Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացավ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու ժամկետը. ՍԴ որևէ դատավոր դիմում չի գրել. արձագանքներ

Փետրվար 27,2020 23:40

Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ մեկը չցանկացավ օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, աշխատանքից ազատվելու դիմում գրել և մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ աշխատավարձի չափով թոշակ ստանալ։ Վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու վերջնաժամկետն այսօր լրացավ։ Դիմումները պետք է ուղարկվեին Ազգային ժողովի նախագահին։ Աշխատակազմից փոխանցեցին՝ որևէ դիմում չեն ստացել։

Ներկայացնում ենք այս առնչությամբ ֆեյսբուքյան որոշ արձագանքներ: 

Ազգային Հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայան. «Նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք եւ պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։

Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»:

«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյան. Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։

Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է։

Ալվինա Գյուլումյան

Արևիկ Պետրոսյան

Ֆելիքս Թոխյան

Արաիկ Թունյան

Հրանտ Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Հրայր Թովմասյան

Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։

Ժամանակը գալու է, և նրանց անկոտրում կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները»:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյան. «ՀՀ Սահմանադրական դատարանը դիմացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ փորձությանը՝ դիմագրավելով քաղաքական իշխանության աննախադեպ ճնշումներին:

Անկեղծ ասած վայրկյան անգամ չէի կասկածում ՍԴ դատավորների կամային հատկանիշներին և իրավաբանական արժանապատվությանը:

ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության դասագրքերում»:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գեւորգ Դանիելյան. Դեռ հարկ կլինի անդրադառնալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին ու կոնկրետ անձանց, որոնք հրաժարվեցին հրաժարականի «փայլուն հեռանկարից»։ Ուղղակի առայժմ մի մասնավոր, ԲԱՅՑ ԲՆԱՎ ՈՉ ԵԶԱԿԻ օրինակ. այդ դատավորներից է նաև Ալվինա Գյուլումյանը, որին մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը մնացել է սոսկ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ, ասել կուզի՝ դժվար կլիներ իրեն մեղադրել մի քանի ամիս շուտ հրաժարական տալու համար, մանավանդ, որ հրաժարականի դեպքում նախատեսված էր գրավիչ, համեմատաբար բարձր կենսաթոշակ։ Եվ սա այն անձն է, որը տասը տարուց ավել բարձր է պահել Երկրի պատիվը ՄԻԵԴ-ում, այն անձն է, որը հաճախ իր պետության դեմ է քվեարկել՝ վեր դասելով նախկին ընդդիմության ներկայացուցիչների խախտված իրավունքները, այն անձն է, որը կարող էր բարձր վարձատրությամբ աշխատել ցանկացած միջազգային կառույցում, բայց գերադասել է վերադառնալ իր Երկիր։ Ո՞վ կարող է այս դատավորին արժանապատվորեն փոխարինել, չսպասելով այդ մի քանի ամիսը։ Ովքեր վստահաբար խոսում են այս տեսակի մարդու վրա իբր ներգործելու «փաստերի» մասին, պարզապես լավ չեն ճանաչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829