Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, ի՞նչ է մոր համար, որ իր էրեխու կանչող ձայնը լսում է ու չի կարում օգնի»

Փետրվար 27,2020 20:40

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները: Տարիներ շարունակ սեւազգեստ մայրերը բողոքի ցույց են անում, պնդում են՝ իրենց երեխաներին բանակում սպանել են, մինչդեռ իրավապահ մարմինները կեղծում ու կոծկում են գործը, այլ ուղղությամբ են տանում. Ոմանց դեպքում իբրեւ դրդել են ինքնասպանության, ոմանց դեպքում էլ՝ ինքնասպանություն: Տարիներ շարունակ այս ծնողները հայտարարում են՝ փաստեր ունենք, մեր զինվորներին սպանել են, բայց գործերն այդպես էլ չեն բացահայտվում: Այս իշխանության օրոք էլ հանձնաժողով ստեղծվեց՝ վարչապետի հանձնարարությամբ, ծնողները կրկին անվստահություն են հայտնում, ասում են՝ հանձնաժողովը իրենց երեխաների գործերով չի զբաղվում:

Ինչպես նախկին ցույցի ժամանակ, այս անգամ էլ սեւազգեստ մայրերի բողոքին միացել էր «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Նա ներկայացրեց խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորի քրեական գործից մի հատված. «Քրեական գործը կարճվելուց հետո տուժող կողմը բողոքարկել է, սպանված զինվորի ծնողը բողոքարկել է, առաջին ատյանը բողոքը բավարարել է, դատախազությունը մտել է ու բողոքարկել է: Ստահակ ու սրիկա են, հանցագործ են էս բոլոր դատախազության աշխատողները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բանակում՝ չբացահայտված պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն այսօր ասաց՝ քննչական կոմիտեում ստեղծված այս նոր հանձնաժողովն իրենց գործերով չի զբաղվում. «Չգիտես ինչու՝ մեր անուններն էլ են ներառել, էդ հանձնաժողովը փուչիկ էր, հանրության աչքին թոզ փչելու համար էր՝ իբր՝ լավ, էս ծնողների բերանն էլ փակենք, թող գնան: Ո՛չ, մեր բերանը չեն կարող փակել: 13 տարի է գոռում եմ՝ իմ երեխային սպանել են թիկնապահների սենյակի մոտ, Հայկազ Բաղմանյանի անունն եմ տալիս, ինչո՞ւ պատասխանատվություն չեն կրում հանցագործները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բանակում կրկին խաղաղ պայմաններում մահացած Լեւոն Թորոսյանի մայրը` Արմենուհի Պողոսյանն էլ հայտարարեց. «Իմ էրեխուն սպանել են հեռախոսով խոսելու ժամանակ, ես իմ էրեխու ձայնը լսել եմ, բայց էս մարդիկ ինքնասպանության հասցնելու հոդվածով են քննում իմ էրեխու գործը: Պարոն վարչապետ, ի՞նչ է մոր համար, որ իր էրեխու կանչող ձայնը լսում է ու չի կարում օգնի: Ամբողջ սեռական օրգանները, ամբողջ մարմինը խոշտանգված»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նինա Կարապետյանցն էլ հայտարարեց՝ անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաեւ հեղափոխությունից հետո, դատախազությունը, քննիչները վստահ են, որ իրենք որեւէ պատասխանատվության չեն ենթարկվելու. «Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան, եւ բանակում այս նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են։ Եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին եւ բացահայտվեր եղած գործերը, նոր զոհեր չէինք ունենա։ Այնպես որ, իշխանությունը նաեւ իր խղճին ունի այս նոր զոհերին»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տուժողի կողքին կանգնած է պետությունը՝ ի դեմս դատախազության, իսկ մեզ մոտ ի շահ տուժողին արվող գործողությունների դեպքում դատախազությունը բողոքարկում է. «Սա անմեղսունակություն ու անբարոյականություն է»:

Կարապետյանցը անվստահություն հայտնեց իրավապահների նկատմամբ, հայտարարեց. «Կգա ժամանակ ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու այլ պաշտոնյաներ «վանեցյան են» անելու»:

Կարապետյանցը պնդեց՝ ոչ միայն զինվորականների գործերով, այլ բոլոր տեսակի գործերով, որոնք անցնում են քննչական մարմիններով եւ, իր խոսքերով ասած՝ դատախազության «թրի տակով», բոլոր գործերով կան կոծկումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավապաշտպանը հիշեցրեց, վարչապետ Փաշինյանի՝ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու դրվագները, ԱԺ-ում հայտնի «քուանշ» անելը, ու դիմեց վարչապետին. «Խնդիր կա, ու շատ մեծ վարկաբեկիչ բան կա մեր իշխանությունների նկատմամբ, որովհետեւ, երբ դու հայտարարում ես՝ խնդիր կա, ու դրան ինքդ լուծում չես տալիս, ավելին՝ թաքնվում ես ոստիկանների թիկունքում ու չես իջնում տեսնելու, հանդիպելու, այդ դեպքում կտրվում են ժողովրդից, իսկ ժողովրդից կտրվողը տեսանք, թե ինչ եղավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829