Այսօր ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը հայտարարեց, որ կենտրոնի 75 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք համամիտ չեն Առողջապահության նախարարության՝ կենտրոնը Ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշմանը:
Կենտրոնի աշխատակազմը՝ բժիշկներ, որոնց թվում են նաեւ նեղ մասնագետներ, վիրավորված են, որ նախարար Արսեն Թորոսյանն առանց կոլեկտիվի հետ քննարկման ու նրանց կարծիքը լսելու է նման որոշում կայացրել: Երեկ էլ անտեսել է կառավարության առաջ հավաքված կենտրոնի աշխատակիցներին, որոնք ի նշան բողոքի ցույց էին կազմակերպել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Համամիտ չենք միավորման դեպքում կրել բոլոր այն ռիսկերը, որոնք, մեկ տարուց ավելի է, բարձրաձայնում ենք, բայց որեւէ մեկը բանի տեղ չի դնում: Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք որոշակի ճնշումների, բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,-ասաց Արշակ Պապոյանը:
«Հենարան» ակումբում նա կրկին ներկայացրեց այն խնդիրները, որոնք երկու բուժհիմնարկների միավորման արդյունքում ի հայտ են գալու.«Այն տարածաշրջանի լավագույն կենտրոններից է, ունի ժամանակակից ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ, հզոր մասնագիտական ներուժ, իրականացնում է տարբեր, գիտահետազոտական աշխատանքներ՝ նաեւ գիտության վրա հիմնված մեթոդների կիրառմամբ, ինչը էական մեծ նշանակություն ունի պացիենտներին որակյալ ծառայություն մատուցելու, համաճարակին արդյունավետ հակազդելու եւ մեր երկրում ունենալու կառավարելի վարակ»:
Ըստ նրա, միավորման դեպքում ՄԻԱՎ-ի վարակն անկառավարելի է դառնալու, որովհետեւ կենտրոնը դառնալու է Ինֆեկցիոնի մեկ բաժիններից մեկը. «Մեր տարածաշրջանը աշխարհում ՄԻԱՎ վարակի տարածման ամենաբարձր միտումներ ունեցող տարածաշրջանն է, Ռուսաստանում այն կազմում է բնակչության մեկ տոկոսը, ճիշտ է՝ մեզ մոտ 0,2 տոկոսն է, բայց չպետք է մոռանանք, որ մեր հիմնական հոսքերը ուղղված են ՌԴ եւ դա լուրջ մարտահրավեր է: Այդ պարագայում միացնել նեղ մասնագիտական հիմնարկը ու կորցնել այդ կառավարելիությունը՝ մեծ ռիսկային է»:
Պարոն Պապոյանի խոսքով՝ կենտրոնը, բացի պացիենտներին բուժում տրամադրելուց, մեր երկրում իրականացնում է համաճարաբանական հսկողություն եւ ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում:
Aravot.am-ի հարցին, թե կենտրոնի բժիշկները միավորմանը դեմ լինելու հիմնական պատճառներից մեկը նշում են կենտրոնի հաճախորդներին՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ճակատագիրը վտանգի տակ դնելու հանգամանքը, արդյոք կոլեկտիվով աշխատանքից ազատվելու դեպքում այդ նույն մարդկանց ճակատագիրը բժիշկնե՞րն էլ չեն վտանգում, այն դեպքում, երբ նրանք նեղ մասնագետներ են, տարիներ ի վեր պետության եւ այլ ֆոնդերի հաշվին մասնագիտացել, վերապատրաստվել են, Արշակ Պապոյանը պատասխանեց. «Մենք այդ քայլով, ոչ թե վնաս ենք հասցնելու այդ ճակատագրերին, այլ, մենք այդ քայլով փորձում ենք կանխել այն բոլոր վնասները, որոնք մարդիկ ունենալու են ապագայում: Շուրջ մեկ տարի բարձրաձայնել ենք, փորձել ենք դիմել բոլոր այն վտանգները, ներկայացնել մեր տեսանկյունը, հրավիրել ենք մասնագիտական քննարկման, որպեսզի միասին նստեն, բարձրացնենք այն հարցերը՝ ցույց տալով՝ ինչ խնդիրներ կարող են լինել: ՄԻԱՎ վարակն այնպիսի հիվանդություն է, որ նրա պարագայում, այդ խնդիրներն այնպես չէ, որ մեկ օր հետո երեւալու են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արշակ Պապոյանը նաեւ հայտնեց, որ իրենց կենտրոն է գնացել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը՝ փորձելով հոգեբանական ճնշումներ կիրառել՝ նշելով, թե բժիշկները դեմ լինելով դեմ են դուրս գալիս կառավարությանը, սակայն, ըստ պարոն Պապոյանի, բժիշկները պատասխանել են, որ իրենք ընտրել են վարչապետին եւ չեն ցանկանում, որ հարցին քաղաքական աստառ տրվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ