այնուհետ, վիրուսը որպես «ատիպիկ թոքաբորբի հարուցիչ» (SARS-CoV) գրանցվել է 2002 թվականին Չինաստանում: Այն ժամանակ գրանցվել է հիվանդության ավելի քան 8200 դեպք, որոնցից 775 մահվան ելքով:
Վիրուսի հաջորդ ի հայտ գալը իբրև «մերձավորարևելյան շնչառական սինդրոմ» MERS-CoV տեղի է ունեցել արդեն 2015-ին: Այն ժամանակ Հարավային Կորեայում տեղի ունեցած բռնկումից վարակվեցին 183 մարդ՝ 73-ը մահվան ելքով:
Եվ այժմ՝ իբրև «շնչառական ուղիների ախտահարման (թոքաբորբի) նոր տեսակի սինդրոմ» SARS-CoV-2 կամ նոր շտամ, այն տարածվեց արդեն 2019 դեկտեմբերին Չինաստանից:
Հարկ է նշել, որ վիրուսների շտամները ժամանակի ընթացքում մոդիֆիկացվում են՝ նորացվում, փոփոխվում է նրանց կառուցվածքը, ինչի հետևանքով դրանք այլևս անճանաչելի են դառնում օրգանիզմում արդեն առկա հակամարմինների կողմից: Եվ մինչ օրգանիզմը հասցնում է «թողարկել» իր «նոր, հատուկ նշանակության բանակային զորախումբը», վիրուսը հասցնում է ախտահարել օրգանիզմը:
Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսը
«Վիրուս» բառն առաջին հայացքից ասոցացվում է հազի ու փռշտոցի հետ, որին մենք բանի տեղ չենք դնում: Իրականում, ցանկացած վիրուս վտանգավոր է այնքան ժամանակ, քանի դեռ օրգանիզմը չի արտադրել դրանց դեմն առնող հատուկ տեսակի հակամարմիններ: Պատկերավոր ասած՝ օրգանիզմի համար յուրաքանչյուր օտար մարմնի «դիվերսիան» չեզոքացնելու համար անհրաժեշտ են «հատուկ նշանակության ջոկատներ», որոնք պետք է «ճանաչեն» և ոչնչացնեն դիվերսանտներին: Եթե այդ դիվերսանտները «իդենտիֆիկացված չեն», նրանք, այո կարող են և՝ լինել մահացու:
Կորոնավիրուսի արագ տարածման հանգամանքը հնարավորություն չի տվել դեռևս ստեղծել արդյունավետ հակազդեցության միջով: Իսկ դա կարող է ստեղծվել հիվանդացած և բուժված մարդկանց արյան պլազմայում հայտնաբերված հակամարմիններից: Այլ կերպ ասած՝ համաճարակը տարածվում է ավելի արագ, քան բժշկությունը կստեղծի միանշանական հակազդող վակցինա (շիճուկ): Սրանով է պայմանավորված կորոնավիրուսի վտանգավորությունը:
Ո՞րն է այս վարակի այդքան արագ տարածման պատճառը և ինչու պետությունները (այդ թվում զարգացած) չեն կարողանում արագ սրա դեմն առնել
Վիրուսի արագ տարածման պատճառը վարակման գրեթե անխուսափելիությունն է: Բանն այն է, որ հարուցիչի «մարմնի» շուրջ կան ելուստներ, որոնք էլեկտրոնային մանրադիտակի տակ դիտելիս հարուցիչին «թագի» տեսք են տալիս (այստեղից էլ անվանումը՝ Corona – լատ.՝ թագ, պսակ): Այդ ելուստները ոչ այլ ինչ են, քան «կեղծ մոլեկուլներ», մոլեկուլների իմիտացիա: Առողջ մարդու լորձաթաղանթին ընկնելիս այդ կեղծ մոլեկուլներն առաջացնում են այդ լորձաթաղանթի ռեցեպտորների անհամարժեք ռեակցիան, որոնք նույնականացնում են դրանք իբրև օրգանիզմի համար «պետքական մոլեկուլկներ» և «ներս թողնում» դրանց: Այդ նույն ժամանակ վիրուսն իր գենետիկական ինֆորմացիայով հեշտությամբ թափանցում է օրգանիզմ: Այլ կերպ ասած՝ «թագի» ելուստները «խաբում են» օրգանիզմի իմունային համակարգը՝ առաջ բերելով գրեթե անխուսափելի վարակում:
Պատկերավոր ասած՝ կորոնավիրուսը «ապօրինի չի հատում» սահմանը, որպեսզի «հայտնաբերվի» սահմանապահների կողմից: Նա «գալիս է» սահմանային անցակետ, ցույց է տալիս «կեղծ փաստաթղթեր» և «սահմանապահները» նրան «ներս են թողնում»….
Սա է պատճառը, որ հիվանդության տարածումն ընթանում է ավելի արագ, քան պետությունների (այդ թվում՝ զարգացած) առողջապահական համակարգերը կհասցնեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բնակչության մոտ հիվանդության կանխարգելման համար:
Ըստ էության, նման պարագայում հիմնական հույսը մարդկանց իմունային առողջ համակարգերն են: Սա է պատճառը, որ շնչառական քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և խոցելի խմբերը (ծերեր, թույլ կամ ախտահարված իմունային համակարգ ունեցողներ) հայտվում են կյանքի հետ անհամատեղելիության մեծ ռիսկային խմբում:
Արժե՞ արդյոք այս պարագայում խուճապի մատնվել
ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ: Վիրուսով վարակվելու գրեթե անխուսափելիությունը բնավ չի նշանակում բուժման անհնարինություն: Կայուն, նորմալ միջին իմունային համակարգով մարդը, հետևելով բուժման և առողջության պահպանման ցուցումներին ու կանոններին, գրեթե աներկրբա ապաքինման տիրույթում է:
Ավելին, հիվանդության կանխարգելումն էլ է հնարավոր տարրական հիգիենայի կանոնների անշեղորեն պահպանման պարագայում: Եվ բնավ կարիք չկա «սրբել» դեղատներից բոլոր դիմակները, այլ պարզապես հարկավոր է չլինել փակ և մարդաշատ տարածքներում, հաճախ օդափոխել սենյակները, լինել մաքուր օդին, հաճախակի լվանալ ձեռքերը, ժամանակավորապես խուսափել «պաչ-պռոշտ»-ի «ավանդական ազգային» արժեքներից և այլն: Եվ իհարկե զբաղվել սպորտով:
Առողջություն բոլորին:
Սերոբ Անտինյան
Կառավարման մասնագետ, նախկին կենսաֆիզիկոս