Դիպլոմային աշխատանքը տեղ կգտնի խաղացանկում
Դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, որը հայտնի է իր նորարարություններով, հավանաբար որոշել է իբրեւ թատրոնի ղեկավար նույնպես յուրահատուկ լինել. թատրոնի մանավանդ վերջին շրջանի մեկը մյուսից բարձրարվեստ ներկայացումների ցանկը գարնանը կհամալրվի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանող Մերի Մարգարյանի դիպլոմային աշխատանքով: Առաջին անգամ թատերասեր հանրությանը մեծ բեմում երիտասարդ ռեժիսորի մեկնաբանմամբ կներկայացվի ամերիկացի դրամատուրգ, օսկարակիր կինոռեժիսոր Վուդի Ալենի «Ճախրող լամպը» ստեղծագործությունը:
«Առավոտի» հետ զրույցում Մերի Մարգարյանը, որն ուսանում է Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, նշեց, որ երկար փնտրտուքից հետո եւ իր դասախոս Նարինե Գրիգորյանի հետ խորհրդակցելու արդյունքում կանգ են առել հիշյալ գործի վրա: Վուդի Ալենի՝ սեփական սցենարով ֆիլմերը, այդ թվում՝ «Կեսգիշերը Փարիզում», «Մանհեթն», «Հրաշքների անիվը» եւ այլն, ծանոթ են մեր հանդիսատեսին: Երիտասարդ ռեժիսորից հետաքրքրվեցինք՝ «Ճախրող լամպում» ի՞նչ առանցքային թեմա է շոշափում հեղինակը, որը կհետաքրքրի մեր թատերասերին: «Այս գործը ընտանիքի մասին է: Ամեն ինչ ու ամեն բան սկսվում է ընտանիքից»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ռեպլիկին՝ ամերիկյան ընտանիքի թեման ի՞նչ աղերս ունի մեր ավանդական ընտանիքի հետ, Մերին պատասխանեց. «Վուդի Ալենի այդ երկում ընտանիքի անդամները իրար չեն հասկանում, ամեն մեկն ունի կյանքի իր պատկերացումը եւ չի ընդունում մյուսի աշխարհընկալումը, ինչն էլ կոնֆլիկտի պատճառ է դառնում: Օրինակ, Փոլը երազում է դառնալ հրաշագործ, իսկ ընտանիքի անդամները ամեն կերպ փորձում են ետ պահել դրանից… Թույլ տվեք ամբողջովին չներկայացնել սցենարը: Բայց մի բան ուզում եմ ասել. Փոլի դերակատար Նարեկ Բաղդասարյանին հանդիսատեսը կբացահայտի նաեւ իբրեւ իլյուզիոնիստի: Ներկայացման մեջ ընդգրկված են արդեն ծանոթ ու սիրված եւ անծանոթ արտիստներ՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գեւորգյան, Հարություն Սարգսյան, Մխիթար Ավետիսյան, Միլենա Ղազարյան»: Հետո էլ հարցը «բերեց» հայ իրականություն ու ասաց. «Մեր ծնողներն էլ հաճախ չեն ընդունում մեզ այնպիսին, ինչպիսին կանք ու փորձում են մեզ հարմարեցնել իրենց պատկերացումներին…»:
Դիտարկմանը, թե՝ կարելի է պատկերացնել իր ապրումները՝ անհանգստությունը, ինչու չէ՝ նաեւ վախը, չէ՞ որ առաջին աշխատանքը տեղ է գտնելու խաղացանկում, բայց, մյուս կողմից՝ հավանաբար հանգիստ է, քանի որ ունի Ռուբեն Բաբայան, Նարինե Գրիգորյան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, բարդ է, բայց եթե գիտես ինչ ես անում, ում համար ես անում, ինչի համար ես անում, ապա ներսիդ անհանգստությունը մղվում է հետին պլան»:
Հետաքրքրությանն էլ, թե՝ դերասաններն ինչպե՞ս ընդունեցին նոր-նոր կարիերա անող ռեժիսորին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Պետք է կարողանալ շահել դերասանի վստահությունը: Եթե նա հասկանա՝ ինչ է ուզում ռեժիսորը, կգա նրա հետեւից: Նշեմ նաեւ, որ փորձերն ընթանում են բանավեճերով, առանց որոնց, հայտնի է, որ ոչ մի հետաքրքիր գործ չի ստեղծվում»:
Մերի Մարգարյանը հայտնեց նաեւ, որ ռեժիսորների դիպլոմային աշխատանքները հիմնականում իրականացվում են երեւանյան թատրոններում, բայց նշեց մեկ անուն՝ Վահագն Սահակյան, որի դիպլոմային աշխատանքը ներկայացվելու է Դիլիջանում, Կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Առանց մանրամասնելու էլ հավելեց, թե մարզերում կոնկրետ դիպլոմայինի պաշտպանությունը ինչ-ինչ խնդիրների հետ է կապված:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2020