Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Միսկարյան. «Իսկ այն օլիգարխները, որոնք երկիրը տեւական ժամանակ թալանել են, եթե նրանք «այո» են քվեարկում կամ աջակցում «այո»-ի շտաբին, համարվում են  ազգին նվիրյալներ». «Հրապարակ»

Փետրվար 28,2020 12:05

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մոտ մեկ շաբաթ առաջ հարցաշար էր ուղարկել «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությանը։ Պատասխաններից կախված կլիներ սահմանադրական հանրաքվեի հարցում ՔՈ դիրքորոշումը։ Մենք զրուցել ենք ՔՈ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հարցերի պատասխաններով պայմանավորված էր ոչ թե այն՝ «այո» կասեն, թե «ոչ», որովհետեւ «ոչ» միանշանակ չեն լինելու, այլ, առհասարակ, կմասնակցեն եւ «այո» կքվեարկե՞ն, թե՞ չեն մասնակցի։ Կուսակցությունում ակնկալում են, որ երեքշաբթի հստակություն կմտնի, եւ ըստ այդմ էլ պարզ կլինի, թե որն է լինելու ՔՈ որոշումը հանրաքվեի հարցում։

– Ձեր գրառումները՝ հենց Ձեր, Սուրենի, վերջին շրջանում իշխանության քննադատություն են։ Երեկ, օրինակ, գրել էիք, որ այս իշխանությունը ներողություն խնդրելու հատկություն չունի, Սուրենը հեգնանքով նշում է, որ ըստ իշխանության՝ միակ լեգիտիմ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Հիասթափվե՞լ եք։

– Չէի ասի, որ հիասթափություն է։ Իհարկե, ակնկալիքներն ավելի մեծ էին, քան իրականում եղան այն փոփոխությունները, որ պիտի լինեին, մեր կարծիքով։ Բայց այստեղ արդեն հիասթափության հարց չէ. կառավարող ուժն «Իմ քայլը» դաշինքն է, եւ այստեղ քննադատությունը ոչ թե հիասթափության հետեւանք է, այլ զուտ անհամաձայնության այն քայլերի նկատմամբ, որոնք նրանք կատարում են ինչ-ինչ գործառույթների շրջանակում։ Լոգոյի հետ կապված էս պատմությունն ուղղակի խայտառակություն էր։ Ըստ էության, խաբեցին մի ամբողջ կառավարող, ժողովրդի 70 տոկոս քվե ստացած ուժին, չհաշված մյուսներին։ Բոլորին։ Ու փոխանակ հետեւություն անեն ու խոստովանեն, որ, այո, մեր բացթողումն է, կամ ինչ-ինչ ընթացակարգեր ճիշտ չեն արվել, ասում են՝ սա շատ սիմվոլիկ է, չգիտեմ ինչ… Էն, որ մեզ խաբել են, փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում։ Իրերը պետք է անվանել իրենց անուններով, եւ ես կարծում եմ, որ մեզ խաբել են։

– Ձեզ դո՞ւր է գալիս, որ վարչապետը «շնաբարո դուրսպրծուկներ» է անվանում մրցակիցներին, նախկիններին։

– Ոչ միայն սա, շատ բան դուր չի գալիս, այդ թվում նաեւ այն, որ հանրաքվեի հենց սկզբից բոլորը բաժանվեցին «սեւերի» ու «սպիտակների», ու դրանով փորձ արվեց ճնշել այլակարծությունը։ Այսինքն՝ եթե ես «ոչ»-ի կողմնակից չեմ եւ «այո»-ի հետ կապված իմ համար պարզաբանման հարցեր ունեմ, ստացվում է, որ ես դրա իրավունքը չունեմ, քանի որ հակառակ դեպքում կհամարվեմ ազգի դավաճան։ Իսկ այն օլիգարխները, որոնք երկիրը տեւական ժամանակ թալանել են, եթե նրանք «այո» են քվեարկում կամ աջակցում «այո»-ի շտաբին, համարվում են  ազգին նվիրյալներ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829