Փետրվարի 25-ին ՔՊ-ն դրամահավաք արեց՝ սահմանադրական հանրաքվեի ծախսերի համար, ու միանգամից հայտնվեց 2 սկանդալի մեջ: Շատ չէ՞ մեկ օրվա համար: Բայց՝ բնութագրական է: Նախ՝ լոգոյի մասին: Հանրաքվեի «այո»-ի շտաբի լոգոն պարզ պատճենումն է 1991-ի անկախության հանրաքվեի «Երեկոյան Երևանի» լոգոյի, պարզապես «ԱՅՈ»-ից հանված են զանգն ու շղթան: Ֆոտոշոփը 3 միլիոն ՀՀ դրամ արժի:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ, հաղթողը ստանալու էր 3 միլիոն դրամ: Երբ «Այո»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց բրենդինգի մրցույթում հաղթողը, մեկնաբանվեց. «Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»:
Հարց՝ եթե Garoon գործակալությունը կարող էր իրեն մտավոր սեփականության շարքային գողություն թույլ տալ, թեպետ հերքում է ու հայտարարում, որ պարզապես ոգեշնչվել են, մտածելով, որ 29 տարի է անցել, ի՞նչ էին մտածում մրցույթում նրանց տարբերակը հաղթող ճանաչածները: ՈՒ՝ ընդհանրապես՝ ի՞նչ մրցույթ է, ո՞վ է կազմակերպիչը, ովքե՞ր են մրցութային հանձնաժողովի անդամները:
Պետության ինստիտուցիոնալ հիշողությունը նաև դա է՝ հիշել լոգոներն ու պատճենումը կանխել: ՔՊ-ում հազիվ թե որևէ մեկը հիշել է 1991-ի «Այո»-ի լոգոն, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, որ նաև 1991-ին են հանրաքվեում քվեարկել ու չեն կորցրել հիշողությունը: ՔՊ-ն փաստի առաջ է՝ որոնում է բնօրինակի հեղինակին ու չգիտի ի՞նչ պատասխանել հարցերի տարափին: Շատ տեղին կլիներ անհայտ մրցույթը չեղյալ հայտարարել և Garoon գործակալությունից հետ պահանջել գումարը, ժամանակ չկորցնելու համար մրցույթի երկրորդ տեղում հայտնված լոգոն ընտրել: Կամ՝ ընդունել, որ 2018-ից առաջ էլ Հայաստանում հպարտ հայեր են ապրել, այնքան հպարտ, որ անկախությունն են ընտրել կյանքի ճանապարհ:
Կարդացեք նաև
Փոխարենը ՔՊ-ն որոշել է՝ 1991-ի լոգոյի ենթադրյալ 3 հեղինակներին տալ գումարը, թեպետ մեկը հերքել է իր հեղինակ լինելը, մյուսը ողջ չէ, երրորդն էլ խմբագիրն է… Մեղմ ասած՝ աբսուրդ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում