Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:
Թ. Գեբրեիսուս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ. «Դատելով զարգացումներից, Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները գործեն ագրեսիվ, նրանք կկարողանան դիմակայել։ Կան մի քանի կենսական հարցեր, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է իրեն տա. Դուք պատրա՞ստ եք առաջին հիվանդին ընդունելու, ունեք բավարար բժշկական թթվածին և այլ պարագաներ….»
Էմանուել Մակրոն՝ Ֆրանսիայի նախագահ. «Սա ճգնաժամ է, սպասվում է համաճարակ. Մեր պարտքը դրան դիմակայելն է…»
Հայաստանի երեք հարեւանների հետ մենք ունենք զգալի ծավալի շփումներ, ուղեւորափոխադրումներ, իսկ այդ երկրներում արդեն իսկ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Մեզ սպասում է մեծ ալիք Ռուսաստանից, որը դեռեւս չի մտնում վտանգավոր երկրների ցանկում, բայց հավանականությունը, որ կդառնա այդպիսին, օր-օրի մեծանում է։ Հասկանալի է, թե դա ինչ ծավալներով եւ ինչ արագությամբ կազդի Հայաստանի վրա։
Ադրբեջանն իր բոլոր սահմաններին տեղակայում է շարժական հոսպիտալներ, բոլոր երկրները մշակել եւ իրականացնում են կոշտ համակարգված քայլեր: Ի՞նչ է անում Հայաստանը։ Իշխանությունները մատնված են անգործության. նրանք ուղղակի չգիտեն իրենց անելիքը, չեն պատկերացնում ռիսկերը։
Նրանց ուշքն ու միտքը երթը, հանրահավաքը, հանրաքվեն է։ Առողջապահության նախարարն ասում է՝ հանրահավաքները վիրուսի տարածման վտանգ չեն պարունակում: Սա մտածողություն է կամ մտածողության դեֆեկտ։
Օրվա իշխանությունները քաղաքական պատասխանատվություն են կրում այս անտարբերության, անգործության համար: Եթե հանկարծ վիրուսը հայտնվի եւ տարածվի Հայաստանում, ապա դրա հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է բացառապես գործող իշխանությունների վրա։
Հ. Գ. Այսօրվա հայաստանյան մթնոլորտը հիշեցնում է խորհրդային ոչ վաղ անցյալը՝ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը, որից հետո վտանգավոր գոտում գտնվող քաղաքների եւ գյուղերի բնակչությանը չէին տարհանել, ինչ է թե չձախողվեն մայիսի մեկի տոնական շքերթներն ու միջոցառումները:
Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»