Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել մանկավարժական համալսարանի 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

Փետրվար 28,2020 15:17
mankavarjakan

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:

Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:

Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:

Մասնավորապես՝

·         Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:

·         Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:

·         Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանագրով սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:

·         Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:

·         Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:

Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:

Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829