Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002-2011 թթ. գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, 2013-2016 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, 2016 թ. սեպտեմբերից նույն կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Ավետիսյանը:
-Ինչպե՞ս կգնահատեք այս կառավարության վարած քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում:
-Պետք է նկատել, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի մշակման ու հրապարակման առումով: Մասնավորապես, առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր եւ արտոնյալ պայմաններ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի, ջերմոցային տնտեսությունների, լիզինգով ձեռք բերվող տեխնիկայի եւ այլ ծրագրերով:
Բավականին շահեկան պայմաններ է առաջարկվում սահմանամերձ տարածքներում գործարարության խթանման համար: Վերջապես պիլոտային կարգով իրականացվում է գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիրը: Այդուհանդերձ, բացառությամբ ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության մյուս ճյուղերում դեռեւս էական տեղաշարժ չի երեւում: Ավելին, այս տարիներին ագրարային հատվածում նկատվում է ՀՆԱ-ի ցուցանիշի անկում:
Կարդացեք նաև
-Ինչո՞վ բացատրել այդ իրավիճակը:
-Իմ դիտարկումներով նոր ծրագրերի շուրջ խոսակցությունն ավելի շատ է, քան գործը: Բացի դրանից, հատկապես 2012-2017 թթ. գյուղատնտեսական մշակաբույսերի տարածության ու բերքատվության ցուցանիշներն այն աստիճան են ուռճացվել, որ թեկուզ ոչ լրիվ չափով իրականությանը մոտ վիճակագրական տվյալներով դժվար է գերազանցել անխնա նկարված թվերը: Բացի այդ, գյուղատնտեսության մեջ կատարվող լրացուցիչ ներդրումների փոխհատուցումը երկար ժամանակ է պահանջում եւ միանգամից չի դրսեւորվում: Այդ տեսանկյունից, մշակաբույսերի բերքատվության բարձրացման ամենաարտահայտիչ գործոնները բարձրորակ սերմերի, հանքային պարարտանյութերի կիրառությունն է եւ ոռոգման ջրի ժամանակին ու լիարժեք մատակարարումը: Այս առումով մենք ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք արձանագրել: Հնարավոր է, որ այդ ոլորտներում նախկինում չարաշահումներ են եղել, կոռուպցիոն դրսեւորումներ են եղել, բյուջետային միջոցներ են մսխվել: Բայց դրանք վերացնելու միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ուղղակի հրաժարվեցինք պարարտանյութերի ու սերմերի սուբսիդավորման ծրագրերից, իսկ ոռոգման համակարգում դեռեւս գործնական քայլեր չեն կիրառվում:
-Մի քանի տասնյակ հեկտարանոց ջերմատների կողքին 200-1000 քմ-անոց ջերմոցներն այլեւս մրցունակ չեն. մեծերը ցածրորակ ապրանքը էժանով լցնելով շուկա, դուրս են մղում փոքրերին: Բացի այդ, ջերմոցները կառուցվել են Արարատյան դաշտում, որը նախ` բնակլիմայական պայմանների առումով ամենավատն է ու այդ տարածքներում այլեւս խոշոր գյուղատնտեսական ծրագիր իրականացնել հնարավոր չէ, քանի որ անկանոն կառուցված այդ ջերմոցներն արգելակում են ցանկացած նոր «գյուղատնտեսական շինարարության»:
-Իրոք, ջերմոցային տնտեսությունների աճը տարերային է, առանց գիտական հիմնավորման: Չի բացառվում, որ 10 տարի հետո ինչ որ լուրջ ծրագիր իրականացնելիս սրանք խանգարեն: Արարատյան դաշտում, հատկապես վարելահողերի վրա ջերմոցային տնտեսության զարգացում չպետք է թույլ տալ: Փակ գրունտի տեղը նախալեռնային գոտին է: Սեւանի ավազանում բնակլիմայական հնարավորությունները դրա համար ամենալավն են, չնայած, որ կոմունիկացիաների, լոգիստիկայի խնդիրներ կան: Բնապահպանության նախարարության հետ նման քննարկումներից մեկի ժամանակ մասնագիտորեն հիմնավորեցի, որ Նորագավթի Երեւանամերձ բերրի հողերի վրա ջերմոցներ կառուցելը սխալ էր, քանի որ դրանցից ընդամենը երկու-երեք կմ այն կողմ անմշակ հողեր են, ջերմոցի կառուցման համար հիանալի տարածքներ: Բայց ներդրողները խուսափում են լրացուցիչ ծախսերից, գերադասելով պատրաստի կոմունիկացիաները: Դա լուրջ խնդիր է եւ միակը չէ: Խելամիտ հողօգտագործումը ցավոք, մեր խոցելի տեղերից է:
-Արդյոք դա ոլորտի ռազմավարության չգոյության հետեւանք է:
-Այո: Նախորդ ռազմավարությունը մշակողներից մեկն էլ ես եմ, բայց ինքս էլ հիացած չէի այդ փաստաթղթով: Բանն այն է, որ ռազմավարության մի շարք կարեւոր գաղափարներ, որոնք շոշափելի բյուջետային աջակցություն էին պահանջում, կառավարությունը մերժեց, եւ արդյունքում ունեցանք լոզունգային դրույթներով լի, անատամ մի փաստաթուղթ: Հիմա էլ համոզված եմ, որ ռազմավարության յուրաքանչյուր կարեւոր դրույթ պետք է ամրապնդվի կոնկրետ ծրագրով, որտեղ պետք է ներկայացվեն իրականացման գործուն կառուցակարգերը, ֆինանսական ծրագիրը եւ ֆինանսավորման աղբյուրները: Ցավոք, գրեթե միշտ, երբ հերթը հասել է այդպիսի ծրագրերին, ապա դրանք մերժվել են «փող չկա» հիմնավորմամբ: Եթե փողը չկա, ծրագիր չի իրականացվում, ռազմավարությունն էլ անպտուղ է լինում:
-Հիմա «ժողովրդավարական» կառավարություն է, որը հասցրել է մշակել գյուղատնտեսության զարգացման բոլորովին նոր ռազմավարություն: Ձեր տեսանկյունից «ժողովրդական» ռազմավարությունը ինչո՞վ է տարբերվում նախորդներից, ի՞նչ նոր մոտեցումներ են որդեգրվել, որ նախկինում չկային:
-Ամենավերջին տարբերակին ծանոթ չեմ: Նախնական տարբերակի շուրջ 80%-ը նախորդ ռազմավարության կրկնությունն էր: Երեւի այդպիսի կարծիք հայտնելու պատճառով խուսափեցին ինձ մասնակից դարձնել ռազմավարության քննարկումներին: Եթե անկեղծ, ես սպասումներ ունեմ ռազմավարությունից բխող ծրագրերից: Բարեբախտաբար, ակտիվություն նկատվում է: Մի քանի ծրագրերի մասին արդեն խոսեցի: Վատ ծրագրեր չեն նաեւ ոչխարաբուծության եւ տավարաբուծության զարգացման ծրագրերը, դարձյալ, եթե ֆինանսական ապահովվածություն ունենան:
-Ոչխարաբուծության առումով կառավարության մոտեցումն այնքան էլ հասկանալի չէ: Սա խիստ եկամտաբեր ոլորտ է, որտեղ շտապում են փող դնել (չշփոթել ներդրում անելու հետ) բոլոր փողատերերը: Եթե ոլորտում գերակտիվ շարժ կա, պետության կողմից սրա սուբսիդավորման իմաստը ո՞րն է: Ավելի ճիշտ չէ՞ այդ գումարը մեկ այլ, ավելի անհրաժեշտ տեղ օգտագործելը:
-Ես այլ կարծիքի եմ: Գյուղատնտեսությունը բազմաֆունկցիոնալ է, ունի լուրջ մուլտիպլիկացիոն էֆեկտ: Ոչինչ, թող այդ աջակցությունը տրվի նաեւ խոշոր ներդրողին: Բայց վերոնշյալ մուլտիպլիկացիոն էֆեկտը այնքան մեծ է, որ դա մի քանի անգամ փոխհատուցվում է ե՛ւ արտահանման, ե՛ւ վերամշակման, ե՛ւ գյուղի զարգացման, միգրացիոն հոսքերի կարգավորման առումներով: Ցավոք, ինչքան էլ ծրագրեր են մշակվում, միեւնույն է, գյուղերն աննախադեպ ինտենսիվությամբ դատարկվում են: Մարդիկ աշխատանքի փնտրտուքով գալիս են Երեւան, այստեղից էլ՝ հեռանում են:
-Արդեն 30 տարի է գյուղը դատարկվում է: Պետական մեքենան ի դեմս կառավարության, կլինեն նախկինները, կլինի՝ սա, ունի՞ հիմնավոր, հստակ ուսումնասիրություն, թե գյուղն ինչո՞ւ է դատարկվում: Կա՞, գյուղի դատարկման թիվ մեկ պատճառը ու այն կասեցնելու միջոցառումների ծրագիրը:
-Իհարկե, վերջին երեք տասնամյակում այդ բացասական գործընթացը ավելի է ակտիվացել: Սակայն չի կարելի ասել, որ դա նոր երեւույթ է: Եթե այդպես չլիներ, ապա ինչու՞ մինչեւ անցյալ դարի 60-ական թվականները կոլտնտեսականներին անձնագիր չէին տալիս կամ 70-80-ական թվականներին ինչու՞ էին արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր ստեղծում գյուղերում: Դրանք գյուղական բնակչության արտահոսքը կանխելու նպատակ էին հետապնդում: Այսինքն, հիմնախնդիրը կար եւ դրա համար կիրառվում էր խիստ վարչարարություն: Իսկ արտահոսքի հիմնական պատճառը գյուղական աղքատությունն ու այլընտրանքային զբաղվածության սահմանափակ հնարավորություններն են:
-Եթե այդքան ծրագիր է արվում ու ինչպես նշում եք, արտագաղթը գնալով աճում է, կնշանակի, որ այդ ծրագրերը, ժողովրդի լեզվով ասած՝ «մեխին չեն խփում»:
-Եթե տոկոսային համեմատություն անցկացնենք, ապա այդ ծրագրերը միայն 5-6%-ով են ծածկում խնդրո առարկա հիմնախնդիրները: Դրանք չեն կարող միանգամից ազդել ու վերացնել բացասական գործընթացները:
-Միանգամից չէ: Ձեր թվարկած գրեթե բոլոր ծրագրերը սկսվել են դեռ 2016թ.-ին Կարեն Կարապետյանից, մի բան էլ նրանից 4-5 տարի առաջ.:
-Եվ այո, եւ ոչ: Ծրագրերի մեծ մասը իրականացվել է դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք: Սակայն, որքան էլ ծրագրերը գայթակղիչ էին, հատկացվող գումարը բավականին սահմանափակ էր, իսկ դրանց իրականացման մեխանիզմները՝ անկատար: Անցած տարվա հաշվով հազիվ 24-25 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել: Սա շատ փոքր թիվ է գյուղատնտեսության մեջ էական տեղաշարժ արձանագրելու համար:
-Լինելով փոքր թիվ, միաժամանակ այս գումարը թիրախային չի օգտագործվում եւ երբեք էլ արդյունք չի տալու, եթե նույնիսկ 100 մլրդ լինի: Սուբսիդավորվող վարկերը սկսվում են 3 մլն-ից, համապատասխան գրավով, որը պետք է լինի առնվազն 4 մլն դոլարին համարժեք, որը նշյալ 80- 90% գյուղացին չունի:
-Այդ մասին ես բազմիցս գրավոր ու բանավոր հանդես եմ եկել: Ժամանակին, երբ մենք իրականացնում էինք սուբսիդավորման քաղաքականությունը, մինչեւ 7 հա ունեցողին էինք սուբսիդավորում (օրերս այդ թիվը հասցվեց մինչեւ 100 հա-ի, դարձյալ «հեռացնելով» հող մշակող գյուղացուց Ա.Խ.): Կարեն Կարապետյանից սկսած գյուղատնտեսությունը սկսեցին դիտարկել միմիայն բիզնեսի տեսանկյունից: Մտածում էին, որ փոքր տնտեսություններին սուբսիդավորելն արդյունք չի տալիս:
-Իսկ հարցի սոցիալական կողմը՞:
-Դրա պատասխանը մեկն էր. «սոցիալական խնդիրներով զբաղվում է ոչ թե գյուղատնտեսության, այլ սոցապ նախարարությունը»:
-Կարեն Կարապետյանի օրոք սուբիսդավորվող վարկերի գումարը սկսվում էր 3 մլն-ից, այս կառավարությունում բազմիցս է շրջանառվել շեմը 4 մլն բարձրացնելու գաղափարը:
-Համոզված եմ, որ դա սխալ մոտեցում է: Գյուղատնտեսության ՀՆԱ-ի 98%-ը տալիս են փոքր գյուղացիական տնտեսությունները: Հայաստանում ընդամենը մի քանի ապրանքային, համեմատաբար խոշոր տնտեսություն կա: Վարկերը միայն դրանց տալով, բնականաբար լուրջ տեղաշարժ ապահովել հնարավոր չէ: Փոքր տնտեսություններին պետք է լուրջ ուշադրություն դարձվի, այլապես տնտեսությունների խոշորացում էլ չի լինի: Տեւական ժամանակ ասվում էր, որ կոոպերացիային խանգարում է օրենքի բացակայությունը: Օրենքը վաղուց ընդունվել է, բայց որեւէ տեղաշարժ չկա, որովհետեւ գյուղացին կոլեկտիվ աշխատանքի հակվածություն չունի: Մարդն ուզում է իր հողը մենակ ինքը մշակի, թեկուզեւ քիչ օգուտով: Մի կողմից հոգեբանական գործոնն է ուժեղ աշխատում, մյուս կողմից՝ չկա միավորող գործոն, վերջապես քիչ են վստահություն ներշնչող եւ մարդկանց համախմբող իսկական լիդերները: Հետեւաբար ոչ միայն պետք է կոոպերատիվներին վարկերը ավելի ցածր տոկոսադրույքներով տալ, այլ պետք է գտնել լիդերներ եւ կենտրոնաձիգ գաղափար, շահեր, որոնց շուրջը կձեւավորվեն իսկական, ժողովրդավարական սկզբունքով գործող կոոպերատիվները: Այս առումով բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագիրը, որի աշխատաոճը որոշ չափով նաեւ GARD- ն է որդեգրել: Դա լավ օրինակ էր, որ հենվում էր արտադրողի մոտիվացիայի վրա: Այլապես զուտ սիրուն խոսքերով մարդիկ չեն միավորվի: Սկզբնական փուլում այդպիսի լավ հնարավորություն էր խոստանում նաեւ ՋՕԸ-երի ստեղծումը, որ կարող էր նպաստել իրական կոոպերացիայի ձեւավորմանը: Ցավոք, աստիճանաբար համատիրության սկզբունքը խեղաթյուրվեց: Մասնակցային կառավարումը անտեսվեց, վերադարձ կատարվեց վարչահրամայական ձեւերին: Ոռոգման համակարգի լրավճարի ու ոռոգման ջրի սուբսիդավորման այնպիսի կառուցակարգեր ներդրվեցին, որոնք լայն հնարավորություններ էին ստեղծում չարաշահումների համար:
-Բուսաբուծության ոլորտի արժեշղթայի առաջին օղակը ոռոգումն է: Վերջինը՝ իրացումը: Առաջին օղակը փաստացի կաթվածահար վիճակում է եւ պարզ չի կառավարության տեսլականը սրա ապագայի հարցում:
-Ոռոգման խայտառակ վիճակը պայմանավորված է խայտառակ դրվածքով: Այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ ու փոխհարաբերություններ են ստեղծված, որ ոչ մի կառույց շահագրգիռ չէ խնայել ջուրը: Մեզանում ամեն ինչ արվում է, որ շատ ջուր ծախսվի, իսկ ավելի ճիշտ՝ շատ ծախվի: Դրա հետ մեկտեղ ջրի ծախսի մի մասը պարտադիր թաքցվում է կամ վերագրվում գերնորմատիվային կորուստներին: Դրա համար էլ այդքան ներդրումներից հետո անգամ, ոռոգվող տարածքները կրճատվում են: 2007թ.-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեցինք ոռոգման համակարգի բարեփոխումների բավականին հիմնավորված ծրագիր, որը բացառելու էր բոլոր այս արատավոր երեւույթները: Մի տարբերակով առաջարկում էինք ոռոգման ջուրը դարձնել անվճար, բայց կառավարման գործուն համակարգ ստեղծել: Երկրորդ տարբերակով առաջարկում էինք սուբսիդիայի գումարը հատկացնել ոչ թե ՋՕԸ-երին, այլ՝ ջրօգտագործողներին: Երկու տարբերակն էլ մերժվեց: Համապատասխան ուժերն ավելի զորեղ գտնվեցին: Հիմա Իսրայելում ոռոգման համար մեզանից քիչ ջուր են օգտագործում, բայց մեզանից 10 անգամ ավելի գյուղմթերք են ստեղծում: Այնտեղ ջրի օգտագործումը խիստ նորմավորված է եւ նորմայից պակաս ջրի օգտագործման դեպքում ավելի ցածր սակագնով են վճարում: Հակառակ դեպքում սակագինը կտրուկ բարձրանում է:
Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2020