Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանափակվել է հիվանդատեսների մուտքը Գյումրի բժշկական կենտրոն

Փետրվար 27,2020 18:55

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում սահմանափակել է հիվանդատեսների մուտքը, ընդունարանում էլ, որտեղ հիվանդներին դիմավորում են բժշկական դիմակներ կրող աշխատակիցները, պարտադիր ճշտվում է հիվանդի՝ արտերկրի հետ կապ ունենալ-չունենալը։ Եթե արտերկրից վերադարձած որևէ մեկը շնչառական խնդրով ու բարձր ջերմությամբ դիմի Գյումրի բժշկական կենտրոն, նրա հետազոտությունը կկազմակերպվի մեկուսարանում՝ պահպանելով համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից տրված ցուցումները։

«Հիվանդանոցային ռեժիմն ենք փոխել, սանէպիդ ռեժիմ է դրված, սահմանափակել ենք տեսակցության ժամերը ու հիվանդատեսների քանակը, որ ասենք չփորձեն մի քանի հոգով բարձրանալ հիվանդի մոտ»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չի գրանցվել, նույնիսկ կասկածվող չկա։

«Սովորաբար այս սեզոնին մենք թոքաբորբով ու բրոնխիտով հիվանդացության ավելի շատ դեպքեր ենք ունենում, բայց այս պահին ընդամենը թոքաբորբով հիվանդ 3 հոգի կան, և նրանցից ոչ մեկը չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց տնօրենը։

Գյումրի բժշկական կենտրոնը բժշկական դիմակների պակաս ևս չունի, նախորդ տարիներից պահեստավորել է, անհրաժեշտության դեպքում էլ պատրաստ է օգնել առողջապահական մյուս հիմնարկներին։ Նշենք, որ Գյումրու դեղատներում դեռ Չինաստանի Սիան քաղաքին մարդասիրական օգնություն ուղարկելու ժամանակ արդեն իսկ դիմակների դեֆիցիտ կար։

Տնօրենի հավաստմամբ, բոլոր ցուցումները, որոնք տրվել են համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից ՀՀ առողջապահության նախարարության երեկվա հրավիրած քննարկման ժամանակ, պարտաճանաչորեն կատարվում են․ իրենք ամեն ձևով պատրաստ են հիվանդության դիմակայմանը, եթե անգամ, ըստ Արմեն Իսահակյանի, Աստված չանի որևէ մեկին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխեն Գյումրի բժշկական կենտրոն։

«Ունենք մեկուսարան, որտեղ կպահվեն հիվանդները մինչև նմուշառումներ կվերցվեն ու բժշկական այլ հետազոտություններ կկատարվեն», -ասաց Արմեն Իսահակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արմեն Իսահակյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829