Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետվություն չներկայացրած ՀԿ-ները կտուգանվեն 50 հազար դրամով, հետո՝ 200 հազար, հետո կարող են լուծարվել. ՊԵԿ պաշտոնյա

Փետրվար 27,2020 17:35

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր մտահոգություններն էր հայտնել, որ ՀԿ-ներին ուզում են դարձնել կառավարելի ու վերահսկել:

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամները փակ հանդիպում էին կազմակերպել ՀԿ-ների հետ՝ քննարկելու ՊԵԿ-ի ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հանդիպումից հետո ՊԵԿ-ի ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանն ասաց, որ նախագիծը ՀԿ-ների հետ միասին են մշակել ու այն էականորեն տարբերվում է նախկին իշխանությունների օրոք մշակված տարբերակից. «Համընդհանուր ընդունելի տարբերակ էր այս տարբերակը, զուտ դրա համար հասել է այստեղ: Թույլ տվեք այդ բնորոշումների հետ չհամաձայնել, որ ՀԿ-ներին վերահսկելու են, այստեղ նման մեխանիզմներ չեմ տեսնում: Ովքեր նման միտք են արտահայտում, ես խնդրել եմ, որ ցույց տան որեւէ մեխանիզմ, որով պետք է ՀԿ-երի նկատմամբ ռեպրեսիվ գործողություններ տեղի ունենան, ես ինքս նման մեխանիզմ չեմ տեսնում եւ նման նպատակ էլ չի եղել նախագծի հիմքում»: Ու թե ինչո՞ւ են ուզում, որ ՀԿ-ները հաշվետվություն տան՝ Ղազարյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք այն կազմակերպությունների մասին, որոնք հնարավորություն ունեն իրենց մասին հայտնելու: Այսօր կան կազմակերպություններ, որոնք նման հնարավորություն չունեն և նրանց գործունեության մասին որեւէ տեղեկատվություն չեն կարողանում հրապարակել: Փաստացի մենք ստեղծում ենք մի հարթակ, որի միջոցով ՀԿ-ները հնարավորություն կունենան իրենց գործունեության մասին հաշվետվություն հրապարակել: Դրանք իրենց մեջ չեն ներառում ֆինանսական տեղեկություններ, դրանք տեղեկատվական բնույթի հաշվետվություններ են, եթե հանրային միջոցներին ֆինանսավորում չկա: Հանրային միջոցներից սնվող ՀԿ-ների, հիմնադրամների համար դա պարտադիր պահանջ է»:

Հարցին՝ եթե ՀԿ-ն մի տող պակաս է ներկայացնում, թերի հաշվետվություն է ներկայացնում կամ ոչ ժամանակին, ի՞նչ պատասխանատվություն է սպասվում՝ Ղազարյանը պատասխանեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն, սահմանված են պատասխանատվության միջոցներ, առաջինը՝ նախազգուշացում եւ ծանուցում մեկամսյա ժամկետում հաշվետվությունները հրապարակելու, իսկ եթե մեկ ամսում չեն հրապարակում՝ կտուգանվեն 50  հազար դրամի չափով, ժամկետ է տրամադրվում շտկելու, եթե դա էլ չեն անում, ապա տուգանքի չափը սահմանվում է 200  հազար դրամ: Հետո, եթե ՀԿ-ները չեն ուղղում իրենց սխալը, արդեն լիազոր մարմինը դիմում է դատարան՝ կազմակերպությունը լուծարելու պահանջով:

Ինչ վերաբերում է Սաքունցի քննադատությանը, որ ՊԵԿ-ը չի փոխվել հեղափոխությունից հետո, նախկին իշխանությունների նախագիծն է նորից դրել սեղանին­­՝ Ղազարյանը պատասխանեց. «Այս նախագիծը, այո, նախորդ իշխանության օրոք է մշակվել, սակայն աշխատանքային խումբ է ստեղծվել այն լրամշակելու համար, կարծում եմ, այդ դիտարկումը վատն է: Կապել նախորդ իշխանության հետ այս նախագիծը սխալ է»: Նա ասաց, որ պատրաստ են նորից լրամշակել նախագիծն ու դարձնել ավելի մատչելի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829