Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչների կյանքը հեշտացնում են. Տուժողներն ու վկաները կարող են հարցաքննվել նաեւ տեսակապի միջոցով՝ առանց հասնելու բաժին

Փետրվար 28,2020 14:50

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի նախագիծը, որով նախատեսվում է տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տալ տուժողին եւ վկային: Դեպքեր կան, որ վկան, ասենք, ավտովթար է տեսել, Գյումրիից պիտի գա հասնի Երեւան, որ վկայություն տա, անընդհատ ձգձգվում է, մինչեւ գա: Կամ դեպք է եղել, երբ վկան Մեղրիում է եղել, ճանապարհներն էլ փակ, դրա պատճառով գործը տեւական ժամանակ ձգձգվել է: Հիմա, եթե վկան կամ տուժողը, օրինակ, զառամյալ են, դժվարություն ունեն գալու, կարող են տեսակապի միջոցով քննչական գործողությունների մասնակցել:

Վարույթն իրականացնող մարմինը պետք է անպայման տեսնի հարցաքննվողին կամ վկային, ինքնությունը հաստատի: Վկայի տեսաձայնագրությունը սղագրվում է, բայց արձանագրությանը կցվում է նաեւ տեսաձայնագրությունը ու հիմք է համարվում հենց ձայնագրությունը:

Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս նախագիծն ուղղված է տուժողների, վկաների շահերին, նրանց կյանքը հեշտացնելուն, նաեւ քննիչների կյանքը հեշտացնելուն. «Բյուրոկրատական քաշքշուկներից ու գործող ընթացակարգերով պայմանավորված՝ քննչական գործողությունները երբեմն բավականին երկար են տեւում, ինչը չի բխում գործերի քննության արդյունավետությունից»:

Որպես նախկին քննիչ, Սերգեյ Ատոմյանը շատ գոհ էր այս նախագծից, իսկ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, երբ ամբողջ գյուղով գնում էին քաղաք՝ հարցաքննվելու:

Ուշագրավ է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հեղինակները մտադիր են նաեւ տեսակապով հարցաքննվելու հնարավորություն տալ արտերկրում բնակվողներին, նրանք կարող են գալ հյուպատոսարան, որը համարվում է ՀՀ տարածք ու հարցաքննվել, արտգործնախարարությունը ճշտել է, տեխնիկական միջոցներ բոլոր հյուպատոսարաններն ունեն:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829