Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելից հնարավոր վտանգը պետք է չեզոքացնել

Փետրվար 28,2020 12:00

Երկակի, ոչ միանշանակ ձեւակերպումներ Արցախի վերաբերյալ չպետք է թույլ տալ

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ: Ադրբեջանական գործակալությունները հայտնում էին, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի նախագիծը, որը կսահմանի իրավական հիմք հետագա համագործակցության համար: Վարհելին նշել է նոր համաձայնագրի հարցով բանակցությունների ինտենսիվացման կարեւորությունը եւ առաջարկել է համաձայնեցնել այն մինչեւ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որը նախատեսված է 2020թ. հունիսին, եւ նախաստորագրել այդ միջոցառման շրջանակներում: Հայտնի է, որ կողմերը հանդիպմանը քննարկել էին նաեւ էներգետիկ ոլորտում ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր:

Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց անցյալ տարի: Անցյալ գարնանը Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել էր, թե Բրյուսելի եւ Բաքվի միջեւ պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ է եւ այն կնքվելու է մայիսին: Սակայն խորհրդարանի խոսնակի նշյալ հայտարարության հաջորդ օրն արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Մայիսի 13-ին Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում չի ակնկալվում: Բանակցությունները այն փաստաթղթի շուրջ, որ հանդիսանալու է ԵՄ եւ Ադրբեջանի հարաբերությունների իրավական հիմքը, դեռ շարունակվում են»: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անցյալ տարի մի առիթով նշել էր, որ պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է:

Նշենք, որ ԵՄ ղեկավարությունը Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաեւ այս կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու մանդատը տրամադրեց 2016թ. նոյեմբերին: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996-ին կնքված երկկողմ փաստաթղթին:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերություններին առնչվող վերջին տեղեկությունների ֆոնին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձեւակերպումներ. «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը եւ նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք: Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձեւակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար։

Բայց մեզ համար կարեւոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր կունենա։ Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլեւ համադրելի չեն։ Առկա տենդենցներով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։ Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս երկու տարին, լուրջ հարցերը Հայաստանի գործող իշխանություններին չեն հետաքրքրում: Հայաստանի ԱԳ նախարարությունը եւ Ազգային ժողովը պարզապես պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին եւ հստակ պարզաբանել, ի՞նչ աշխատանք է տարվել այս ուղղությամբ եւ ինչպիսի՞ն են արդյունքները։ Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու»։

«ՀՀ ԱԳՆ ավելի վաղ արած անդրադարձն այդ թեմային ակտուալ է մինչ այժմ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ընդգրկված՝ ԼՂ հակամարտությանն առնչվող ձեւակերպումների վերաբերյալ: Աննա Նաղդալյանը նշել էր, թե չի կարող ասել, թե Արմեն Աշոտյանն ինչ աղբյուրներից է նման տեղեկատվություն ստանում. «ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը երկկողմ հարթակում է: Բնականաբար, այն, ինչ վերաբերում է մեր առաջնահերթ խնդիրներին, մենք եվրոպացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք այդ հարցերով, եւ իմ մայիսի անդրադարձը ակտուալ է, խնդրում եմ, դա հիմք ընդունեք նաեւ այսօր»:

Իսկ անցյալ տարի մայիսի 21-ի ճեպազրույցում Աննա Նաղդալյանն այս թեմայի շրջանակներում հայտարարել էր հետեւյալը. «Գիտեք, այս գործընթացում Հայաստանը որեւէ ներգրավվածություն չունի, որովհետեւ մենք հանդիսանում ենք երրորդ կողմը, իսկ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները: Դրանք բոլորը երկկողմ հարթակում են: Բայց նաեւ մեր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին, եւ որոշ դեպքերում նաեւ մեր եւ մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: ԵՄ պարագայում խոսքը գնում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների եւ նաեւ մեր համաձայնագրի մասին, որը ՀԸԳՀ-ն է՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում»:

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ընդունման-չընդունման գործընթացի վրա Հայաստանն, իհարկե, չի կարող ազդեցություն ունենալ, սակայն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի համար սկզբունքային հարցերում, այսպես ասած՝ երկակի մոտեցումների կիրառում, չպետք է թույլ տալ: Ինչ-որ առումով, անցյալ տարի ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման ձգձգումը հայկական կողմի համար բարենպաստ էր, այն առումով, որ ժամանակ կար աշխատանք տանելու:

Նկատենք, որ փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Ըստ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության՝ նրանք մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծել են Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարեւոր հարթակ, շեշտել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը: ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները, ինչպես նաեւ անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Հուսանք, պաշտոնական Երեւանը եվրոպացի գործընկերների հետ աշխատանք տանում է, որպեսզի թույլ չտրվի, որ Արցախի հարցում պաշտոնական Բաքուն ձեռք բերի փաստաթղթային ձեւակերպումներ, որոնք հետագայում կարող են ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա՝ քարոզչականից մինչեւ առարկայական բանակցություններ տիրույթներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել