Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլ նաև երկրի սահմաններից դուրս: Փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուս գրանցվել է աշխարհի 48 երկրներում, հաստատվել է հիվանդության ավելի քան 82 հազար դեպք՝ մեծ մասը Չինաստանում:
Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հայտարարել է, որ այլ երկրներում վիրուսն ավելի արագ է տարածվում, քան Չինաստանում:
Չինաստանի սահմաններից դուրս ամենաշատ թվով հիվանդներ գրանցվել են Հարավային Կորեայում: Ընդհանուր առմամբ, վիրուսի հետևանքով մահացել է 2804 մարդ:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակվածների թիվն ավելացել է 1/3-ով և ներկայում գերազանցում է 450-ը: Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 141-ի: Չնայած դրան՝ իշխանությունները հայտարարել են, որ առայժմ չեն նախատեսում կարանտին սահմանել քաղաքներում:
Կարդացեք նաև
Վերջին երկու օրերին հիվանդության դեպքեր հայտնաբերվել են Ավստրիայում. Խորվաթիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում: Նոր դեպքերի մասին հաղորդել են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:
Միացյալ Նահանգներում արդեն հայտնաբերվել է հիվանդության 60 դեպք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանությունները կկարողանան հաղթահարել վիրուսը
Նշենք, որ Սաուդյան Արաբիան կորոնավիրուսը կանխելու նպատակով ժամանակավորապես արգելել է ուխտագնացների մուտքը Մեքքա:
Սպուտնիկ գործակալության ադրբեջանական գործակալությունն էլ հաղորդում է, որ Ադրբեջանում հոսպիտալացվել է շուրջ 200 մարդ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ