Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնական. «Փաշինյանը պետք է ընտրի` չինակա՞ն արեւային տեխնիկա ներկրել, թե՞ հայկականը ստեղծել»

Փետրվար 28,2020 14:46

«Պարիս Հերունին հիմա չկա, բայց ես իր տղայի հետ եմ շարունակում մեր աշխատանքները, ծրագրերը: Նախկինում մեր ծրագրերը կիսատ էին մնում, որովհետեւ գումար չկար, իսկ հիմա կարծես թե կա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է մոտ 10 մլն դոլար, որից կեսը ծախսվել է Արցախում, Լոռիում, Տավուշում եւ Շիրակի մարզում` արեւային տեխնիկայի տարածման վրա»,- «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, որը խոսեց Շիրակում և Արցախում առաջին հելիոֆիկացված գյուղերի ստեղծման ծրագրի մասին:

«Այսօր մամուլում քարոզվում է արեւային տեխնիկայի զարգացումը դիտարկել որպես չինական արտադրության արեւային սարքերի բիզնեսի կազմակերպում: Հիմա Փաշինյանը պետք է ընտրություն կատարի` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելով, թե որ ուղղությամբ ենք գնում. կազմակերպել չինական արեւային տեխնիկայի ներկրումը Հայաստա՞ն, թե՞ Հայաստանում  ստեղծել գործարաններ: Օրինակ, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, որտեղի ավագանու որոշումը ունեմ եւ Արցախում կարելի է իրականացնել մեր ծրագիրը: Պետք է փորձել  հասկանալ, թե որն է նպատակահարմար Հայաստանի համար` «Հայաստան» հիմնադրամի  գումարների մի մասը տրամադրել արեւային տեխնիկայի հայկական տարբերակին, թե չինական արեւային տեխնիկա բերելուն, որը զուտ կոմերցիա է»,-ասաց նա:

Վահան Համազասպյանի ձեւակերպմամբ, այսպես կոչված` «ատկատային» տնտեսությունից խուսափելու համար պետք է գումարները  ճիշտ ծախսել. «Եթե աշխարհին ցույց տանք հետաքրքիր առաջարկություններ, մեր հայրենակիցները տեսնելով, որ իրենց  հավաքած 10 մլն գումարը ճիշտ է ծախսվել, հաջորդ տարի 10 եւ 100-ապատիկ ավելի  գումարներ կհանգանակեն»: Գիտնականը կարծում է, որ նման նախագծերում պետք է բաժնետեր դարձնել մեծ գումարներ հանգանակած ներդրողներին, հայկական գործարաններ ստեղծել:

«Մարդիկ կհասկանան, որ իրենց տված գումարները ծառայում են նպատակին, հայրենիքին էլ բերում են ճանաչում…Փաշինյանն էլ հիմք կունենա Մյունխենյան հանդիպումներին չկմկմալու ու աշխարհին ներկայացնելու, որ Հայաստանն աշխարհին տվել է բնապահպանական աղետից փրկվելու լուծում»,-հավելեց նա:

Համազասպյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով մոտ 20 ընկերությունների գումար է տրամադրվել չինական արեւային տեխնիկա բերելու համար` առանց տենդեր հայտարարելու, մինչդեռ հնարավոր էր այդ փողերով  տնտեսության թռիչքաձեւ զարգացում ապահովել հելիոֆիկացիայի ծրագրի միջոցով: «Մենք աշխարհում հայտնի կդառնանք որպես երկիր, որը աշխարհին բնապահպանական աղետից ազատվելու ճիշտ ճանապարհ է ցույց տալիս: Բնապահպանական աղետ ասելով պատկերացնում ենք կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի բարձրացումը, սառույցների հալվելը… Բայց ավելի վտանգավոր երեւույթ էլ կա, երբ օվկիանոսի ջուրը տաքանում է, այնտեղից սկսվում է մեթան գազ բարձրանալ, որը 14 անգամ ավելի վտանգավոր էֆեկտ է տալիս, քան ածխաթթու գազը: Այս վտանգը սպառնում է մարդկության գոյությանը: Մեր ծրագրով Հայաստանը կարող է դառնալ պիոներ աշխարհը բնապահպանական  աղետից փրկելու առումով: Ես ցանկացած լսարանի առաջ կարող եմ ապացուցել, որ մեծ ծրագիրն աշխատող  է եւ ռեալ օգուտ կարող է բերել»,-համոզված է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829