Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարար էր Աղվան Հովսեփյան-Միրզոյան-Վահագն Հարությունյան եռյակին մարդավարի հարցաքննել եւ մենք կունենանք լուրջ արդյունք. Սեդա Սաֆարյան

Փետրվար 28,2020 17:26

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով քննարկման ժամանակ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն այսպիսի հարցադրումներ հնչեցրեց. «Աղվան Հովսեփյանն իր տե՞ղն է, թե՞ իր տեղը չի: Ես որքան հասկանում եմ, իր տեղում չի: Ինքը պետք է ՀՔԾ-ի ուշադրության օբյեկտը լիներ, կենտրոնում լիներ: Ես կարծում եմ, որ բավարար էր Աղվան Հովսեփյան-Միրզոյան-Վահագն Հարությունյան եռյակին մարդավարի հարցաքննել ցանկացած 130 քրեական գործերի հետ կապված եւ մենք կունենանք լուրջ արդյունք: Ես չեմ կարող ասել, թե ինչու է հիմա ուշանում Աղվան Հովսեփյանին հարցաքննելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու հարցը: Ինչու է դա ոչ կարեւոր դիտվում, դա էլ չեմ հասկանում: Այդ բոլոր հավաքներ, ժողովներ, ինքը պիտի ասի, որ գնացին, ասենք, Ռոբերտ Քոչարյանի հետ ի՞նչ քննարկեցին, ինչո՞ւ Չերյոմուխայի հետ կապված քրգործի հարուցումը տեղի ունեցավ 2009-ին, երբ որ աշխարհը գիտի…Ինչո՞ւ սպանության գործերով քրգործերի հարուցումը տեղի ունեցավ ոչ թե մարտի 1-ին, այլ՝ մարտի 23-ին, ինչո՞ւ, ինչո՞ւ…Այս ինչուների պատասխանատուն ինքն է, այդ որոշումների օրինականության պատասխանատուն ինքն է: Ցուցարարի հետ կապված զրույցի թեման իր թեման չի եղել, ինչու է ինքը քաղաքականացվել, ինչո՞ւ է ինքը Մյասնիկ Մալխասյանի եղբորն ասել՝ իջիր հարթակից, իր ի՞նչ գործն էր՝ կիջնեն, կբարձրանան, ինչո՞ւ իր գործառույթով չի զբաղվել, այս ինչուների պատասխանը մենք չունենք»:

Սեդա Սաֆարյանը պատմեց, որ փողոցում մարդիկ իրեն անընդհատ հարցնում են՝ Աղվան Հովսեփյանն ո՞ւր է. «Ո՞նց կարող է դատախազության համակարգը ղեկավարող առաջին դեմքի անունը սովորական քաղաքացու բերանին այսքան հնչի, հնչի, դա նշանակում է, որ նրա դերն այնքան մեծ է եղել, մարդիկ այդ օրերին էլ են տեսել: Ես ոչ թե տեսել եմ, այլ 100 տոկոսն անց համոզված եմ, որ իրենք են եղել, իրենք են այս ամեն ինչի հովանավորն եղել ու իրենք են այս իրավական համակարգի ձախողման պատճառը, որ իրավական համակարգը չի կարողացել Մարտի 1-ի սպանությունները բացահայտի, ուրիշ մեղավոր չկա: Կա ուղիղ գծով Ռոբերտ Քոչարյանի ցանկություն, Աղվան Հովսեփյանի միջոցով այդ ցանկության իրագործում: Եթե այդ տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյան-Աղվան Հովսեփյան կապ չլիներ, Ռոբերտ Քոչարյանն ինքը այդ հարցը կդներ, թե ո՞ւր են տասը զոհերի պատասխանատուները, հը՞: Դա նշանակում է, որ բոլորը լուռումունջ ունեցել են համաձայնություն: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ որեւէ մեկը մեկի դեմ ցուցմունք կտա՞, թե՞ ոչ, ես խոսում եմ գործողությունների կապից»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829