Փետրվարի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով դատական նիստը:
Հիշեցնենք` Սեդրակ Քոչարյանը զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, թե բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Սեդրակ Քոչարյանն Արա Պապյանից պահանջում է հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Կարդացեք նաև
Այսօրվա նիստում դատավորը տեղեկացրեց, որ նիստից առաջ պատասխանող Արա Պապյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին, սակայն դա կողմերին չի տրամադրվել, ուստի այն չի քննվի, քանի որ միջնորդության ներկայացման ընթացակարգը պահպանված չէ:
Պատասխանող կողմը արձագանքեց, որ նորից միջնորդություն կկներկայացնի և կտրամադիր գրավոր փաստեր:
Հայցվոր կողմի պաշտպան Անի Ալավերդյանը, որպես գրավոր ապացույց ներկայացրեց lragir.am-ում տպված հոդվածներ:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հակադարձեց հայցվոր կողմին և ներկայացրեց Արա Պապյանի lragir.am-ին տված հարցազրույցի ձայնագրությունը. «Ձայնագրության ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ խնդրո առարկա հրապարակման և Ձայնագրության միջև կա տարբերություն, լրագրողը խմբագրել է այդ հատվածը»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Արա Պապյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյան ներկայացրեց ևս մեկ միջնորդություն. «Ներկայացնում եմ Վաչագան Մանուկյանի տվյալները և միջնորդում եմ, որ նա, որպես վկա հանդես գա դատարանում»:
Դատավորը պահանջեց ներկայացնել, թե վկային որտեղից է ճանաչում և կապ եղել է նրա հետ, թե ոչ:
Արա Պապյանը ասաց, որ Ամիրյան փողոցի պատմությունը նրա հետ է առնչվում. «Ես երկար եմ փնտրել նրան, խանութի փակվելու վերաբերյալ, բայց ինձ ասել են, որ նա երկրում չէ. փախել է խանութի փակվելուց հետո, որովհետև ճնշումներ են եղել իր հանդեպ: Որոշ ժամանակ անց, իմ ծանոթներից մեկը զանգեց ինձ և ասաց, որ իմ փնտրած մարդը եկել է Երևան և ուզում է զրուցել ինձ հետ: Մենք պայմանավորվեցին հանդիպման մասին և նա պատրաստակամություն հայտնեց պատմել իրականությունը և հաստատեց, որ կարիքի դեպքում վկայություն կտա դատարանում»:
Երկար քննարկումից հետո դատարանը ընդունեց միջնորդությունը առ այն, որ պատասխանող կողմը կարող է կանչել վկային:
Արձագանքելով դատարանի որոշմանը՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը միջնորդեց դատարանին՝ դատական նիստը հետաձգել, որպիսի բացարկի միջնորդություն ներկայացնեն. դատավորը ընդունեց միջնորդությունը և նշանակեց նիստ մարտի 26-ին:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ