Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը, որը վնասվել էր ջրից դեռեւս նկարչի կենդանության օրոք, վերականգնվել է եւ նրա 140-ամյակի առիթով կներկայացվի արվեստասեր հանրությանը։
Սա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում գտնվող միակ նկարն է այն շրջանից, երբ նկարիչը երկու ամսով ապրել է Կոստանդնուպոլսում։ Ուղիղ 110 տարի առաջ՝ 1910թ փետրվարի վերջին Մարտիրոս Սարյանը մեկնել էր այնտեղ՝ Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացը ուսումնասիրելու նպատակով։
Այս տարի լրանում է գեղանկարչի 140-ամյակը։ Մարտիրոս Սարյանի տուն -թանգարանի տնօրենը, նրա թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց միջոցառումները, որոնք տեղի կունենան փետրվարի 28-ին եւ 29-ին։ Նկարիչը ծնվել է փետրվարի 29-ին։
«Փետրվարի 28-ին, ժամը 12-ին լինելու ենք Սարյանի արձանի մոտ՝ ծաղկադրման, այնտեղից շարժվելու ենք Կոմիտասի անվան պանթեոն, հետո Իսահակյանի գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը»,- ասաց Ռուզան Սարյանը։
Կարդացեք նաև
Միջոցառումներն այս երկու օրով չեն սահմանափակվի։ Մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։
Հաջորդ տարի լրանում է «Ալմաստ» օպերայի հեղինակ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, եւ Ռուզան Սարյանը հույս ունի, որ այդ առիթով կներկայացվի օպերան՝ սարյանական էսքիզներով։
Ի դեպ, երկու տարի առաջ «Ա1+»-ը նկարահանել էր տեսանյութ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: