ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը:
Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
ՀՀ Ազգային ժողով