Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ցուցանիշներ հրապարակեց համաձայն, որոնց Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի առումով գտնվում է աֆրիկյան վատ երկրների շարքում:
Ասաց, որ ճանապարհային երթեւեկության թեման քննարկելիս իրեն ամենաշատը մտահոգում է, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից միջինից ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ ապրիլյան քառօրյային կամ ամբողջ տարվա ընթացքում հակառակորդի կողմից եւ ոչ միայն, բանակում արձանագրված դեպքերը միասին վերցրած:
Իգիթյանի կարծիքով, նախ՝ պետք է հասկանալ ով է պատասխանատու այդ զոհերի համար: Նրա խոսքով, օրինակ՝ Շվեդիան գտնում է, որ դրա պատասխանատուն պետությունն է եւ անգամ ալկոհոլ օգտագործած վարորդի պարագայում. «Անկախ նրանից վարորդը հոգնած է, կամ տրամադրությունն այն չէ, կամ ծեր է կամ գուցե նաեւ ալկոհոլ օգտագործած լինի, ասում է՝ ես պետք է ճանապարհներին ստեղծեմ այնպիսի պայմաններ, այնպիսի արգելապատնեշներ, կամ այնպիսի տարանջատում անեմ, որ նույնիսկ ուշագնաց վարորդը, եթե գլորվի, չմահանա: Եվ դա է պատճառը, որ Շվեդիան ամենալավ դիրքերում է ՃՏՊ-ների ցուցանիշով»:
Ըստ նրա, երբ փորձել են վերլուծել ՃՏՊ-ների վիճակագրությունը եւ փորձել հասկանալ, որ դեպքերից են ավելի շատ զոհվում, հասկացել են, որ ամենաշատ դեպքերը լինում են ճանապարհի եզրից. «Երբ ճանապարհի եզրից մեքենան դուրս է գալիս, ընդ որում, առանց այլ մեքենայի հետ բախում ունենալով եւ վթարի է ենթարկվում, ինչը նշանակում է, որ վտանգավոր հատվածը կահավորված կամ լավ կահավորված չէ: Երկրորդ՝ մենք պետք է ճանապարհային շինարարական կազմակերպությունների վրա դնենք այնպիսի ստանդարտներ, որոնք կապահովեն այդ ամենը: Եթե նա շահում է այդ մրցույթը, պետք է ապահովի հատկապես՝ այն հատվածներում, որտեղ մեքենաները կարող են եզրից դուրս գալով՝ դժվար վիճակում հայտնվել եւ զոհեր լինեն: Եվ երրորդ՝ վարորդի պատասխանատվությունը»:
Կարդացեք նաև
Պարոն Իգիթյանի համոզմամբ, խնդիրը պետք է հիմնովին լուծվի, որպեսզի զոհեր չունենանք. «Եթե կարող ենք բալայինի միջոցով այս հարցը լուծել, ուրեմն բալայինի միջոցով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ տուգանքների միջոցով այդ հարցը չի լուծվում: 100 հազար, 500 հազար տուգանք էլ լինի, չի լուծվում այդ հարցը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ