Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիվանդանոցներից մարդիկ դուրս էին գրվում, բոլորին գողանում էին, տանում էին, զոռով ցուցմունքներ կորզում». Մարտի 1-ի տուժողը պատմում է

Փետրվար 28,2020 15:52

«Հիմա, երբ դատախազությունն ընդունում է, որ Մարտի 1-ի գործում ապացույցներ են կեղծված եղել, սակայն չի ընդունում դատաբժշկական փորձաքննության կեղծ լինելը, երբ մարդկանց գլխին, մեջքին կրակել են ու թեթեւ մարմնական վնասվածք են տվել, այսօրվա դատարանում գործով դատախազը որոշ տուժողներին չի ընդունում, մենք դատախազության վրա հույս չենք դնում: Ես ՄԻԵԴ եմ դիմում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

Իսկ Անդրանիկ Հարությունյանը հավելեց. «Այն ժամանակ, որ հիվանդանոցներից մարդիկ դուրս էին գրվում, բոլորին գողանում էին, տանում էին, զոռով ցուցմունքներ կորզում, իսկ հիմա իրենք հանգիստ, ազատ ման են գալիս: Իրենք բոլորը պիտի կալանավորված լինեին հիմա: Ու ասում են՝ անարդար է: Տանում մարդկանց ծեծում էին քաղմասներում, մարդիկ կան, որ քաղմասի մեջ այնքան են ծեծել, որ հաշմանդամ են դառել, մեկի աչքն են հանել մյուսի… ու իրենք դժգոհում են սենց: Ինձ որ մնար՝ սաղին ցմահ կդատեի տեղում՝ առանց ոչ մի բանի»:

Հարցին՝ ձեզ հետ ի՞նչ է պատահել, էպիկրիզների կեղծո՞ւմ է եղել՝ Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց. «Որպես ականատես ասեմ՝ խաղաղ ցույց էր այս մի կողմը՝ քաղաքապետարանի կողմը, այս կողմից արդեն միացել էին սադրիչները իրենց ուղարկած՝ Քոչարյանի տղայի ընկերները, մյուսի ախրաննիկները: Ըտենց չեմ կարող ասել, կեսը խանութներ էին թալանում, բան էին անում ու ժողովրդին ստիպում էին, որ գնար իրենց կողմ, իսկ ժողովուրդը հիմնականում այս կողմում էր: Ոստիկանությունը ջրցանը պահում էր մարդկանց վրա ու հետեւներից էլ՝ կրակոցներ: Ինձ էլ այդպես այդ մասում՝ Լեոյի խաչմերուկի կողմը գալիս էի, ոստիկանության կողմից կրակեցին, տարան հիվանդանոց: Ու հիվանդանոցում էլ էլի ժամերով տարան դատախազություն, ասում էին՝ ասա սա է քեզ բերել միտինգի, սա է սովորեցրել: Անուններ էին տալիս, նկարներ էին ցույց տալիս, ասում էին՝ ասա ինչ-որ մեկն է քեզ բերել: Ով ցույց էր տալիս, իրենց դատախազությունից թողնում էին, ով բան էր անում՝ քրեական գործ էին կեղծ սարքում գլխներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829