Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Հայաստանի գյուղատնտեսությունն այսoր 17-րդ դարից շատ քիչ է տարբերվում»

Փետրվար 28,2020 18:25

2019 թվականը տնտեսական առումով բավականին լավ տարի էր, 7,6% տնտեսական աճը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր տնտեսական աճն է: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշեց՝ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, եւ ի հեճուկս այն հայտարարությունների, թե տնտեսական աճն ապահովվել է ներկրվող ավտոմեքենաների հաշվին, իրականում տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, հետո՝ ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով:

Թունյանը նաեւ ներկայացրեց այն քայլերը, որոնք իրականացվել են եւ այս տարի դրանց արդյունքը կերեւա, դրանք են՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

Քննարկման մասնակից էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանն էլ նկատեց ՝ վիճակագրական կոմիտեի ցուցանիշները դիտարկելիս՝ առաջին հայացքից տպավորություն է, որ լուրջ առաջընթաց կա, բայց ընդհանուր գնահատմամբ՝ մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել. «Հիմնարար փոփոխություններ տնտեսության կառուցվածքում եւ դեպի առաջընթաց ապահովող, ցավոք չունենք»: Օրինակ` գյուղատնտեսությունը, որը աճին պետք է որ նպաստեր, ըստ Մինասյանի, 60 մլրդ դրամով պակաս ավելացված արժեք է եղել, շինարարության ծավալների աճ  էլ չունենք։ Մինասյանի ներկայացմամբ՝ մոտ 26 մլրդ դրամով ավելացել է զվարճությունների եւ հանգստի ոլորտի գումարը, սակայն իրական տնտեսություն չէ, բայց որպես ծառայությունների ոլորտ՝ աճ կաի:

«Անշուշտ, ցուցանիշներից մեկը բաց հանքերի շահագործումն է, մոտ 25 մլրդ դրամով ավելի, սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, որ հանքարդյունաբերությունից պետք է տնտեսությունը վերակողմնորոշվի դեպի տեխնոլոգիատար եւ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմանը, հակասում է մոտեցմանը: Սրա պատճառը ոչ միայն այն է, որ չկա հստակ հայեցակարգ, այլ այն է, որ ընդհանրապես տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես որ նախկինում էր, չի հաջողվել ձեւակերպել անհրաժեշտ նպատակադրումները եւ գաղափարախոսություն չկա: Այս քննադատությունը միայն այս կառավարությանը չի վերաբերում, սա վերաբերում է բոլոր կառավարություններին, որովհետեւ եթե չկա տնտեսական քաղաքականության գաղափարախոսություն՝ իրավիճակային լուծումներ են տրվում»,- ասաց Մինասյանը։ Ըստ նրա, տնտեսական աճի կարեւոր պայմաններից է ներդրումային քաղաքականությունը, որը Հայաստանում դեռ չի ձեւավորվել եւ չի ձեւավորվել այնպիսի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից եւ քաղաքական գործչից»։ Մինասյանը նշեց՝ նույնիսկ ապրիլի 5-ի հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ նշեց՝ 2019 թվականը մեր տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է: Ըստ Ասատրյանի, անցած տարվա տնտեսական զարգացումների մեջ մեծ դեր ունի հասարակությունը, հասարակական սպասումները.«Համակարգային փոփոխություններում ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն եղել»:

«Գյուղատնտեսությունը դեռ չի արտացոլում այն, ինչ ունենք Հայաստանում, ժամանակին ուղղակի կեղծարարության արդյունք է եղել, այն ինչ ներկայացվել է որպես տնտեսական արտադրություն: Այստեղ երկար ճանապարհ ունենք անցնելու: Գյուղատնտեսությունում խոսել զարգացման, տեխնոլոգիական զարգացման, ժամանակակից բաների մասին՝ անհնար է: Մենք 17-րդ դարից շատ քիչ ենք այսօր տարբերվում, մի երկու հատ ջերմոց կա, մի երկու հա ինչ-որ տեխնիկա կա, սա է ընդամենը: Գյուղատնտեսության զգալի մասը բնամթերային բնույթ է կրում, այսինքն, տնտեսական շրջանառությունից դուրս է»:

Տնտեսագետի կարծիքով՝ անհանգստացնող է, որ ներմուծման աճի ծավալները կրկին գերազանցել են արտադրմանը. «Լուրջ խնդիր է արտահանման աշխարհագրությունում տեղաշարժը: Տարին փակեցինք դեֆիցիտով, բայց 11 ամսում պրովիցիտ էր, մի բան, որ չի կարող լինել տնտեսական զարգացմանը գնացող երկրում տեղի ունենալ»:

Ասատրյանը բացասական է համարում, երբ հունվարին ծրագրվում է 3 անգամ քիչ ծախսեր անել, բացի այս, բյուջեում կան անհամաչափություններ, օրինակ՝ տարվա սկզբից ծախսեր չեն կատարվում, առավելեւս՝ կապիտալ ծախսերը, իսկ դրանք զարգացումը խթանող ծախսեր պետք է լինեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829