Նախկիններն իշխանություններին մեղադրում են դիլետանտության եւ քարոզչական պատերազմում Ադրբեջանին պարտվելու մեջ, որովհետեւ ռուսական մի քանի լրատվամիջոցներում Խոջալուի դեպքերի վերաբերյալ խայտառակ հակահայկական հրապարակումներ են հայտնվել, իսկ «պատկան մարմինները» դրան պատրաստ չեն եղել եւ չեն կանխել։ Ընդ որում՝ այս մեղադրանքը հնչեցնողները վստահաբար գիտեն, որ ադրբեջանցիներն այդ հրապարակումների համար հսկայական գումարներ են ծախսել։
Ռուսական (եւ ոչ միայն ռուսական) մամուլում փողով ինչ ասես կարելի է հրապարակել: Հիմա մեր իշխանություններին մեղադրողների ասածն ի՞նչ է, մենք պիտի ավելի շատ փող առաջարկեինք եւ հակառակ հոդվածնե՞րը պատվիրեինք: Դա էլ է տարբերակ, իհարկե, բայց եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ամիսներ առաջ արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի մասին դրական հոդվածներ հրապարակվեցին։ Ադրբեջանցիներն անգամ իրենց նեղություն չտվեցին ու չխոսեցին այդ հոդվածների վճարովի լինելու մասին, որովհետեւ նրանց փոխարեն դա արեցին նախկիններին սպասարկող հայաստանյան քարոզչամիջոցները։ Անգամ «լրագրողական հետաքննություններ» արեցին ու «պարզեցին», թե կոնկրետ որքան են արժեցել այդ հոդվածները (թեեւ լրատվամիջոցները պաշտոնապես հերքեցին, որ դրանք կոմերցիոն հոդվածներ են եղել)։
Իսկ Խոջալուի մասին ադրբեջանամետ հոդվածների դեպքում, չգիտես ինչու, հակաիշխանական քարոզչամիջոցները ոչ մի հետաքննություն չարեցին, անգամ բառ չասացին, որ դրանք վճարովի հոդվածներ են։ «Ապաշնորհ իշխանությունների մեղքով Հայաստանը պարտվեց քարոզչական պատերազմում», եւ վերջ։ Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ այն, ինչ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներշնչել սեփական ժողովրդին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում