Լրահոս
Օրվա լրահոսը

Ասաց, խոսեց. հետևենք գրական լեզվի կանոնին. հորդորակ

Փետրվար 28,2020 11:22

Բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին

Հայերենի բայերի ելակետային ձևերը  կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ գործեցինք, զեղչեց, թնդացին, զղջաց և այլն:

Կան նաև բայեր, որոնք ունեն խոնարհման զուգաձևություն, օրինակ՝ սարսռալ / սարսռել բայը ենթարկվում է թե՛ Ա, թե՛ Ե խոնարհման, այսպես՝ սարսռացի, սարսռացիր, սարսռաց կամ սարսռեցի, սարսռեցիր, սարսռեց: Այդպես էլ ափսոսալ և ափսոսել,  փողփողալ և փողփողել, վետվետալ և վետվետել «թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ», ոստոստալ և ոստոստել «հաճախակի ոստյուններ անել», հաչել և խոսակցական հաչալ, հեծեծել և խոսակցական հեծեծալ «հառաչել, ողբալ» և այլն:

Միայն մեկ բացառություն կա: Հայերենի ամենագործածական բայերից ասել-ը, որն անկանոն բայ է, պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս ենթարկվում է Ա խոնարհման՝ ասացի, ասացիր, ասաց (հմմտ. ասացվածք, հեքիաթասաց, ասացող), ոչ թե ասեցի, ասեցիր, ասեց և այլն։ Ե-ով կազմված ձևերը բնորոշ են խոսակցական լեզվին:

Նույնքան հաճախական է խոսել բայը, որը, ի տարբերություն ասել-ի, կանոնական է. բայական դիմավոր և անդեմ ձևեր կազմելիս կիրառվում է Ե-ն: Այսպես՝ խոսեցի – խոսեցիր – խոսեց,  խոսել (է) – խոսելու – խոսելով – խոսած, խոսի՛ր…

Իսկ երբ ընտրվում է ելակետային սխալ ձևը, սկսվում է սխալների շղթան: Այսպես՝ խոսալ – խոսացի – խոսացիր – խոսաց,  խոսացել (է) – խոսալու – խոսալով – խոսացած, խոսա՛… Գրական հայերենում, մասնավորապես պաշտոնական խոսքում այս բայաձևերն անընդունելի են: Նրանց հաճախական գործածությունը հատկապես սերիալներում և հեռուստատեսային հաղորդումներում անտանելի է դարձել:

Մի շարք բայերի պարագայում ևս ելակետային սխալ ձևեր են ընտրվում, ինչպես՝ գովալ (փոխանակ՝ գովել), ծիծաղալ (փոխանակ՝ ծիծաղել), որը շղթայական սխալի պատճառ է դառնում և խաթարում հայերեն խոսքը:

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

հատկապես պաշտոնական և հանրությանն ուղղված խոսքում հետևել գրական լեզվի կանոնին:

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829