Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Արմենիա» ԲԿ-ից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, բժիշկները կասկածում են, որ հնարավոր է կորոնավիրուս է: Այս առնչությամբ նախարարը վստահեցրեց՝ ՀՀ-ում հաստատված դեպք չունենք, այդ հիվանդը կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել:
Այս օրերին Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների մասին էլ նախարարն ասաց՝ նրանք ավելի վաղ են ժամանել, մինչ սահմանը փակելը: Նախարարը նաեւ ասաց՝ բոլորին, այդ թվում զբոսաշրջային ընկերություններին զգուշացրել են՝ եթե նշաններ նկատեն՝ դիմեն բժշկական հաստատություններ. «Մինչ օրս կատարված 95 թեստերից որեւէ հաստատված դեպք չի եղել»:
Այս շրջանում, երբ Վրաստանում, Իրանում եւ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր եւ մահացության դեպքեր կան, արդյոք վտանգավո՞ր չեն հանրային միջոցառումները, քարոզարշավը, մարդկային կուտակումները, մեր այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց. «Նախ եթե տեսնենք որեւէ հիվանդության ավելի լայն տարածման վտանգ կա՝ թե՛ կոչերով, եւ թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնանք, սակայն այս մասով մենք դեռեւս նման մտահոգություն չունենք»:
Թորոսյանը նաեւ նշեց՝ կորոնավիրուսը հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես գրիպի վիրուսը. «Եվ մենք միշտ էլ ասում ենք՝ եթե կա կասկած գրիպի կամ այլ ռեսպիրատոր վարակի, ցանկալի է, որ այդ անձը փակ տարածքներում չմնա այլ մարդկանց հետ, փակ տարածքներն օդափոխվեն: Բաց տարածքներում նման միջոցառումներն իմաստ չունեն, բաց տարածքներում վիրուսներն արագ ոչնչանում են եւ չեն տարածվում: Հետևաբար` այս պահին ՀՀ-ում հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք չկա եւ խուճապի մատնվելու կարիք էլ չկա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք պատրաստ են բուժհիմնարկները, նախարարն ասաց՝ առողջապահական համակարգը բնականոն գործընթացի մեջ է, բայց ինֆեկցիոն ծառայությունները հավելյալ հրահանգավորվել են, թե ինչպես պետք է աշխատեն, ինչ պետք է անեն այդ հիվանդությունով հիվանդ հայտնաբերելու դեպքում, սկսած՝ ում զանգեն, որտեղ թեստավորում անցնեն, որտեղ պետք է հոսպիտալացվեն. «Եվ քանի որ դա, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:
Նախարարը մանրամասնեց՝ այս վարակով հիվանդների բուժումը կազմակերպվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. «Սպեցիֆիկ բուժում չկա, սիմպտոմատիկ բուժում է եւ կա դեղերի շրջանակ, որոնք կարող են ազդել վարակի վրա: Մեր մասնագետները մեզ հասանելի դեղամիջոցներով պատրաստել են բուժման պրոտոկոլ»:
Կորոնավիրուսը չի համարվում հատուկ վտանգավոր, վարակվում եւ տուժում են այն մարդիկ, որոնք ունեն ծանր հիվանդություններ, եւ օրգանիզմը չի կարողանում պայքարել վարակի դեմ: Նախարարը հորդորեց այս անձանց ավելի զգույշ լինել:
Թորոսյանն անդրադարձավ նաեւ դեղատներում դիմակների պակասին, նա վստահեցրեց՝ դրանք՝ այդ բարակ դիմակները որեւէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, եւ հատկապես բաց տարածքներում կարիք չկա կրել:
Մեր բուժհաստատությունների համար 150 հազար հատ հատուկ պաշտպանիչ դիմակներ են պահեստավորվել, նախարարն ասաց, որ շուտով նաեւ գնում կկատարեն, հնարավոր է տեղում արտադրություն կազմակերպվի:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը օրերս պաշտոնական այցով պետք է մեկնի Վրաստան, գուցե նախարարն արգելի՞, թույլ չտա գնալ, մեր այս հարցին ի պատասխան էլ Թորոսյանն ասաց. «Դժվար թե»:
Կրկին անդրադառնալով Իրանից ժամանած 52 քաղաքացիներին, նախարարը հստակեցրեց՝ նրանք բոլորը հսկողության տակ են այնպես, ինչպես Իտալիայից եկող քաղաքացիները, այս պահին նրանց մեկուսացնելու կարիք չկա. «Բայց եթե տեսնենք կա հաստատված դեպք եւ նրա հետ կապված անձանց շրջանակ, միգուցե նրանց համար որոշվի 14 օրյա կարանտին սահմանել»:
Կանխարգելիչ միջոցառումների մասին էլ Թորոսյանն ասաց՝ բացի ախտանիշները հայտնաբերելուց եւ սահմանային անցակետերում ջերմություն չափելուց, այլ արդյունավետ միջոցառում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ