Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան, որին ոչ մեկը չի սիրում. Իլյա Վարլամովի անդրադարձը

Փետրվար 28,2020 12:57

Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը այցելել է Երևան և իր բլոգում պատմել Հայաստանի մայրաքաղաքի մասին՝ «Երևան, որին ոչ մեկ չի սիրում» խորագրով հոդվածում: Վարլամովը մի շարք լուսանկարներ է հրապարակել Երևանից և մանրամասն պատմել քաղաքի մասին:

Բլոգերը Հայաստանում գնահատել է այն փաստը, որ ամեն ինչ մատչելի է, ինչի շնորհիվ ամբողջությամբ  չի ծախսել բանկոմատից հանված 100 ԱՄՆ դոլարը:

Անդրադառնալով Երևանի ճարտարապետությանը՝ բլոգերը նշում է, որ քաղաքում անփույթ վերաբերմունք են ցուցաբերել  հին շենքերի, շինությունների հանդեպ, դրանց մեծ մասն ավիրված է կամ դարձել է ժամանակակից կառույցների ֆասադի մի մաս: «Ցավալի է, որ  հայերը չեն գնահատել հին Երևանի գեղեցկությունը և որոշել են քանդել ամեն ինչ: Այո, կատակի է նման, բայց քաղաքում հին շինություններ գրեթե չկան»:

Միևնույն ժամանակ բլոգերին դուր է եկել քաղաքի նոր ճարտարապետությունը: «Պետք է փաստել, որ Երևանի նոր ճարտարապետությունն, ընդհանուր առմամբ վատը չէ: Ամեն ինչ շատ հանգիստ է շնորհիվ տուֆի: Բայց ամեն դեպքում այս փողոցում հարմարավետ չես զգում քեզ… Այստեղ բարձր ծառերի պակաս կա, ծառեր կարելի էր այստեղ տնկել, բայց հաղթեց ագահությունը. գետնի տակ առևտրի կենտրոն են կառուցել: Այս փողոցում շքեղ կնայվեր նաև տրամվայը»,-պատմում է Վարլամովը Հյուսիսային պողոտայի մասին:

Ռուս բլոգերը կարծում է, որ Երևանի մայթերով գրեթե անհնարին է քայլել, քանի որ ամենուր մեքենաներ են կայանված: «Հնարավոր է՝ հայերը կարծում են, որ զբոսաշրջիկները իրենց մայրաքաղաք են գալիս, որպեսզի իրենց մեքենաները տեսնեն»:

Իլյա Վարլամովի խոսքով՝ Երևանի նման քաղաքներում «հաճելի չէ ապրել».  նա Երևանի իշխանություններին խորհուրդ է տալիս առաջնահերթությունների փոփոխության բարեփոխումներ իրականացնել, իսկ երևանցիներին՝ սիրել իրենց մայրաքաղաքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829