Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ լծակ, որով հնարավոր է ճնշել ՀԿ-ներին, կամ թելադրել ՀԿ-ներին ինչ անել կամ ինչ չանել, ես չեմ տեսնում». Արթուր Հովհաննիսյան

Փետրվար 27,2020 16:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամները փակ հանդիպում էին կազմակերպել ՀԿ-ների հետ՝ քննարկելու ՊԵԿ-ի ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր մտահոգություններն էր հայտնել, որ ՀԿ-ներին ուզում են դարձնել կառավարելի ու վերահսկել:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ Սաքունցի այն հայտարարությունը, թե սա նախկին իշխանությունների նախագիծն է, հեղափոխությունից հետ նորից ՊԵԿ-ը դրել է սեղանին, ճիշտ չէ. «ՊԵԿ-ը լրիվ նոր նախագիծ է ներկայացրել, որն ընդհանրապես կապ չունի նախորդ նախագծի հետ: Որոշ դրույթների առումով միգուցե եւ կապ ունի, որովհետեւ մենք խոսում ենք ՀԿ-ների թափանցիկության մասին ու գործիքակազմը թափանցիկություն ապահովելու պետք է որ նույնը լինի: Բայց եթե մենք խոսում ենք տրամաբանությունից, ես չգիտեմ՝ նախորդ իշխանությունների նպատակն ինչ է եղել, կարող եմ միայն երեւակայել եւ հասկանալ: Այս պահին նախագիծը նրա մասին է, որ ՀՀ-ում կան ՀԿ-ներ, որոնք հաշվետվություն են ներկայացնում, եթե հանրային միջոցներից են ֆինանսավորվում, իսկ երբ հանրային միջոցներից չեն ֆինանսավորվում, որեւէ նմանատիպ հաշվետվություն չեն ներկայացնում: Հիմա ՊԵԿ-ն ասում է, որ բոլորդ պետք է այդ հաշվետվությունները ներկայացնեք»:

Հանդիպման ժամանակ ՀԿ-ներն առաջարկել են, որ կամավոր աշխատողների թիվը հրապարակային չլինի, որովհետեւ չկա նաեւ «Կամավորների մասին» օրենք, կառավարությունը խոստացել է դա քննարկել:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի, անընդունելի է, երբ ՀՀ-ում գործեն այնպիսի ՀԿ-ներ, որոնց ֆինանսական հաշվետվությունները փակ լինեն: Մեր դիտարկմանը, որ ՀԿ-ները չեն ասում փակ գործենք, իրենք ասում են, որ պետությունն արդեն իրենց վերահսկելու գործառույթ է վերցնում՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Որեւէ լծակ, որով հնարավոր է ճնշել ՀԿ-ներին, կամ թելադրել ՀԿ-ներին ինչ անել կամ ինչ չանել, ես չեմ տեսնում: Եթե հաշվետվություն չեն ներկայացնում, պատասխանատվություն է նախատեսվում վարչական՝ 50 հազար դրամ: Եթե սա ճնշում է ՀԿ-ների նկատմամբ, չգիտեմ ինչ պատասխանեմ: Նախորդ հանձնաժողովի նիստում ես առաջարկել եմ փոփոխություն անել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում եւ այս տուգանքի չափը մեծացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829