Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի «պոգրոմների» ու Խոջալուի «ջարդի» մասին Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 27,2020 23:45

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ալսի Հասթինգսը չորեքշաբթի օրը հանդես է եկել Սումգայիթի ու Խոջալուի հայտնի դեպքերի մասին հայտարարությամբ։

«Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները եւ Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը», այսպես է սկսվում հայտարարությունը։

Շեշտենք, որ Սումգայիթի իրադարձությունները ներկայացնելիս՝ Հասթինգսը կիրառում է «պոգրոմ» եզրը, ինչն օգտագործվում է քաղաքական իշխանությունների կողմից թույլ տրված ազգային ու կրոնական հենքի վրա իրականացված ջարդերը նկարագրելու համար։

Կոնգրեսականն այնուհետեւ կոչ է անում Երեւանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին այս շաբաթ արժանապատվությամբ նշել Սումգայիթի ու Խոջալուի զոհերի հիշատակը, ինչը, նրա խոսքերով, կտա այդ վերքերը բուժելու եւ հարատեւ խաղաղություն հաստատելու համար լավ հնարավորություն։

Սումգայիթի իրադարձությունների մանրամասները ներկայացնելուց հետո, Հելսինկիի հանձնաժողովի նախագահն անդրադառնում է Խոջալուի դեպքերին՝ այն համարելով «այս հակամարտության ընթացքում ամենացավոտ իրադարձությունը»։ Ըստ հայտարարության, առաջ շարժվող հայկական ջոկատների մարտիկները կրակ են բացել հիմնականում ադրբեջանցի քաղաքացիական անձանց ուղղությամբ, երբ վերջիններս փախուստի էին դիմում էին Խոջալուից։

«Չնայած տարբեր հաշվարկներին, հայ զինյալները սպանել են ադրբեջանցի մի քանի հարյուր քաղաքացիների», ասված է Հասթինգսի հայտարարության մեջ։

Դիմելով Ներկայացուցիչների պալատի նախագարին՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահն ասում է, «Ես հորդորում եմ Երեւանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին նոր էջ բացել այս սարսափելի հակամարտության պատմության մեջ. Եվ դրա համար ամենաճիշտ ձեւը կորսված կյանքերի հիշատակը հարգելն է»։

«Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն ի զորու են ապահովել, որ նմանատիպ վայրագություններ այլեւս չկրկնվեն», ասված է Հելսինյան հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ, որը նա եզրափակում է հետեւյալ խոսքերով. «Երեւանն ու Բաքուն պիտի դնեն այն հիմքերը, որոնք հետագա սերունդներին կսովորեցնեն ապահով ու բարեկեցիկ համագործակցության կյանքի գինը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829