«Ես երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին, բայց վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որեւէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, նման բան լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Դուք գրեք՝ 10, 15 կամ զրո տնտեսական աճ, եթե քաղաքացին այդ աճի ազդեցությունը չզգաց, իր համար այդ թվերը միևնույնն են»,-այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Մինչ այդ նույն քննարկման մասնակից, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասել էր՝գյուղատնտեսությունը դեռ չի արտացոլում այն, ինչ ունենք Հայաստանում, ժամանակին ուղղակի կեղծարարության արդյունք է եղել, այն ինչ ներկայացվել է որպես տնտեսական արտադրություն:
Թունյանի կարծիքով՝ խնդիրների մեծ մասն անհնար է կարճ ժամանակում լուծել:
Կապիտալ ծախսերի թերկատարման մասին էլ Թունյանն ասաց՝ այո, թերակատարվել են, բայց այս տարի նախատեսված է աննախադեպ բարձր մակարդակի կապիտալ ծախսեր, որոնք ամբողջ ծավալով պետք է կատարվեն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է շինարարության աճին, Թունյանն ասաց՝ վերջին տարիներին այս ոլորտում մշտապես անկում է գրանցվել, իսկ անցած տարի վերականգնման փուլն էր, այժմ ակտիվ շինարարություն է ընթանում.«Պաշտոնական ցուցանիշներով հունվարին 8 տոկոսանոց աճ կա, վստահ եմ, որ դա պահպանվելու է»:
Անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի՝ այս քննարկման ժամանակ հնչեցրած ներդրումների մասին կարծիքն, որ հանրաքվեն եւս բացասական է ազդում ներդրումների վրա, Թունյանն ասաց.«Ես չեմ կարծում, որ հանրաքվեն տնտեսությանը որեւէ կերպ բացասաբար վնասի: Եթե մենք նկատի ունենք, որ կարող են լինել անհանգստություններ, բողոքի ցույցեր, որոնք սովորաբար վատ ազդեցություն են թողնում, համոզված եմ, որ նման բան չի լինելու, քանի որ հասարակության մեջ չկա այդ թերահավատ մոտեցումը կամ կասկածը, որ հանրաքվեն, ընտրությունները կարող են կեղծվել»:
Մինասյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ դատական իշխանության վրա ճնշումներ կան: Այս առնչությամբ էլ իշխող ուժի ներկայացուցիչն ասաց՝դա ճնշում չէ, դա դատական համակարգի առողջացում է.«Համաձայն եմ՝ եթե դատական համակարգի վրա ճնշում լինի, ապա տնտեսության վրա վատ կազդի, բայց նաեւ փաստ է, որ եթե մի երկրում դատական համակարգի հանդեպ վստահություն չկա, այն վատ է ազդում տնտեսության վրա, իսկ եթե մեր երկրում դատական համակարգի նկատմամբ վստահություն չի եղել եւ այսօր էլ շատ ցածր մակարդակի վրա է, կարծում եմ, որ դա ապացուցման կարիք չունի»:
Խոսելով համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի մասին, քննարկման մասնակից ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նկատեց՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ չկան:
«Այսօր չինվոնիկները կաշառք չեն վերցնում, բայց ես կասկածում եմ, որ վաղը նրանք չեն վերցնի: Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, կներեք, ես զգում եմ, որ նրանք «սոված են»: Համակարգային ոչ մի փոփոխություն չի եղել: Մի բան է փոխվել, վերեւում նստած մարդը չի ասում՝ բերե՛ք իմ բաժինը տվեք, ՃՈ պետն այսօր չի ուզում, կամ ՃՈ ընդունվելու համար փող չեն ուզում: Մենք համակարգային կոռուպցիայի հետ ենք գործ ունեցել»:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ կան դրական սպասումներ, բայց կան ոլորտներ, եւ կան քաղաքականության առանձին ուղղություններ, որտեղ իշխանությունը սկսում է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ առանց վերջնական արդյունքներն ամփոփելու: Ինչ վերաբերում է այն վստահություններին, թե Հայաստանում կոռուպցիա այլեւս չկա, Մինասյանը հորդորեց շտապել. «Ժողովուրդ, մի քիչ շատ եք գերագնահատում, սպասեք արդյունքներն ունենանք, նոր խոսենք։ Եթե գնումների մեջ ծանոթ-բարեկամ-ընկեր ինստիտուտը շարունակում է գործել, եթե խոշոր պետական գնումների մեծ մասը մրցութային կարգով չի տրվում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը շարունակում է մեղադրվել կոռուպցիայի մեջ, ապա մի քիչ մեծ չե՞նք խոսում մենք, թողեք՝ արդյունքները լինեն, նոր խոսենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3»-ի