Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստների կողմից 2020 թվականի փետրվարի 14-ին թատրոնի տնօրինությանը ներկայացրած զեկուցագրին փետրվարի 26-ին պատասխան է տրվել, սակայն դա չի բավարարել նրանց: Ավելին, տարեսկզբին նրանք երկու նկատողություն են ստացել:
«Մենք բարձրաձայնում ենք մեր ներքին խնդիրների մասին եւ, ցավոք, արձագանք չենք ստանում: Խոսեցինք մեր ղեկավարներ գլխավոր խմբավար Հրաչ Բորյանի եւ երգչախմբի վարիչ Գեւորգ Մինասյանի հետ: Ցավոք էլի արձագանք չունեցանք: Խնդրի մասին խնդրեցինք տեղեկացնել օպերային թատրոնի ղեկավարությանը, 20 օր սպասեցինք, որ մեզ հետ հանդիպում լինի, որը կայացավ դեկտեմբերի 26-ին: Խնդրեցինք, որ պարոն Օրբելյանը եւս մոտենա մեզ: Նա չցանկացավ մեզ հետ քննարկել մեր խնդիրները եւ առաջարկեց զեկուցագիր գրել: Հանդիպել ենք նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, նախարարին ենք բաց նամակ ուղղել: Մամուլի ասուլիսն արդեն մեր վերջին քայլն է»,- «Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց երգչախմբի արտիստ Աբգար Սարգսյանը (լուսանկարում):
Նա շեշտեց, որ իրենց ոչ մի հարցադրման ոչ մի կերպ պատասխան չի տրվում, ու խնդիրը կապված է ոչ միայն ֆինանսների հետ: Հավելեց, որ Կոնստանտին Օրբելյանի հետ պայմանավորվածության արդյունքում հյուրախաղերի մեկնած արտիստները պետք է հավելավճարներ ստանային, ինչը չի տրվել:
Արտիստներից մեկն էլ`Արամ Աբգարյանը հավելեց, որ իրենք մեներգիչների 5 տարբեր կազմերի հետ փորձեր են արել, իսկ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը բանավոր խոստացել է ամեն արտիստին շուրջ 100000 դրամ հավելավճար տալ: «Սակայն պարոն Օրբելյանը Աբգարի հետ զրույցում ժխտել է, որ մեզ նման խոստում է տրվել»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Նշեց, որ դեկտեմբերի 26-ին փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին են խնդրել Օրբելյանից պատասխան ստանալ գումարների եւ կոլեկտիվի պառակտման վերաբերյալ: Նա էլ ասել է, որ կարճ ժամկետում չի կարող պատասխան տալ:
«Ցավով եմ նշում հարցերի մասին, բայց խոսքը ոչ թե համայնքային մշակույթի տան, այլ օպերային թատրոնի մասին է: Դրանք շատ են` սկսած արտիստների գրիմանոցների, հանդերձարանների, գրիմների, հագուստների, կոշիկների սանիտարահիգիենիկ վիճակից, մինչեւ թատրոնի շենքի կաթացող կտուրի հարցը, դրան գումարվել է նաեւ երգչախմբի անմիջական ղեկավարների աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը…»,-ասաց Աբգարյանը:
Աբգար Սարգսյանն էլ հայտնեց, որ իրավիճակն ավելի է սրվել, երբ Հրայր Բորյանը դարձել է գլխավոր խմբավար. «Երբ նրա պաշտոնը բարձրացվեց, սկսեցին խնդիրները: Երբ 75 հոգանոց կոլեկտիվը խնդիր է ունենում, ղեկավարը պետք է լուծում առաջարկի, մինչդեռ մենք ունենք 2 ղեկավար, որոնց հարց ես տալիս ու պատասխան չես լսում»:
Նա շեշտեց. «Երգչախումբը համերգային շոր, համերգային կոշիկ չունի, ներկայացումներ կան, որ երգչախմբի անդամները տանից բերում են իրենց անձնական շորերը, մինչդեռ աշխատանքային պայմանագրի մեջ գրված է, որ գործատուն պարտավոր է մեզ ապահովել մաքուր շորերով ու կոշիկներով… 6-7 էջանոց զեկուցագրում մանրամասն նշել ենք բոլոր այս խնդիրները, սակայն ստացել ենք պատասխան, որտեղ բացակայում է մեր նշած կետերի մի մասը»,-հայտնեց Աբգար Սարգսյանը; Նրա ձեւակերպմամբ, իրենց ղեկավարները ղեկավարման ջիղ չունեն:
«6 պրեմիերա երգեցինք, ոչ մեկ մեզ չխրախուսեց… Մենք օդով չենք սնվում, անգամ թղթի վրա գրված խրախուսանք կամ շնորհակալագիր չենք ստացել: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք ֆինանսական խրախուսանք ստացել»,-ասաց Աբգար Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աբգար Սարգսյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից