Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում, հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը». Գաբրիել Բալայան

Փետրվար 28,2020 17:55

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով բանակում տեղի ունեցած վերջին ցավալի դեպքերի մասին՝ ասաց. «Պաշտոնանկությունները հետեւություններից մեկն էր, լուրջ աշխատանք է տարվում: Արձանագրում ենք՝ որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք՝ ծառայության պայմաններից սկսած: Դրանք որեւէ ձեւով ներելի չեն, որպես այդպիսին, բայց խնդրում եմ հաշվի առնեք, որ մենք գործ ունենք կենդանի մարդկանց հետ ու որեւիցե մի արտահայտություն, որեւէ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է՝ ճակատագրեր խեղի: Հաշվի առեք, որ ցանկացած դեպքում նաեւ ձեր ջանքերի շնորհիվ կասկածյալի կարգավիճակից քաղաքացին կարող է հայտնվել զոհի կարգավիճակում»:

Երբ լրագրողները խոսեցին 13 ցավալի դեպքերի մասին՝ ասելով, որ 13 զոհ ունենք՝ Բալայանը հակադարձեց. «Ես չեմ գտնում, որ բոլորը զոհված են, մի քանիսը մահեր են: Հետեւություններ արվել են, որոշ պաշտոնյաների գործողությունները գնահատվել են անբավարար, պետք է ավելի խիստ լինել»:

Բալայանը որոշ դիտողություններ արեց նաեւ ծնողներին. «Մի քանի անգամ զգուշացրել ենք, խնդրում ենք, ոգելից խմիչքներ մի՛ ուղարկեք: Պատկերացնո՞ւմ եք, տաքարյուն երիտասարդներ՝ ալկոհոլի ազդեցության տակ, կա զենք, զինամթերք, որտեղ ծառայություն է իրականացվում, այդ թվում՝ պահակային, մարտական դիրքի մասին էլ չեմ խոսում: Շատ դեպքերում զոհի կարգավիճակում են հայտնվում նաեւ այն զինծառայողները, որոնք պետք է տույժի ենթարկվեն»:

Հարցին՝ այս ողբերգական դեպքերից հետո սլաքներն ուղղվեցին հրամանատարական կազմի վրա, իրավապաշտպաններն անգամ ասում են, որ քրեական ենթամշակույթի տարրերը հրամկազմի մեջ են, վտանգավոր չէ՞, երբ միակողմանի են դեպքին նայում՝ Գաբրիել Բալայանն ի պատասխան հայտարարեց, որ այդ իրավապաշտպաններին համարում է «իրավապաշտպաններ»՝ չակերտով. «Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում եւ նրանցից մի քանիսի մոտ ոնց որ թե հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը, փորձում են գնան, տեղում հրահրել հարազատին՝ որոշակի գործողություններ կատարելու համար: Դռնից հանում են՝ լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են՝ դռնից են փորձում մտնել: Նման դեպքեր կան: Շուտով նաեւ իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով: Վիշտ ունեցող մարդուն փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են փորձում տարածել արդեն՝ այդ թվում փաստաբանի լիցենզիայով «իրավապաշտպանները»: Այստեղ նաեւ ձեր դերն է կարեւոր, որ ասեք՝ ինչի՞ եք այդքան հրճվում, երբ մի հատ դեպք է արձանագրվում»:

Բալայանն անուններ չտվեց՝ ասելով, որ լրագրողները շատ լավ գիտեն ում մասին է խոսքը: Լրագրողները ճշտեցին՝ հայտնի իրավապաշտպաննե՞րն են, ովքեր բանակի թեմաներով են միշտ հետաքրքրված՝ Բալայանը հաստատեց. «Անուն դիտմամբ չեմ տալու, հասցեատերը հստակ գիտի ում մասին եմ խոսում: Վերջին դեպքերով մի քանիսի տուն զանգահարել, գնացել են, անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ չգիտեմ ոնց են ծնողների հարազատների հեռախոսահամարները ճարում, ասում են՝ մենք հեսա գալիս ենք, ձեր կողքն ենք, ֆինանսական միջոցներից են խոսում, ասում են՝ հանկարծ չթողնեք, որ այսպիսի ձեւակերպում լինի, դուք փող չեք ստանա»: Բալայանը ենթադրում է, որ այդ իրավապաշտպանները ամեն դեպքով զբաղվելու համար փող են ստանում, դրա համար էլ այսպես հրճվում են ամեն դժբախտ դեպքով, թե ումից են ֆինանսավորվում, ըստ նրա, կպարզեն իրավապահները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829