«Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ իր, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի նախագիծը, որը վերաբերում էր 27 տարին լրացած եւ զինծառայություն չանցած քաղաքացիներին եւ որը շրջանառությունից հանված էր, նորից քննարկվում է աշխատանքային ձեւաչափով. «Մենք ԱԺ-ին ու հասարակությանը կներկայացնենք այն օրենսդրական նախաձեռնությունը, որը իրավական փաթեթ է առաջարկելու 27 տարին լրացած եւ զինծառայություն չանցած քաղաքացիներին: Բնականաբար, ՊՆ-ն մեր կարեւոր գործընկերն է եւ իրենց տեսակետը լինելու է առաջնային: Այնտեղ կան որոշ դրույթներ, որը մեր ԶՈՒ-ին հնարավորություն է տալիս: Դա քննարկման եւ հաստատման դեպքում միայն կարող է դառնալ իրականություն»:
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ այսպիսի արտահայտություն կա՝ «թող գնան բանակ, տղամարդ հետ գան», իսկ հիմա խնդիր է դրված ոչ միայն տղամարդ հետ բերել զինվորներին իրենց ընտանիքներ, այլեւ՝ ինտելեկտուալ մակարդակով, հոգեբանորեն ավելի ամուր ու մեկ քայլ ավելի բարձր:
Անդրանիկ Քոչարյանը խոսեց բանակում ինքնասպանությունների, այսպես ասած «սեւ փետրվարի» մասին, որը բանակի համար ծանր ամիս էր. «Ինքնասպանությունը բացառել է պետք, ԶՈՒ-ում պետք է ընդհանրապես ինքնասպանություն չլինի ու որեւէ վիճակագրություն ընդունելի չի, թե՝ այս բանակում այսքան է, այն բանակում՝ այնքան: Մենք ունեցել ենք ինչ-որ բացթողումներ, որոնք պետք է շտկենք: Դրանք դժվար շտկվող խնդիրներ են, որովհետեւ առնչվում են իրավական, հոգեբանական եւ այլ խնդիրների հետ, նաեւ բազմաթիվ խզումների հետ, որոնք այս ընթացքում կառավարությունում տեղի են ունեցել, որոնք արդյունք են ինչ-որ չափով տարբեր հովանավորչական գործունեության՝ իշխանությունների մեջ, բանակի նկատմամբ այլ մոտեցումների: Բանակն իր բնույթով պետք է ունենա մեկ թշնամի՝ արտաքին թշնամի, բանակը ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊԲ նոր հրամանատարի նշանակումը ի՞նչ կփոխի այս ամենում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Նշանակվել է մի մարդ, որն ունի բավականին խարիզմատիկ կերպար՝ Ջալալ Հարությունյանը: Բանակին նման խարիզմատիկ հրամանատարներն անհրաժեշտ են»: Անդրանիկ Քոչարյանը համեմատեց, որ 90-ականներին խարիզմատիկ զինվորական ղեկավարներ ենք ունեցել՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան. «Այն ժամանակվա համար բոլոր հերոսներն իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին: Ջալալ Հարությունյանը Կառլեն Աբրահամյանին է փոխարինել, իսկ Կառլեն Աբրահամյանն իր ինտելեկտուալ ներուժով դեռ մեծ անելիքներ պետք է ունենա մեր ԶՈՒ-ի համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ