Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության ավարտից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սպասված մրցակցություն այս տարի չկար առաջատար մի քանի մարզիկների բացակայության պատճառով, որոնք վնասվածք ունեին:
«Սակայն դրան նպաստեց նաեւ, որ այս տարի չենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, քանի այն կայանալու է Բաքվում: Մեր թույլտվությամբ Հայաստանի առաջնությանը մասնակցեցին նաեւ պատանիներն ու երիտասարդները, որոնք իրենց ելույթներով ցույց տվեցին, որ լավ հերթափոխ կա»,-ասաց նա:
Մասնագետը ապագայի մեծ հույսեր է կապում արդեն այսօր մեծ սպորտում իր խոսքն ասել սկսած Արթուր Ավետիսյանի հետ, որը նրա խոսքով արդեն հաջորդ օլիմպիական խաղերում մեդալի համար պայքարելու լուրջ հայտ կարող է ներկայացնել:
Կարդացեք նաև
Հակոբ Սերոբյանը որոշակի մտահոգություն հայտնեց, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի մեր միակ մասնակիցը՝ Արթուր Դավթյանը, դեռ չի կարողանում վնասվածքից լիարժեք ապաքինվել: Այդուհանդերձ, նա կմասնակցի հավաքներին եւ աշխարհի գավաթի փուլերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ