Տաքսի ծառայության ներկայացուցիչ Նաիրա Վարդանյանն այսօր «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մտահոգություն հայտնեց, որ իրենց բիզնեսը մի քանի խնդիրների պատճառով, լուծարման եզրին է: Նրա խոսքով, « կարմիր գծերի» հետ կապված իրենց հետ պայմանագրերը խզել են մի շարք կազմակերպություններ՝ զուտ կայանատեղի չլինելու պատճառով:
Նաիրա Վարդանյանի երկրորդ հարցը տաքսիների ազատականացման մասին էր: Նրա խոսքով՝ «ով քնից արթնանում է մի հատ օնլայն տաքսի է բացում, իսկ այն կազմակերպությունները, որոնք երկար տարիներ դաշտում են, ներկայումս վնասով են աշխատում», որովհետեւ՝ «ում ձեռքը մի հատ մեքենա է ընկնում՝ մտնում են օնլայն տաքսի՝ որպես վարորդ աշխատելու»:
«Նրանք հարկեր, սոցվճարներ վարորդների համար չեն վճարում, մենք բոլորի համար բարեխիղճ վճարում ենք, հնարավո՞ր է այդ հարցը կարգավորել»,-Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց Նաիրա Վարդանյանը: Փոխնախարարը նույնպես մասնակցում էր
ԲՀԿ խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներին:
Արմեն Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ տաքսիների մասով օրենքի նախագիծ են մշակել եւ ներկայացրել են վարչապետի աշխատակազմ. «Մոտ օրերս տեղի կունենա հանդիպում եւ մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Փոխնախարարի խոսքով, համամիտ չէ այն մտքին, որ «ով քնում՝ արթնանում՝ օնլայն տաքսի է բացում», քանի որ դրանց թիվն այսօր հայտնի է: Հավելեց, որ կառավարության հետ հանդիպումից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ