Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը. ՀՀ ԱԳՆ

Փետրվար 27,2020 21:21

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։

Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:

Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով  իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ Շահումյանի շրջանում, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։

Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։ Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։

Այսօր մենք ոգեկոչում են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829