Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրողներից մեկն էլ ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էր: Aravot.am-ը նրա հետ զրուցեց ոչ սպորտային թեմաներով:
-Դուք մասնակցելո՞ւ եք մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավին եւ եթե այո, ո՞ր տարածքներն են ձեզ վստահվել:
-Այո, մասնակցելու եմ: Լինելու եմ հիմնականում Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Սակայն չի բացառվում, որ մի օր գնամ մարզում պտտվեմ, էլի վերադառնամ:
-Քվեարկության կեղծումներ լինելո՞ւ են: Վստա՞հ եք ձեր թիմի վրա:
Կարդացեք նաև
-Չի լինելու: Դա մեր իշխանության օրոք բացառված է: Եթե նման բան կատարվի, ինչը բացառում եմ, դա կլինի ինքնագործունեություն եւ այդ անձը ամենախիստ ձեւով պատժվելու է:
-Հրայր Թովմասյանից ազատվելու համար արժե՞ր հանրաքվե կազմակերպել:
-Հրայր Թովմասյանից ազատվելու հարցը չի: Հարցը Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը բուժելու պրոցես սկսելն է: Մեր ընդհանուր դատական համակարգը պետք է վայելի ժողովրդի բացարձակ վստահությունը, ինչ այսօր բոլորովին հակառակն է:
-Իսկ չե՞ք մտածում, որ ժողովրդի բացարձակ անվստահություն վայելում են նախ եւ առաջ առաջին ատյանի դատարանները, որոնց հետ են շփվում քաղաքացիները: Հետեւաբար, բուժումը պետք չէ՞ր սկսել նախ առաջին ատյանի դատարանից ու այդպես հասնել Սահմանադրական դատարան:
-Ոչ, այդպես չենք մտածում: Սահմանադրական դատարանը դատական համակարգի վիճարկելու ամենաբարձր օղակն է: Եթե ամբողջ օրգանիզմը հիվանդ է եւ առողջացնես ինչ-որ փոքրիկ մաս՝ ինքը նորից հիվանդանալու է:
– Առաջին ատյանը դատական ամբողջ համակարգի առնվազն 80 տոկոսն է ու առողջացումն այդտեղից սկսելն ավելի արդյունավետ չէ՞ր լինի:
-Բայց Սահմանադրական դատարանը ամենաբարձր օղակն է: Ես վստահ եմ՝ եթե սկսեինք առաջին ատյանից, կասեին՝ բա ՍԴ-ն թողած, սկսում եք առաջին ատյանից: Կարծում եմ՝ այս պրոցեսը շատ ճիշտ տեղից է սկսվել եւ կրկնում եմ՝ ընդհանուր դատական համակարգն առողջացնելու պրոցես է: Այստեղ Հրայր Թովմասյանի եւ անձերի հարց չի:
-Սահմանադրական դատարանն ամեն դատական գործով չի զբաղվում, եւ ժողովրդի անվստահությունը, կրկնում եմ, նախ եւ առաջ առաջին ատյանի դատավորներից կարող է լինել: Եթե մեղադրանքը ընտրությունները կեղծելու մեջ է, մասնագետների մի մասն ասում է, որ պետք է լավ գիտենալ ՍԴ-ի գործառույթները՝ հասկանալու համար, որ ՍԴ-ն ընտրություններ կեղծել չի կարող:
-Գործը նաեւ այսպիսի ընթացք է ստացել, որովհետեւ Հրայր Թովմասյանը բացարձակ կեղծիքով է ընտրվել ՍԴ անդամ, հետո՝ նախագահ:
-Իսկ Վահե Գրիգորյանը, որն իրեն հետագայում հռչակեց ՍԴ նախագահ, օրենքո՞վ է ընտրվել ՍԴ դատավոր: Սահմանադրագետների մի ստվար հատված պնդում է, որ ԱԺ-ում առաջին փորձից ՍԴ դատավոր չընտրվելուց հետո՝ նույն մարդու թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու իրավունք չկար: Սակայն ներկայացվեց, ինչը, ասում են, կեղծիք էր, եւ դուք կողմ քվեարկեցիք:
-Դրա համար էլ ոչ թե միայն Հրայր Թովմասյանի հարցն է դրված, այլ՝ ընդհանուր Սահմանադրական դատարանի եւ դատական համակարգի:
-Խոսքը ՍԴ միայն յոթ դատավորի մասին է, եւ Վահե Գրիգորյանը նրանց մեջ չէ:
– Չեմ պնդում: Չեմ կարող մեկնաբանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ