Այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով քննարկման ժամանակ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասաց. «Դեռ 2008-ի մարտի 1-ին ու դրանից առաջ գիտենք, որ մեր ժողովրդի դեմ ոտնձգություն կատարած անձանց պատասխանատվության խնդիր կար: Իշխանություններն ամեն ինչ անում էին, որ ընտրությունները կեղծվեն: Մեր ազգային ողբերգությունը դրանից է երեւի եկել, որ համատարած կեղծված ընտրությունների հետ կապված, երբ ժողովուրդն իմացել է թե ինչպիսին էր ընտրություններ որակը, անգամ նրանք, ովքեր փող են վերցրել ու գնացել են ընտրության, նրանք էլ են դա պնդել, բացի ՍԴ դատավորներից ու իշխանությունից: Մարդկանց համբերության բաժակը լցվեց: Մարտի 1-ը ծնվեց առաջիկա տասը տարիների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների, շրջանառվող հակաօրինական պահվածքի պատճառով»:
Սեդա Սաֆարյանը, վերհիշելով դեպքերը, ասաց, որ կատարվում էր ընդդիմադիր գործիչների վենդետա. «Այդ կրակոցների մեջ ես անձամբ ներկա եմ եղել»:
Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է ունեցել մերձենալ իր ժողովրդի հետ: Այն նախագահը, որը մշտապես մտածում էր, որ կարելի է «Չերյոմուխան» ու ռազմամթերքը տեղափոխել ՀՀ մայրաքաղաք, այդ ղեկավարը չի կարող ժողովրդավար կոչվել, մերձենալ իր ժողովրդի հետ: Նույն է, որ տանն ունենաս բռնապետ հայր ու նա միշտ քեզ ծեծի, ծեծի արդյունքում չես ասում՝ ծնողը նրա համար է, որ մեզ ծեծի: 2018-ին նախաձեռնված գործի վարույթն ընթացել է իրավական հարթության վրա, բայց կարծում եմ, շատ ավելին կարելի էր անել, մեղադրյալների շրջանակը այսքանը չպետք է լիներ: Նրանք, ովքեր հրաման են տվել հենց կրակելու, նրանք նույնպես պետք է ներկա լինեին ու ունենային ամբաստանյալի կարգավիճակ: Կարծում եմ, դա այս քննության բացն է, բայց դա չի թուլացնում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը: Միայն զորքի տեղաշարժը, եւ այն, ինչ տեղի է ունեցել, միայն այն, որ արտակարգ դրության ռեժիմի, իսկ իրականում ռազմական իրավիճակ ստեղծելու համար արհեստական հիմքերը հանգեցրել են մարդկային այս կորուստների…անգամ կողմնակի դիտորդը՝ եվրոպական դատարանի դատավորն է նյութերից հանգել հետեւության, որ այդտեղ լուրջ հանցագործություն է տեղի ունեցել ու գնահատականներ է տվել: Տարիներ շարունակ իրենք խուսափել են պատասխանատվությունից ու հիմա շատ ցավոտ է իրենց համար, որ եկել է մի ուժ եւ իրենք հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի