Ինքնատիպ մանրանկարչական աշխատանքներ են ներկայացվում Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Մանրանկարների հեղինակը թբիլիսահայ նկարչուհի Գոհար Հակոբյանն է, որը Վրաստանում կայացած մի քանի ցուցադրություններից հետո, ինչպես ինքն արտահայտվեց՝ «համարձակվել է ներկայանալ» մայր հայրենիքում։
Այս գործում իրեն աջակցել են շատերը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Վիրահայոց թեմը՝ նախկին եւ ներկա առաջնորդներով, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ, իհարկե, հյուրընկալ ժողովրդական ստեղծագործության կենտրոնը եւ նրա տնօրեն Հովիկ Հովեյանը։ Ներկայացված ավելի քան 40 աշխատանքների թեմատիկ բանալին Ավետարանն է՝ իր խորին խորհուրդներով։ Դրանցից ամեն մեկը մի ինքնատիպ նկար է իր բովանդակությամբ. «Մկրտություն», «Ավետում», «Ավետարանիչներ», «Քրիստոսի գայթակղությունը», «Սուրբ Ծնունդ», «Խաչելիություն», «Յուղաբեր կանայք», «Հոգեգալուստ», «Հաբարձում» եւ այսպես շարունակ: Նկարչուհու աշխատանքների երեւանյան ցուցադրությունը ողջունեցին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, այժմ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը, գրող Վալերի Պարանյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Սամվել Մկրտչյանը, տնօրենի տեղակալ Կարինե Միրզոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը եւ ուրիշներ։
Մասնավորապես, Սերգո Երիցյանն ասաց, որ արտահայտած կլինի բոլորիս կարծիքը, եթե ասեմ՝ թեկուզեւ այսպես մեր սփյուռքի արվեստագետներին պետք է հնարավորություն տալ ներկայանալ մայր հայրենիքում, իրենց արվեստին հաղորդակից դարձնել հայրենակիցներին։
«Ես հեռու-հեռվից գիտեի Գոհարի արվեստը, բայց նա իր արվեստով այսօր շատերիս համար հայտնագործություն դարձավ,- ասում է Սերգո Երիցյանը, այնուհետեւ ավելացնում,- նման ցուցադրությունները վկայում են, որ ազգապահպանության հրաշալի կղզյակներ ունենք մեր հեռավոր ու մոտիկ սփյուռքում եւ նրանց ունեցած նման արժեքները պետք է հանրայնացնել եւ ավելի շատ հայերի ներկայացնել։ Իսկ, օրինակ, նկարիչներին պետք է օգնել, տեր կանգնել՝ թեկուզեւ նման ցուցահանդեսներ կազմակերպելով։ Այստեղ պետք է մեկտեղվեն բոլոր ուժերը՝ Հայ առաքելական եկեղեցուց մինչեւ պետություն ու հասարակական կազմակերպություններ։ Այս կերպ բազմաթիվ հայտնագործություններ կարող ենք ունենալ, ինչպես այսօր Գոհար Հակոբյանի դեպքում»։ Իր ելույթում նկարչուհին ասաց, որ սրտի թրթիռով է սպասել այս ցուցադրությանը մայր հայրենիքում, որովհետեւ ցանկացել է հանդիպել հայաստանցի արվեստասերին եւ արվեստի լեզվով այսպես պատմել հայ ազգի ամուր ինքնության ու մեր քրիստոնեական հավատի հզոր ուժի անհրաժեշտության մասին։ Գոհարը մեկ անգամ չէ, որ վրձին վերցնելուց առաջ ճամփորդել է Արցախում ու Հայաստանում, փորփրել պատմության հայտնի եւ անհայտ էջերը, անցել մեր ազգի մեծերի ոտնահետքերով, համոզվել, որ հանուն ազգային ինքնության գոյապայքարը ամեն օր ու ամեն ժամ պետք է լինի՝ ամեն հնարավոր միջոցով՝ նաեւ վրձնահարվածներով։ «Գոհարը վիրահայ համայնքի ակտիվ անդամներից է եւ նրա ողջ մտքերը իրենց արտահայտությունն են գտել նրա մանրանկարչական աշխատանքներում,- ասում է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,- ամեն մի աշխատանք իր խորին խորհուրդը ունի ու հոգեւոր ոգին: Որը ասես, որը թողնես՝ «Սուրբ Ներսես Շնորհալի…», «Սուրբ Քրիստոփոր», «Սուրբ Գրիգոր Նարեկացի», «Ավետում եւ մոգերի երկրպագությունը», «Խաչից իջեցում»: Դրանցում մեր հոգեւոր արմատներն են եւ ազգային լինելությունը: Հայաստանյան այս ցուցադրությունը կանչող է, իր խորհին խորհուրդն ունի»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի բացումը, արվեստասերների շփումը նկարչուհու հետ վերածվեց հայրենասիրության դասի եւ պատահական չէր Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի առաջարկությունը. «Ժամանակն է, որ Գոհարը իր ասելիքը ոչ միայն թղթին, այլեւ մեծածավալ կտավին հանձնի»։
Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2020