Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

….Եվ եթե չեք կարող գիրքը վերընթերցել, մեկ անգամ ևս նայեք «Մկների ժողովը» մուլտֆիլմը

Փետրվար 28,2020 09:30

Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակն ինձ մոտ դեժավյու էր առաջացրել, ես ամիսներ շարունակ փորձում էի հասկանալ, թե որտեղից է ինձ ծանոթ այս իրականությունը, համադրելով այն հանրահայտ պատմական իրադարձությունների հետ, սակայն ինչպես միշտ պատասխանն ավելի քան պարզ էր՝ մենք ազգովի մասնակցում ենք Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» համանուն հեքիաթի ֆլեշմոբին:

Անկախությունից ի վեր` մեր քաղաքական էլիտան զբաղված է իր դիրքերը ամրապնդելով, սակայն եթե սա դեմոկրատական երկրներում իրականացվում է բարեփոխումների, խոսքի ազատության, իրավունքի գերակայության քողի ներքո, ապա մեր երկրում խաղարկվում է վախի մթնոլորտը:

Արցախի ազատագրումը, որը օգնեց գտնել մեր արժանապատվությունը, ձևավորել միասնական հայկական վեհ գաղափար, 1996թ. նախագահական ընտրությունները կեղծելուց հետո սկսեց շահարկվել որպես քաղաքական խաղաքարտ և շահարկվում է մինչ օրս, սակայն ինչպե՞ս կարող է հաղթանակած երկիրն օգտագործել իր հաղթանակը ինքն իր դեմ, դա առնվազն դավաճանություն է:

Բայց արի ու տես, որ հայկական իրականության մեջ գտնվեցին նման քաղաքական ուժեր և այդ ամենը դրվեց նժարին հանուն աթոռի: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո՝ արդեն քսան տարուց ավելի, քաղաքական էլիտան քննարկում է, թե ո՞վ և ինչպե՞ս պետք է տանի և զանգը կախի թուրքի վզից, իսկ թուրքը, որ դարավոր փորձ ունի ցեղասպանությունների իրականացման հարցում, անթաքույց հետևում է, թե ինչպես են մեր երկրի որոշակի քաղաքական ուժերն իրենց անձնական քաղաքական ամբիցիաների համար վախ սերմանում ժողովրդի մեջ՝ Արցախի հարցը շահարկելով, մերթ ընդ մերթ մեզ հրելով միմյանց դեմ պայքարի:

Մեր իսկ որոշակի քաղաքական ուժերը, ներարկելով մեզ այն գաղափարը, որ հայտնի դատավարության սուբյեկտները հենց այն քաջերն էին, որ զանգակը տանում էին ու քիչ մնաց կախեին թուրքի վզից, բայց մենք նրանց բռնեցինք, փակեցինք և հիմա զանգը կախող չկա, հանել են մեզ միմյանց դեմ առճակատման: Հասկանալի է չէ՞, որ հաղթանակած երկրում այս գաղափարախոսության սերմանումն առնվազն դավաճանություն է, քանզի, եթե դու քո ժողովրդին մշտապես սերմանում ես, որ այլևս այն թշնամուն, որին ջախջախել ես սեփական գոյությունդ ապահովելու նպատակով, ազատագրել ես քո երկիրը, հիմնել պետություն, որը պաշտպանում ես քո իսկ բանակի շնորհիվ, այժմ հաղթել հնարավոր չէ, բացասական ազդեցություն է ունեցել և դեռևս շարունակում է ունենալ երկրի բնակչության հիմնարար արժեհամակարգի վրա:

Սա այն գաղափարն է, որ միտված է տապալելու երկրի ոգին, ուստի բարոյականություն տեսանկյունից դավաճանություն է և մեղմ ասած դատապարտելի: Քանզի սերմանում ես սեփական ժողովրդի մեջ դասալքություն ոգևորել և ոգևորում ես թշնամուն՝ պատրաստելով նրան քո վրա հարձակման, ինչն էլ տեղի ունեցավ 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լսելով մեր իսկ վախերը կրկին գնաց արկածախնդրության և փառք Աստծո, որ ձեզ նմանները սահմանին կանգնած չէին, չնայած նման մարդիկ սահման չեն գնում, նրանք սպասում են, որ կռիվն ավարտվի և հեծնում են փառքը: Այնտեղ տղաներ էին ու տղաներ են, որ անտեսել ու անտեսում են ձեր կործանիչ գաղափարները և դրեցին իրենց զոհասեղանին, ևս մեկ հնարավորություն տալով մեզ ապրել և փոխվել, խիզախություն ունենալ տեր կանգնել մեր հաղթանակներին:

Իմ այս խոսքերն ամենևին էլ չեն վերաբերում նշված անձանց դատավարության հարցերին կամ անցած ուղուն, ես դատավոր չեմ և, պահպանելով անմեղության կանխավարկածը, կսպասեմ այդ մարդկանց վերաբերյալ դատարանի կողմից կայացրած դատավճիռներին պատմության գնահատականներին և հետո միայն ինձ համար կձևավորեմ կարծիք՝ արդարացի է նրանց վերաբերյալ կայացրած դատավճիռը, թե՝ ոչ, հերոս են նրանք, թե՝ դավաճան:

Այսօր ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչ է անում իշխանությունն այս այլանդակ գաղափարախոսությանը վերջ տալու համար: Նախկինների պես ներկաները ևս ասում են, որ ջանք չեն խնայում արտագաղթը կանգնեցնելու համար, սակայն այն շարունակվում է: Միգուցե հարցին մոտենալ բժշկական տեսանկյունից՝ սկզբում ախտորոշել հիվանդությունը, այնուհետև բուժում նշանակել: Թե չէ բոլոր խնդիրները հանգում են փողին կամ նրան, որ ժողովուրդը թամբալացել է և փռվել բազմոցներին, նպաստ է պահանջում: Բա ինչու է նույն այդ ժողովուրդը դուրսը աշխատում` երևի բազմոց չկա:

Ի՞նչ է կատարվում կառավարական շենքերում, թուղթ ու գի՞ր են արել այդ շենքերը: Հայրենասիրական գաղափարներով սերմանված անձինք մուտք են գործում իշխանություն և նրանց վայ-ֆայը ժողովրդի հետ անջատվում է:

Ասեմ իմացեք, թե մենք ինչ ենք պահանջում՝ խնդրում ենք ապահովել այն զենքերի և փամփուշտների առկայությունը, որը պետք է ստանանք, երբ թուրքը սպառնա մեր սահմաններին: Ի վերջո, բաժանվեք դատական իշխանություններից, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատի տալ նույնիսկ ձեզ: Քանի որ ընտրությունների ժամանակ մենք ձեզ ձայն ենք տվել միայն գործադիրն ու օրենսդիրը կառավարելու համար, այլ ոչ դատականը ձեզ հարմարեցնելու նպատակով: Գեթ մեկ անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն տվեք գրել և ընտրել Սահմանադրությունն այնպես, ինչպես ընտրեցինք ձեզ: Հնարավորություն տվեք հասարակությանը կազմել և իրավական գնահատական տալ նախորդ ռեժիմներին, որից հետո գիծ քաշենք ու շարժվենք առաջ, սերմանեք հասարակության մեջ զենքով և գրչով հայրենիքի համար ապրելու գաղափարը: Հիմնովին ոչնչացրեք պարտվողական գաղափարների սերմանումը հասարակության մեջ: Սփյուռքը և հայրենիքը միավորելու նպատակով համագործակցեք եկեղեցու հետ, այլ ոչ թե իրավունքներից և հնարավորություններից զուրկ մեկ հանձնակատարի գրասենյակով անիմաստ փորձեր կատարեք հայրենադարձություն ապահովել: Մի՞թե չգիտեք, որ գաղթելով օտար երկիր, մինչև տուն կառուցելը, մենք հայերս եկեղեցի ենք կառուցում, ուստի այդ պատերի ներքո միայն կարող եք մեզ միավորել, և կարևոր չէ թե իշխանությունն ու վեհարանը միմյանց հետ ինչ խնդիրներ ունեն, մենք պահանջում ենք, որ ծառայեք մեզ ամեն մեկդ ձեր բնագավառում և ի վերջո սփյուռքը հզոր զենք է, օգտագործեք այն, օգտվեք մեր հնարավորություններից, որ կառուցեք երկիր, այլ ոչ թե ամրապնդեք կուսակցական դիրքերը: Հայաստանը շրջապատված լինելով թշնամիներով չի կարող իրեն թույլ տալ վերջնականապես վերածվել կլանային ղեկավարման պետության: Եվ եթե չեք կարող գիրքը վերընթերցել, մեկ անգամ ևս նայեք «Մկների ժողովը» մուլտֆիլմը:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829