Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոգո»-ները պետք է տարբեր լինեն

Փետրվար 28,2020 10:00

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հարցը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Ընտրողների 95 տոկոսն այդ հարցին պատասխանել է «այո»: Ի դեպ, եթե նույն հարցը հանրաքվեի դրվեր 1992 կամ 93 թվականներին, «այո»-ն, կարծում եմ, կստանար ավելի ցածր տոկոս:

Պարզ է՝ պետության անկախությունը (ինչպես եւ ազատության ցանկացած այլ տեսակ) իր մեջ պարունակում է արժանապատվության, հպարտության մեծ լիցք, բայց նաեւ՝ խնդիրների, չարչարանքի, դժվարությունների նույնքան մեծ չափաբաժին՝ վերջինս շատ մարդկանց ստիպում է ազատությունից փախչել եւ վերադառնալ, այսպես ասած, «հարմարավետության գոտի»:

Այսօր ես այդ «այո»-ի համար ամենեւին չեմ ափսոսում եւ շնորհակալ եմ թե՛ խորհրդային շրջանի այլախոհներին, որոնք մեծ զրկանքների գնով պայքարում էին անկախության համար, եւ այն պահի Հայաստանի ղեկավարներին, որոնք քաղաքական եւ իրավական տեսանկյունից ճշգրիտ ուղիով տարան Հայկական ԽՍՀՄ-ը դեպի անկախ Հայաստան:

1991 թվականի սեպտեմբերի 23-ի «Երեկոյան Երեւան» թերթի առաջին էջում հայտնված նկարը, որը թյուրիմացաբար կամ գուցե ինչ-որ մեկի, մեղմ ասած, անբարեխղճության պատճառով դարձավ առաջիկա՝ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «այո»-ի քարոզչության լոգոն, բացի «այո» բառից այլ տարր է պարունակում. պատկերում է շղթաներ, որոնք միաժամանակ կազմում են СССР հապավումը: Խորհուրդը պարզ է. «այո»-ն ճեղքում էր, կոտրում էր այդ պահին իր վերջին ամիսներն ապրող կայսրությունը, եւ դրանով արտահայտում էր մեր ժողովրդի կամքը՝ ապրել այդ կայսրությունից դուրս: (Կրկնեմ, հետագա մի քանի տարում շատերի մոտ այդ ցանկությունը զգալիորեն նվազել էր):

Այդպիսով, ամեն մի լոգո, ամեն մի խորհրդանշական նկար ունի իր պատմությունը, իր համատեքստը, որը տալիս է նրան համապատասխան իմաստն ու բովանդակությունը: Այսինքն, եթե ես «Առավոտի» առաջին էջում տեղադրեմ մուրճ եւ մանգաղ եւ ասեմ, որ դրանք սոսկ իմ հարգանքն են արտահայտում բանվորի եւ գյուղացու աշխատանքի հանդեպ, դա այդպես չի ընկալվի: Դա կընկալվի որպես որոշակի ժամանակաշրջանի, որոշակի գաղափարախոսության, որոշակի երկրի խորհրդանիշ:

Խնդիրը, հետեւաբար, ոչ այնքան առաջիկա հանրաքվեի լոգոյի հեղինակային իրավունքն է, գրագողություն լինել-չլինելը եւ հեղինակներին փոխհատուցելը, որքան նույն խորհրդանիշով երկու հանրաքվեների բովանդակությունների տարբերությունը:

Թե ինչ հարց է դրվելու ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեում՝ ԿԸՀ-ն դեռեւս չի հաստատել քվեաթերթիկի նմուշը: Բայց տրամաբանությունը հուշում է, որ հարցը պետք է լինի այսպիսին՝ «դուք կո՞ղմ եք սահմանադրական փոփոխություններին»: Իսկ դրա տակ հասկացվում է հետեւյալը՝ «դուք կո՞ղմ եք, որ ՍԴ յոթ անդամներն այլեւս չպաշտոնավարեն»:

Հիմա համեմատեք այդ հարցը 1991 թվականի հանրաքվեի հարցի հետ, որը մեջբերված է հոդվածի սկզբում, համեմատեք այդ հարցերի նշանակությունը, մասշտաբը, իմաստը: Հետեւաբար, 1991 թվականի շատ հայտնի նկարի եւ 2020 թվականի լոգոն չեն կարող նույնը լինել: Այնպես որ, եթե ուշ չէ, արժե հայտարարել լոգոյի նոր մրցույթ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Կարծում եմ այստեղ գրագողության կամ անբարեխիղճ աշխատանքի հարց չէ: Լոգոյի հեղինակը լավ էլ իմացել է, որ 1991 թվականի լոգոն է մատուցում: Պարզ հնարք է: Անձնական շահերի համար իշխող ուժն օգտագործում է հաղթած պայքարի լոգո: Հուսով, որ կհաղթի: Համոզված եմ՝ չի հաղթելու:

  2. Հ.Շ. says:

    Ինչո՞ւ նոր մրցոյթ: Արդէն իսկ տեղի ունեցած մրցոյթի ներկայացուած միւս մեծաթիւ պատկերանշաններից մի հատը կարող էին զատել: Սակայն բնորոշ բնաւորութեամբ եւ վարքագծով, որոշեցին կառչիլ սխալին, ամրապնդել խաբեբայութիւնը, Պատմութեան մէջ արձանագրել կոպիտ սուտը:

    Եւ այսպէս, «այո»ի շտապի ամենաառաջին քայլը իսկ, նրա գործունէութեան բառացիօրէն սկզբնակէտը՝ կեղծիք, խարդախութիւն կը հանդիսանայ: Եւ ըստ իրենց «Նոր» Հայաստանի ըստ իրենց այս շատ կարեւոր քայլը, կը կատարուի այժմու Հայաստանի ամենահին, նախնական խորհրդանիշի ներքոյ:

    ( Խորհրդային Միութեան աւարտումը պէտք է որ տեղի ունենար աւելի դանդաղ, հանգրուանային, կառուցողական կերպով: Հայաստանը յատկապէս, փաստօրէն, պատրաստ չէր այդքան հապճեպ գերիշխանութեան: )

  3. Artur Lazarian says:

    Դուք իրօ՞ք հաւատում էք, որ նոր մրցոյթ կը լինի 😊 Իրենք նախօրօք ամէն ինչ լաւ իմացել են։

  4. Ruben says:

    1991-ի փետրվարի 9-ին Լիտվայում անցկացվեց հարցում ԽՍՀՄ-ից Լիտվայի անկախության վերաբերյալ:
    Լևոն Տեր Պետրոսյանը դեռ մտածում էր:

    1991-ի մարտի 3-ին Էստոնիայում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ից Էստոնիայի անկախության վերաբերյալ:
    Լևոն Տեր Պետրոսյանը դեռ մտածում էր:

    1991-ի մարտի 31-ին Վրաստանը վերականգնեց իր անկախությունը:
    Լևոն Տեր Պետրոսյանը դեռ մտածում էր:

    1991 թվականի օգոստոսի 27-ին, Մոլդովայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը «Անկախության հռչակման մասին» թիվ 691 օրենքում և հայտարարեց ԽՍՀՄ-ից Մոլդովայի դուրս գալու մասին:
    Լևոն Տեր Պետրոսյանը դեռ մտածում էր:

    1991-ի մարտի 1-ին, չնայած նախկինում ընդունված հռչակագրին, Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ:
    Մարտի 25-ին եզրակացություն ուղարկվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահին, որտեղ ասվում է, որ այս որոշումը համապատասխանում է ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի «ԽՍՀՄ միության հանրապետությունից դուրս գալու հետ կապված հարցերը լուծելու կարգին» պահանջներին՝ կապված հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ (Հոդված 2), դրա անցկացման ժամկետը (ոչ ուշ, քան վեցը, և ոչ ուշ, քան ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրապետության հարցը բարձրացնելու որոշումից ոչ ուշ, քան ինը ամիս հետո (2-րդ հոդվածի 3-րդ մաս)):

    Օգոստոսի 5-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովին, որում նա խնդրեց նրան, որ ԽՍՀՄ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալուն առնչվող հարցերի լուծման կարգով», որպեսզի լուծի այդ տարածքում ներկայության հարցը:

    Անցավ 6 ամիս և ըստ ԽՍՀՄ օրենքների, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե, ոչ թե վերականգնելու Հայաստանի պետականությունը, այլ ստեղծելու նորը:

    Եվ համաձայն ԽՍՀՄ օրենքների, ստեղծվեց նոր պետական միավոր` Հայաստանի Հանրապետություն (տարածքը 29,000 քառակուսի կիլոմետր):

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829