Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը՝ վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը. ամփոփվել է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագիրը

Փետրվար 27,2020 18:22

Փետրվարի 27-ին կայացել է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» սոցիալական ծրագրի ամփոփման ու փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումների  վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Ծրագիրն իրականացվում է People in Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ։

Միջոցառումը նպատակ ուներ համախմբել և հարթակ հանդիսանալ պլաստիկի նվազեցման ջատագովների, տոպրակ արտադրողների և սպառող օղակների համար։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, տոպրակ արտադրող ընկերությունների, խանութների, սուպերմարկետների ներկայացուցիչներ և անհատներ։
varduhi dadunc

«Ուրախ ենք համատեղ ջանքերով կյանքի կոչել պլաստիկ տոպրակների օգտագործման կրճատմանն ուղղված «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը»  ծրագիրը և  ներդրում ունենալ Հայաստանի էկոլոգիական միջավայրում դրական փոփոխություններ ներմուծելու գործում: Նախաձեռնության հիմքում ընկած է վարքագծային փոփոխությունը, որը ժամանակ և հետևողականություն է պահանջում․ բացի մեր կազմակերպությունից, այս ընթացքում արշավին միացած յուրաքանչյուր անհատի ներդրումը  նույնպես կարևորում ենք վարքագծային փոփոխություն ունենալու համար։ Ծրագիրն ավարտին է մոտենում, բայց կենսական նշանակության այս հիմնախնդիրը մշտապես մեր ընկերության ուշադրության կենտրոնում է. մեր փորձով ու առաքելությամբ շարունակելու ենք ամեն օր նպաստել պլաստիկից՝ էկո-տոպրակների անցման գործընթացին» – իր խոսքում նշել է People in Need հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ  Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց  Կառավարության կողմից խնդրի լուծմանն ուղղված, ներկայիս կողմից վարվող քաղաքականությունը` նշելով, որ Կառավարության ծրագրով` որպես  շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն  ամրագրված է նաև մեկանգամյա  օգտագործման  պոլիէթիլենային  արտադրանքի  գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։

Միաժամանակ, շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2020թ. հունվարի 24-ին կայացած Կառավարության նիստում հավանության է արժանացել «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը)։

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է նաև  պոլիէթիլենային հումքից արտադրված ապրանքների այլ թիրախային խմբերի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված միջոցառումներ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պլաստիկ շշերի օգտագործման փուլային նվազեցման, այդ թվում՝ դրանց հետ վերադարձման  կանխավճարային (դեպոզիտային) համակարգի ներդրման ուղղությամբ։

«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագրի ղեկավար Քրիստինա Կրիժանովան նշեց, որ ծրագրի տևողության՝ 9 ամիսների ընթացքում կատարվել են տարբեր միջոցառումներ և գովազդային արշավներ Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում. նպատակը՝ վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը ու ձեռք բերել նոր սովորույթ. օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից՝ հնարավորինս հրաժարվելով պլաստիկ տոպրակների կիրառումից:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է նաև հետազոտություն, պարզելու պլաստիկ տոպրակների գործածման խոչընդոտներն ու խթանիչները: Ըստ հետազոտության արդյունքների՝ Սյունիքում գնումներ կատարողներից միայն 7%-ն է խանութ հաճախելիս իր հետ վերցնում բազմակի օգտագործման տոպրակ, արձանագրվել են նաև 22%` պլաստիկ տոպրակների չափից շատ օգտագործման դեպքեր․  նշված դեպքերում տոպրակի օգտագործումը չէր նվազեցնում գնորդի հարմարավետությունը: Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ։

Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով նաև հարցվողների կարծիքը բազմակի օգտագործման տոպրակների դիզայնի վերաբերյալ, պատրաստվել են նաև գրպանի թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար: Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավի մասնակիցները հայտնի դերասաններ են, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:

Պատրաստվել է նաև սոցիալական գովազդ հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու պլաստիկ տոպրակների վնասակարության ու դրանցից հնարավորինս հրաժարվելու մասին։

People in Need ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829