Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանն արձագանքում է ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների բողոքին. «Գիտեմ այդ համակարգում եղած անձանց շատ այլ կուլիսային շահերը»

Փետրվար 27,2020 18:50

Այսօր ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ, նրանք դեմ են այս կենտրոնի լուծարմանն ու Նորքի ինֆեկցիոն կենտրոնի հետ միավորմանը:

Ցույցի մասնակից բժիշկներն ասում էին, որ ՄԻԱՎ-ի հիվանդացության տարածումը զարգացել է վերջին տարիներին, իսկ ՀՀ-ի կենտրոնն, ի տարբերություն տարածաշրջանի նույն կենտրոնների, շատ արագ այդ մարտահրավերներին պատասխանել է. «Մենք ունեցել ենք հաջողություններ, որոնց դեռ չեն կարողանում հասնել շատ-շատ երկրներ տարածաշրջանում, նույնիսկ աշխարհում եւ դա մեր կենտրոնի աշխատանքային մոդելի շնորհիվ է: Պետք է ապացուցել, որ նոր մոդելը կլինի ավելի արդյունավետ, հետո նոր փոխել այս նոր մոդելով: Հաշվարկներ կան, դա գիտություն է: Եվ սա խոսք տալով չէ, պետք է ռիսկերը գնահատել, եւ մշակել ճանապարհային քարտեզ՝ փոփոխությունների համար: Հակառակ դեպքում մենք կունենանք կորուստներ, նոր դեպքեր ե՛ւ նորածինների շրջանում, ե՛ւ դիագնոստիկայի առումով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բժիշկներն ասացին՝ ՄԻԱՎ-ով ապրող գրանցված անձանց թիվը մոտ 2200 է, իսկ հաշվարկային թիվը՝ 3500:

Ցույցի մասնակից բժիշկները հիշեցրեցին կենտրոնի փոխտնօրենին բերման ենթարկելու դեպքը, նշելով՝ դա արդեն սպառնալիքի մեթոդ է, երբ տնօրենի պաշտոնակատարը հաղորդում է տալիս ոստիկանություն ու բերման են ենթարկում,  իսկ փոխտնօրենն անհամաձայնություն էր հայտնել կենտրոնի լուծարման մասին. «Նշում են ինչ-որ բաներ, թե մենք կարող է անձնական շահեր ունենք, կարող է քաղաքական ենք եւ այլն, այն դեպքում, երբ նորանշանակ տնօրենին ներկայացնելու ժամանակ հայտարարեցինք՝ սա քաղաքական պայքար չէ, սա մասնագիտական ոլորտ է եւ մասնագիտական կարծիքի արտահայտում է, եւ անմիջապես դրանից հետո տնօրենի պաշտոնակատարը հարցազրույց է տալիս ու քաղաքականացնում է, սա խայտառակում է, դա մեր կարծիքի, դիրքորոշման խեղաթյուրում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՁԻԱՀ-ի կենտրոնի լուծարման որոշումն ու փոխտնօրենի դեպքը: Թորոսյանը վստահեցրեց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ միջոցառումները միտում ունեն միայն զարգացման եւ ինտեգրմանն ընդհանուր առողջապահական համակարգ եւ որեւէ գործող համակարգ չի փակվելու. «Տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա՝ ավելի մեծ հասանելիությամբ, ավելի որակյալ ծառայություն  մատուցելու համար: Այն, ինչ տեղի է ունենում կենտրոնի կոնկրետ անձանց հետ՝ ես չեմ ուզում մեկնաբանել, եղել է առողջապահության նախարարի հրաման՝ փոխելու տնօրեն, որը բազմիցս հրաժարվել է կատարել կառավարության որոշման պահանջները՝ տրամադրել փաստաթղթեր, իրականացնել կառավարության որոշումը՝ երկու բուժհաստատությունների միավորումն իրականացնել»:

Նախարարը վստահեցրեց՝ մանիպուլյացիաներ են, երբ ասում են միավորմամբ համակարգը կոչնչանա. «Ես ինքս իմ առաջին վճարվող աշխատանքն այս համակարգում ունեցել եմ 2004-2005 թվականներին եւ շատ լավ պատկերացնում եմ  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բոլոր միջոցառումները, այդ թվում գիտեմ այդ համակարգում եղած անձանց շատ այլ կուլիսային շահերը եւ սկսված գործընթացները պետք է հասցնենք ավարտին»:

Թորոսյանի խոսքերով՝ բերման ենթարկելու հիմք է եղել այն, որ նշված պաշտոնյան հրաժարվել է հանձնել հիմնարկի կնիքը. «Ինչը պետք է իրավական հետեւանքներ ունենա, որովհետեւ չի կարող որեւէ մեկի քմհաճույքով որեւէ պետական հիմնարկի կնիք առգրավվի եւ չտրվի օրինական ներկայացուցիչներին: Այս ամենն ինձ մոտ դեժավյու առաջացրեց՝ 2018-ի հուլիսի վերջերին նման միջոցառումներ էին տեղի ունենում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, երբ 30-ամյա տնօրենը հրաժարվում էր զիջել «դիրքերը», կարծես դա իր սեփականությունն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829